• Пт. Июн 25th, 2021

Իլհամ Ալիև. «Ես կգնամ հորս ճանապարհով»

Окт 5, 2020

Ադրբեջանիը նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, թե իր երկիրը մեղավոր չէ այս պատերազմի համար: Պնդում է, թե երեք տասնամյակ տրվել են խոստումներ և չեն կատարվել, ու դա էլ ստիպել է զենքի դիմել:

«Եթե օկուպացված տարածքները վերադարձվեն, խաղաղություն կհաստատվի։ Մենք պետք է իմանանք, թե երբ է կոնկրետ Հայաստանը հեռանալու», – ասել է na TRT թուրքական կայանին տված հարցազրույցում:

Ալիևը նաև պահանջում է կրակի դադարեցման միջազգային երաշխիքներ. – «Հայկական լոբբին մեր երկրի դեմ սև փիար է իրականացնում, զրպարտում է: Նրանք միշտ են գործում Ադրբեջանի դեմ, հարձակվում են, ստեր են տարածում։ Էմանյուել Մակրոնն է երկու անգամ զանգահարել, ես պահանջեցի, որ նա հիմնավորի մեզ ներկայացված մեղադրանքը, նա չկարողացավ»։

Այս դրվագը վստահաբար վերաբերում է ղարաբաղյան պատերազմում սիրիացի վարձկաններին օգտագործելու մասին միջազգային մամուլում հրապարակված տեղեկություններին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրամիության գագաթնաժողովում ասել է, որ ավելի քան 300 իսլամիստներ թուրքերի դրդմամբ և ֆինանսավորմամբ Սիրիայից տեղափոխվել են Գազիանթեփ, որտեղից էլ մեկնել են Ադրբեջան ու միացել երկրի բանակին:

«Դա հաստատված փաստ է, նրանց ինքնությունը հայտնի է, նրանք կապ ունեն «Իսլամական պետություն» կազմակերպության հետ», – ասել է Մակրոնը և ընդգծել, որ այդ նախաձեռնությամբ Անկարան հատել է «կարմիր գիծը», և դա պետք է դատապարվի ՆԱՏՕ-ի կողմից:

TRT -ին հարցազրույց տալուց մեկ օր առաջ Իլհամ Ալիևը պատասխանել է «Ալ Արաբիա» հեռուստակայանի թղթակցի հարցերին և հպարտությամբ բացականչել է. – «Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100-հազարանոց բանակ»:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարն «Ալ Արաբիային» ասել է, թե Մակրոնը պետք է ներողություն խնդրի զրպարտության համար: Ալիևի պահանջի վերաբերյալ Ելիսեյան պալատի արձագանքը դեռ չկա: Իլհամ Ալիևն ընդհանրապես խիստ նեղացկոտ է դարձել և հիմա ներողություն է պահանջում բոլոր նրանցից, ովքեր համարձակվում են քննադատել Բաքվի քաղաքականությունը:

Վերադառնանք թուրքակլան TRT -ին նրա տված նոր հարցազրույցին։ «Հայաստանի վարչապետը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից: Լեռնային Ղարաբաղը և գրավված այլ տարածքներն Ադրբեջանինն են։ Մենք մեղավոր չենք, մենք մեր հողերն ենք պաշտպանում, մենք աչք չունենք հայկական հողի վրա», – ասել է Ալիևը:

Այս առումով հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս հրապարակավ հայտարարել է, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաք Երևանը ստեղծվել է ադրբեջանական տարածքի վրա, թե հայերը եկվորներ են, սեփականաշնորհում են օտարի գյուտերն, իսկ ադրբեջանական պատմամշակութային արժեքները չարամտորեն ոչնչացնում են:

TRT -ին տված հարցազրությում Ալիևը խոսել է նաև Թուրքիայի գործոնի մասին՝ ասելով, թե Անկարան անպայման պետք է ներգրավվի բանակցություններում:

Նշենք, որ Երևանը բացարձակապես անընդունելի է համարում Թուրքիայի միացումը հայ-ադրբեջանական բանակցություններին՝ որևէ ձևաչափով:

Մինչդեռ, Իլհամ Ալիևը շարունակում է ներբողներ ձոնել ավագ եղբորը․ – «Մեր եղբայրությունը Թուրքիայի հետ հավերժ է և անսանսան: Ռեջեփ Էրդողանի խիզախ հայտարարությունները դարձան լուրջ նախազգուշացում շատ երկրների համար»:

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Ադրբեջանի ղեկավարը նկատել է տվել, թե այս պահին Մոսկվայից հասնում են դրական ազդակներ, և կողմնակալություն չի դրսևորվում: Ալիևը հավաստիացրել է, որ բանակցությունների կողմնակից է, թշնամանք հայերի նկատմամբ չունի, և հուսով է, որ երկու ժողովուրդները հակամարտության կարգավորումից հետո կհաշտվեն:

«Ես շարունակելուը եմ հորս վարած քաղաքականությունը», – ասել է Իլհամ Ալիևը