• Пт. Июн 25th, 2021

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ճիշտ այնպես, ինչպես անում է ՆԱՏՕ-ն

Окт 6, 2020

Այսօր պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը հետաձգել է Հայաստանում նախատեսված զորավարժությունները կորոնավիրուսի պատճառաբանությամբ։ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ  մեր տասը օրվա գործողությունները և մեր ռազմական գործողությունները, և մեր կարգավիճակը ՀԱՊԿ-ում աշխարհում, տարածաշրջանում մեզ ստիպում են որոշում կայացնել, կողմնորոշվել՝ ով ենք մենք, ինչ միջավայրում ենք գտնվում, ովքեր են մեր դաշնակիցները, ովքեր են քաղաքական ապատիայում գտնվող երկրները, անտարբերները և ովքեր են մեր մրցակիցները, հակառակորդները, թշնամիները։

«Հիմա ՀԱՊԿ-ը մեզ ժամանակ է տալիս, որպեսզի մենք կողմնորոշվենք և հայտարարենք՝ մենք հասկանո՞ւմ ենք, թե իրենք ով են, և մենք ում հետ գործ ունենք, թե ոչ: Վերջապես ասում են՝ տեսեք, ճանաչեք մեզ, և համ դուք ազատվեք մեզնից, և մենք ազատվենք քեզ նման խորթ, օտար, անցանկալի դաշնակցից, ընդամենը դա է նշանակում, այսինքն՝ նրանք պարտավոր էին մեզ հետ համերաշխության, բարեկամության, կարեկցության, մարտական ընկերոջ դիրքորոշումով հանդես գալ, դա է իրենց գործը, ոչ թե սուտմեռուկ ձևանալը։ Նրանք սպասում են, որ հանցագործություն տեղի ունենա, մենք զոհվենք, և իրենք գան մեզ կարեկցեն, նույնիսկ այդտեղ նրանք ուզում են, որ աշխարհի կողմից կարեկցություն ստանալ, որ մենք զոհվել ենք, այսինքն՝ ՀԱՊԿ-ը մարադյորների կազմակերպություն է Հայաստանի նկատմամբ, սպասում են որ մենք զոհվենք՝ գան կողոպտեն մեր դիակը»,-ասաց Արշակյանը։

Նա նկատեց, որ տասներորդ օրն է, նրանք տասը հայտարարություն պետք է արած լինեին և խիստ սանկցիաների սպառնալիքով ռազմական գործողությունները կասեցրած լինեին որպես դաշնակից. «Որովհետև մեր թշնամին չի թաքցնում իր նպատակը, բացահայտ ձևով հայտարարում են, որ կռվում են Հայաստանի դեմ, որ մեր թշնամին ՀՀ-ն է, ոչ թե Ասկերանի մարզը, կամ Թալիշ գյուղը, իսկ ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության բաղադրիչն է, ուրեմն նա անմիջապես պետք է թշնամու հայտարարության և գործողությունների հետևանքով աշխատեցներ իր զսպող մեխանիզմները: Զսպեր հակառակորդին, ինչը չի անում, որովհետև նա մեր դաշնակիցը չէ, մեր անվտանգությունն  ապահովողը չէ: Իսկ որ Արցախը ՄԱԿ-ում որպես Հայաստան գրանցված չէ, դա իրենց գործը չէ, ՀՀ-ն Արցախի անվտնագության բաղադրիչն է, Արցախի վրա հարձոկվողը հարձակվում է Հայաստանի վրա: Եթե նույնիսկ օվկիանոսի մի կողմից հայտարարվում է, որ Հայաստանը մեր թշնամին է, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի և հայտարարի, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք նրանց անվտանգության երաշխավորն ենք, այսինքն ճիշտ այնպես, ինչպես անում է ՆԱՏՕ-ն»,-ընդգծեց Արշակյանը: