• Пт. Июн 25th, 2021

Մինսկում 150 հազար ցուցարար կա. նրանք բարիկադներ են կառուցում

Сен 13, 2020

Մինսկի կենտրոնում շուրջ 150 հազար ցուցարար է հավաքվել, նրանք բողոքում են Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ, ըստ որոնց հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Երթի մասնակիցները միանգամից մի քանի բազմահազարանոց շարասյուներ են կազմել: Գործակալության տվյալներով, ցուցարարների մի մասը սկսել է բարիկադներ կառուցել: Ակտիվիստները ջրով լցված բլոկներ և այլ ինքնաշեն նյութեր են բերել Տիմիրյազևի փողոց և բարիկադներ են կառուցում ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փողոցում երթևեկություն չկա: Երթևեկելի հատվածը լցված է ցուցարարներով

Մինսկում ռազմական բեռնատարների շարասյունով արգելափակված Պոբեդիտելեյ պողոտայով տասնյակ հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի Դրոզդի շրջան, որտեղ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվում, գրում է ՏԱՍՍ-ը:

Բացի ռազմական բեռնատարներից, տարածքում նաև ջրցան մեքենաներ են տեղակայված, այստեղ են նաև ՈՀՆՋ ուժեղացված ջոկատները:

Ըստ Onliner-ի, նախազգուշական կրակոց է հնչել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հնչել է մի քանի կրակոց: Զենքի բնույթի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքում է զենքի օգտագործման փաստը:

Բրեստ քաղաքում անվտանգության ուժերը ջրցան մեքենա են օգտագործել ցուցարարների դեմ: Nexta Live-ը հայտնում է, որ ուժայինները սկսել են արգելափակել փողոցները: Տեսանյութում մարդիկ բղավում են «Ամոթ»: