• Сб. Июн 19th, 2021

Շատ հետաքրքիր կլինի իմանալ Հայաստանի քաղաքացիների որ տոկոսն է ցանկանում ունենալ անկախ պետություն

Дек 2, 2020

Վարչապետ Փաշինյանը կարող է որպես իր իշխանության երկարաձգման միջոց դիտարկել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միութենական պետության ստեղծման հնարավորությունը: Առայժմ մի կողմ դնենք, թե որքան է այս կարգավիճակը անընդունելի եւ վտանգավոր մեզ համար. չհամեմատվենք Եվրոպայի հետ սահման ունեցող եւ ռուսական գազ Եվրոպա տեղափոխող Բելառուսի հետ: Վստահ եմ նաեւ, որ այդ միությունը որեւէ ձեւով չի ամրապնդի մեր անվտանգությունը: Բայց խոսենք առայժմ այդ խնդրի իրավական կողմի մասին: Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին կետում նշվում է, որ «վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ենթադրում եմ, որ «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետությունը վերպետական կառույց է, եւ եթե իրավաբանները ինչ-որ բարդ սխեմաներ չմոգոնեն, ապա այդ պետությանը միանալու համար պետք է անցկացնել հանրաքվե:Մի խոսքով, եթե նման խնդիր առաջանա, ապա շատ ցանկալի է, որ այն լուծվի հանրաքվեով, ոչ թե վարչապետի քմահաճույքով: Թե չէ մի օր այս կամ որեւէ այլ վարչապետ իր աթոռը պահելու համար կարող է որոշել, որ Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ: Եթե հանրաքվեն արդար անցնի, ապա շատ հետաքրքիր կլինի իմանալ Հայաստանի քաղաքացիների որ տոկոսն է ցանկանում ունենալ անկախ պետություն: Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ մեծամասնությունը քվեարկելու է անկախության օգտին: