• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Հերթական հարվածն Ադրբեջանի տնտեսությանը

Автор:admin

Ноя 5, 2020

Նավթի գներն իջնում են, ու դա լինելու է հերթական հարվածն Ադրբեջանի տնտեսությանը։ Տնտեսություն, որը նստած է էներգակիրների վրա։ Ու այդ պոտենցիալն այսօր օգտագործվում է Ղարաբաղի և հայ ժողովրդի դեմ կրկին ագրեսիա իրականացնելու համար։

Համաշխարհային շուկայում վերջին օրերին նավթի գները վերստին անկում են արձանագրում։ Brent տեսակի գինն ընկել է մինչև 36-37 դոլար, WTI-ի դեպքում՝ հասել է 34 դոլարի:

Նավթի գնանկումը կապված է համավարակի հերթական ալիքի հետ։ Դրա հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ են եկել նոր ռիսկեր ու անորոշություններ։

Համավարակի ալիքը մեծացրել է տնտեսության մարտահրավերները։ Թեև դրան բախված երկրները դեռևս ձեռնպահ են մնում կոշտ սահմանափակումներ կիրառելուց, ինչպես նախորդ անգամ, այնուհանդերձ, դրա հավանականությունը շատ բարձր է։ Համավարակի ալիքը գնալով ընդլայնվում է։ Վարակակիրների նոր ռեկորդներ են գրանցվում ամբողջ աշխարհում։

Տնտեսությունը չի կարող զերծ մնալ այս իրավիճակից։ Ու դա, ինչպես նախորդ անգամ, արտահայտվում է առաջին հերթին՝ էներգակիրների շուկայում։ Գներն այստեղ կրկին նվազում են՝ կապված համաշխարհային պահանջարկի կրճատման հետ։

Նավթի գնանկումը հարվածում է նավթարդյունահանող երկրներին։ Տուժում են հատկապես նրանք, որոնց տնտեսությունները թույլ զարգացած են և նստած հիմնականում էներգակիրների վրա։ Բյուջեի հույսը ևս էներգակիրներն են։

Նման երկրները նավթի գնանկումից շատ ավելի շատ են տուժում, քան նրանք, որոնք ունեն դիվերսիֆիկացված տնտեսություն և կարողանում են նավթադոլարների կորուստները փոխհատուցել այլ աղբյուրների հաշվին։

Ադրբեջանը, բնականաբար, դրանց թվում չէ։ Այս երկրի ՀՆԱ-ի գրեթե 40 տոկոսը նստած է նավթարդյունահանման ճյուղի վրա։ Արտահանման 90-91 տոկոսը բաժին է ընկնում նավթին ու գազին։ Անցած տարի Ադրբեջանից արտահանվել է շուրջ 19,5 մլրդ դոլարի ապրանք, որից 17,8 միլիարդը նավթն են ու գազը։

Այս տարի հաստատ արտահանումն ավելի քիչ կլինի։ Տարեսկզբից նավթի գները շատ ավելի ցածր դիրքում են, քան նախորդ տարի։ Պաշտոնական տվյալներով՝ մինչև Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին հերթական պատերազմի սանձազերծումը՝ Ադրբեջանից արտահանման կրճատումը հասել էր 26-27 տոկոսի։ Դրա հիմնական մասը, բնականաբար, նավթն ու գազն էր։

Որքան էլ մի պահ էներգակիրների գները վերսկսեցին բարձրանալ՝ ամռան ամիսներին համավարակի նահանջելուն զուգընթաց, այնուհանդերձ, դա երկար չտևեց։ Համավարակը տարածվում է, ու այն բերել է համաշխարհային շուկայում նավթամթերքների գների հերթական անկման։

Այս պահին Brent տեսակի նավթի գինը՝ 38, WTI-ինը՝ 35 դոլար է։ Բայց ոչ մի հիմք չկա կարծելու, որ առաջիկայում այն չի շարունակի նվազել։ Այնպես, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ գներն իջան մինչև 18-19 դոլարի։

Նավթի գների նվազումը լուրջ հարված է Ադրբեջանի ոչ միայն՝ տնտեսությանը, այլև՝ պետական բյուջեին։ Այստեղից են գոյանում բյուջեի միջոցների մեծ մասը։ Ու երբ գներն իջնում են, բյուջեն սկսում է պարտքեր կուտակել։ Հատկապես որ, այն նավթի շատ ավելի բարձր գնով է հաշվարկված։

Ադրբեջանի բյուջեում դրված է բարելի դիմաց 55 դոլար գինը։ Այնինչ, բացառությամբ տարեսկզբի 2 ամիսների, նավթի նման գին չի եղել համաշխարհային շուկայում։ Նույնիսկ ամռան բարձրացումից հետո՝ գները չհասան 55 դոլարի։ Իսկ այսօր շատ ավելի ցածր են, քան այն գինը, որը դրված է Ադրբեջանի բյուջեի հիմքում։ Տարբերությունը 1 բարելի հաշվով հասնում է առնվազն 17-18 դոլարի։ Բյուջեի ակնկալիքը նավթից այսօր գրեթե 31 տոկոսով պակաս է։ Ու դա ֆինանսական լուրջ կորուստ է այդ երկրի համար։

Մինչ այդ էլ այն հասցրել էր բավական վնասներ կրել։ Տարեսկզբին արձանագրված նավթի գների կտրուկ անկման արդյունքում ընդամենը մեկ եռամսյակում Ադրբեջանը կորցրեց գրեթե 2 մլրդ դոլար։

Բյուջեի կորուստները փոխհատուցելու համար ստիպված եղան դիմել պետական նավթային ընկերությանը։ Միայն տարվա առաջին կեսին «Սոկարի» պահուստային ֆոնդը դատարկվեց շուրջ 6 մլրդ դոլարով։

Հիմա հավանաբար դժվար չէ պատկերացնել, թե մինչև տարեվերջ կորուստներն ինչքանի կհասնեն՝ հատկապես նավթի գների հերթական անկումից հետո։ Պետական նավթային ընկերության պահուստներն անվերջ չեն, դրանք մի օր վերջանալու են։ Եթե այսօր Ադրբեջանը դեռ կարողանում է պահուստային ֆոնդերի հաշվին  ինչ-որ կերպ փակել սեփական բյուջեի հսկայական ճեղքերը, ապա վաղը դա այլևս անհնարին է լինելու։

Անհնարին է լինելու խուսափել նաև հասարակության դժգոհություններից, որոնք գնալով գլուխ են բարձրացնելու՝ կապված սոցիալական լարվածության խորացման հետ։ Պաշտոնական տվյալներով՝ ներմուծումն Ադրբեջան այս տարի գրեթե մեկ երրորդով կրճատվել է։ Մի բան, ինչը երկրում սոցիալական իրավիճակի բնութագրման հիմնական ցուցիչներից մեկն է։ Ներմուծման նվազումը կապված է հասարակության սոցիալական վիճակի վատացման հետ, ինչը նաև Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ու իր դաշնակից Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքներից մեկն է։

Այս պատերազմի պատճառով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում նաև զուտ ֆինանսական կամ արժութային շուկայում։ Ազգային արժույթի արժեզրկում թույլ չտալու համար պետական ռեզերվներից իրականացվում են տարադրամային մեծ ներարկումներ։ Թեև դա էլ չի փրկում. ադրբեջանական մանաթը խիստ ցնցումների մեջ է։ Երբ դադարեն տարադրամային ներարկումները, ինչն անխուսափելի է, այն կհայտնվի անդունդում։ Այնպես, ինչպես թուրքական լիրան է, որը չի դադարում «հիացնել» իր բարձր անկումային տրամադրությամբ։ Այն արդեն հասել է դոլարի դիմաց պատմական հերթական մինիմումին՝ գերազանցելով 8,3 նիշի սահմանը։ Բայց անգամ դրանից հետո պատրաստ չէ կանգ առնել։

Միայն վերջին 1 տարվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 31 տոկոսով։ Սա ոչ այլ ինչ է, քան ֆինանսական կրախի ազդանշան։ Արժեզրկումը կանգնեցնելու համար ծախսվել են տասնյակ-միլիարդավոր դոլարներ, սակայն ապարդյուն։ Սրա պատճառները շատ ավելի խորքային են, քան կարելի է պատկերացնել։ Դրանք բխում են այդ երկրի տնտեսությունից։

Այնպես չէ, որ իրավիճակն ավելի լավ է Ադրբեջանի պարագայում։ Մանաթի արժեզրկումը կանխելու համար այդ երկրի Կենտրոնական բանկը մեծ ծավալի տարադրամային ռեսուրսներ է ծախում։ Դրա արդյունքում առայժմ հաջողվում է թուլացնել մանաթի անկման տեմպը, բայց արդյո՞ք նույնը կարող են անել նաև վաղը։ Նավթի ու գազի խողովակների վրա նստած Ադրբեջանի տնտեսությունն ու ֆինանսական համակարգն այսօր հայտնվել է բարձր ռիսկի գոտում։ Ներդրողների մոտ նավթագազային խողովակների հետ կապված ֆինանսական ակնկալիքները մեկ վայրկյանում կարող են հօդս ցնդել։ Եվ դա շատ կտրուկ ազդեցություն կունենա այդ երկրի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ մյուս բոլոր ոլորտների ու համակարգերի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ