• Сб. Июн 19th, 2021

Պուտինը «խոսեց» Նախիջեւանից․ Ալիեւի նյարդային հայտարարությունը

Май 10, 2021

Մայիսի 9-ի կապակցությամբ Շուշին ու Հադրութը վերադարձնելու, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ հայ տարբեր գործիչների հայտարարությունները նյարդայնացրել են Ապշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւին։ Ընդ որում, հետաքրքիր է, որ «ադրբեջանում» հայկական զլմ-ներն արգելափակված են, եւ նա իր հարցազրույցով փաստորեն տիրաժավորել է հայ գործիչների հայտարարությունները ներքին լսարանի համար, ինչն արդեն իսկ մատնում է խուճապային տրամադրությունները։

Հետաքրքիր է, որ այսօր նա հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Ըստ Կրեմլի կայքի՝ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Ըստ ամենայնի, Ալիեւը Պուտինին գանգատվել է Հայաստանից հնչող հայտարարությունների կապակցությամբ, որից հետո էլ հարցազրույցում փաստորեն պատմել է Պուտինի հետ զրույցը։ Նրա հարցազրույցից համենայնդեպս այդպիսի տպավորություն է ստացվում։

Նա հայտարարել է, որ եթե հայերը Շուշիի ու Հադրութի վերաբերյալ խոսքից փորձեն անցնել գործնական քայլերի, Ադրբեջանը կոչնչացնի տեղում, դա ինքնասպանություն կլինի նրանց համար։ Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, կոնֆլիկտը լուծված է, եւ այդ հարցին վերադառնալն անիմաստ է։ Եթե հակամարտությունը լուծված չէ, ինչպիսի՞ն է լինելու լուծումը։ Դա նշանակո՞ւմ է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը կորցրել է ուժը։ Այսինքն ես դա այդպես կարող եմ հասկանալ, ասել է նա, ավելացնելով, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը դե ֆակտո կարգավորման փաստաթուղթ է։ Նա նաեւ ասել է, որ եթե ինչ որ երկրներ ցանկանում են կարգավիճակ տալ Ղարաբաղում ապրող հայերին, թող իրենց երկրներում տեղ ընտրեն հայերի համար։ Այնպես որ, թող մեզ չնյարդայնացնեն, ասել է նա։

Ալիեւն այսօր գտնվում էր Նախիջեւանում, իր խոսքով՝ ստուգելու «Զանգեզուրի միջանցքի վիճակը Օրդուբադի կողմից, արեւմտյան ու արեւելյան Զանգեզուրը Նախիջեւանին ու Թուրքիային կապելու համար»։ Նա ասել է, որ երկաթուղային միջանցքի հարցով Հայաստանի հետ խոսելու բան էլ չկա, քանի որ Հայաստանի երկաթուղին պատկանում է Ռուսաստանին։

Շատ նման է, որ Ալիեւը շարադրել է Պուտինի հետ իր զրույցը, միաժամանակ կրկնելով Պուտինի հայտնի հայտարարությունները ինքնասպանության, կոնֆլիկտի լուծվածության, Մինսկի խմբի եւ այլնի վերաբերյալ։ Ուրիշ ո՞ւմ պետք է գանգատվեր, եթե ոչ նոյեմբերի 10-ի փաստաթղթի երաշխավորին։

Խուճապը դատարկ տեղից չի լինում։ Շուշին, Հադրութը, 1994 թ․ սահմանների վերականգնումը օրախնդիր հարցեր են։ Հայաստանից թույլ ազդակներին Ալիեւի նյարդային արձագանքն ու սպառնալիքները շատ բանի մասին են խոսում։ Պատկերացնել կարելի է նրա վիճակը, երբ լինեն ավելի լուրջ ազդակներ։