• Сб. Июн 19th, 2021

Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հարցում էլ լարվածություն կարող է առաջանալ. Փաշինյան

Дек 13, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ հատվածով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհի սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր։

Sputnik. Առաջիկայում Հայաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ կապված։ Այս մասին այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ շրջանների մասին համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին, ցավոք, այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Եվ այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը չբացառեց, որ այդ գործընթացի շուրջ ևս առաջիկայում կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

«Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, որի սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և հայկական կողմն առաջիկայում պետք է որոշում կայացնի այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում

Հավելենք, որ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: