• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Ռուսաստան-Պակիստան հերթական համագործակցությունը. «ՀԱՊԿ անդամ պետությունները հաշվի չեն առնում Հայաստանի շահերը»

Автор:admin

Апр 10, 2021

Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» և «Արաբական մուսոն»-ը»,-հայտարարել է Լավրովը News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել է Լավրովը, «Մոսկվայի և Իսլամաբադի միջև ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»:

Լավրովի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար. «Այն աճել է 46 տոկոսով և կազմել 790 մլն դոլար»: «Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունը սկսելու համար, որն առաջատար նախագիծ է էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը: Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի էներգետիկական հատվածի և երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,- ասել է նախարարը:

Լավրովը նախօրեին այցով ժամանել էր Պակիստան: Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ պետք է վարի պակիստանցի գործընկերների և բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ՝ հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները իրենց արտաքին քաղաքականության մեջ բացարձակապես հաշվի չեն առնում Հայաստանի շահերը: «Սա այն իրողությունն է, որի մեջ շատ վաղուց գտնվում է Հայաստանը։ Եվ Հայաստանի շահերն ու Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ում այդ առումով որևէ ազդեցություն չունեն այդ պետությունների արտաքին քաղաքականության վրա։ Բազմիցս խոսել ենք այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետություններ Ռուսաստանն ու Ղազախստանը ռազմավարական  նշանակության սպառազինություններ են վաճառել Ադրբեջանին։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ներկայությունը նաև Պակիստանում։ Եվ սա առաջին զորավարժությունը չէ, որ նախատեսվում է  իրականացնել։ Սա այն իրողությունն է, որին Հայաստանում շատերը դեմ են հանդես գալիս, բայց մեր ձայնը լսելի չէ մեծամասնության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ այսպիսի իրավիճակը վտանգում է Հայաստանի շահերը. «Մենք դա տեսնում ենք արդեն տարիներ շարունակ»։

Մեր այն դիտարկմանը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, չի  նայում դաշնակիցներին, Հայաստանն իր ամեն մի քայլը փորձում է համաձայնեցնել Ռուսաստանի հետ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ռուսաստանում կա կարծիք, որ Հայաստանը չունի այլընտրանք և պետք է համակերպվի այդ իրողության հետ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն ունի այլընտրանք, և այդ իրողության հետ համակերպվելու պարտադրանք մենք չունենք։ Մեր ժողովրդի ընտրությունից է կախված՝ անվտանգության համակարգը թողնել Ռուսաստանի՞  վրա, թե՞ փնտրել դրան այլընտրանք՝ եվրոպական պետությունների հետ ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու միջոցով։ Հայաստանի համար Ֆրանսիան է հանդիսանում այն պոտենցիալ գործընկերը, որի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու դեպքում մենք իսկապես կունենանք ավելի արդյունավետ անվտանգության համակարգ և զերծ կմնանք այնպիսի իրավիճակներից, երբ մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամի պետության հետ գտնվում է բարեկամական և գործընկերային հարաբերությունների մեջ»։

Անդրիաս Ղուկասյանը մեջբերեց անցյալ տարի Ֆրանսիայի Սենատի կողմից ընտրված բանաձևը, որտեղ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը կողմ արտահայտվեցին Արցախի Հանրապետության ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը, Ադրբեջանի  Զինված ուժերի դուրսբերմանը 1994 թվականի շփման գծի վրա. «Փաստորեն Ֆրանսիայում ոչ թե մեկ, այլ բոլոր քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնել Հայաստանին ցուցաբերել օժանդակություն։ Սա յուրահատուկ իրավիճակ է, և մեզանից է կախված այս իրողությունը իրացնել ու դարձնել իրականություն՝ ի շահ մեր ժողովրդի»։