• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

8 մթերք, որոնք նպաստում են նյութափոխանակության ու ճարպերի այրման գործընթացի արագացմանը

Автор:admin

Авг 26, 2020

Ավելորդ քաշը ներկայում բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարի լավագույն միջոցներն են ճիշտ սննդակարգն ու ինտենսիվ մարզումները, սակայն նյութափոխանակության համակարգի դանդաղ աշխատանքի դեպքում անգամ այս միջոցները կարող են բավական չլինել ցանկալի արդյունքին հասնելու համար։ Առհասարակ՝ ինտենսիվ նյութափոխանակությունը քաշի նվազմանը նպաստող գլխավոր գործոններից մեկն է, ինչը նշանակում է, որ նյութափոխանակությունը խթանելը թույլ կտա հասնել ցանկալի արդյունքին անգամ առանց մեծ ջանքեր գործադրելու։

Շատ հաճախ նյութափոխանակության համակարգի աշխատանքն արագացնելու համար մարդիկ կիրառում են հատուկ հավելումներ, սակայն դրանք բավական ագրեսիվ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա և կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են կիրառել բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են, սակայն ոչ պակաս արդյունավետ։ Սննդաբանները հաճախ են շեշտում, որ գոյություն ունեն ճարպերի այրմանը նպաստող ու նյութափոխանակությունը խթանող սննդամթերքի տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի էլ ավելի արդյունավետ դարձնել քաշի նվազմանն ուղղված ջանքերը։ Ավելին՝ որոշ դեպքերում պարզապես սննդամթերքի այս տեսակների գործածությունն անգամ կարող է բավարար լինել որոշակի արդյունքի հասնելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերն այրող ութ մթերք, որոնք հարկավոր է մշտական սննդակարգի մասը դարձնել։ 

Յուղոտ ձկնատեսակներ

Ավելորդ քաշի դեպքում մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել բարձր յուղայնություն ունեցող մթերքից, մինչդեռ յուղոտ ձկները կարող են բացառություն լինել, քանի որ համարվում են ճարպերի այրումը խթանող սննդամթերի լավագույն տեսակներից մեկը։ Այս ձկնատեսակները պարունակում են շատ կարևոր օմեգա ճարպաթթուներ, որոնք դասվում են ենթամաշկային ճարպաշերտերի տարրալուծումը խթանող օգտակար լիպիդների շարքին։ Բացի այդ, այս մթերքը սպիտակուցների հիանալի աղբյուր է, որը հագեցնում է օրգանիզմն ու խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը։

Հավկիթ

Նիհարել ցանկացողները հաճախ խուսափում են այս մթերքից, ինչը պայմանավորված է նրանով, որ հավկիթի դեղնուցը պարունակում է խոլեստերին, որը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը։ Այնուամենայնիվ սա թյուր կարծիք է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդային խոլեստերինն այդքան մեծ ազդեցություն չի ունենում առողջության վրա և չի առաջացնում առողջական խնդիրներ։ Ավելին՝ հայտնի է, որ դեղնուցի մեջ պարունակվող խոլինը պաշտպանում է օրգանիզմն ու կանխում է սրտի հիվանդությունների զարգացումը։

Սուրճ

Կոֆեինը բարձրացնում է աշխատունակությունը և խթանում է նյութափոխանակության ու ճարպերի այրման գործընթացը հավելյալ էներգիա ստանալու համար։ Բացի այդ, այն նաև բարելավում է տրամադրությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճն ըմպել մարզումներից մեկ ժամ առաջ, ինչն էլ ավելի կարագացնի ենթամաշկային ճարպաշերտերի այրման գործընթացը։

Կոկոսյան ընկույզի յուղ

Կոկոսյան ընկույզի յուղը նույնպես ճարպերն այրող հիանալի միջոց է, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։ Այս մթերքն օգնում է խթանել «լավ» խոլեստերինի սինթեզը, մաքրել անոթներն ու տարրալուծել ենթամաշկային ճարպը՝ այդ կերպ նպաստելով քաշի նվազմանը։

Կանաչ թեյ

Այս ըմպելիքի օգտակարության մասին բոլորն են լսել։ Այն պարունակում է բաղադրիչներ, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից ու ծերացման գործընթացներից։ Կանաչ թեյի մեջ պարունակվող կոֆեինն ու կատեխիններն օգնում են խթանել ճարպերի այրման ու քաշի նվազման գործընթացները։ Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է հետևել ճիշտ սննդակարգին ու մարզվել, այլապես միայն թեյ խմելն անարդյունավետ կլինի։

Շիճուկային սպիտակուց

Այս սպիտակուցը նպաստում է մկանների աճին ու միաժամանակ խթանում է ճարպի տարրալուծումը։ Շիշուկային սպիտակուցի ընդունումը ֆիզիկական աշխատանքի հետ համատեղելը թույլ կտա կարճ ժամանակահատվածում հիանալի արդյունքի հասնել։ Բացի այդ, ճարպերն այրող այս մթերքը կարող է ճնշել ախորժակը, հագեցնել ու խթանել նյութափոխանակությունը, ինչն էլ ավելի է արագացնում քաշի նվազման գործընթացը։

Խնձորի քացախ

Ավելորդ քաշի դեմ պայքարի հիանալի միջոց է նաև խնձորի քացախը։ Այս մթերքը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, խթանում է ինսուլինի արտադրությունը շաքարային դիաբետի զարգացման բարձր հավանականության դեպքում, արագացնում է նյութափոխանակությունն ու խթանում է ճարպերի այրման գործընթացը։

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղի կծու համն ապահովող բաղադրիչը՝ կապսաիցինը, նյութափոխանակությունը խթանող հզոր միջոց է։ Այս մթերքը հագեցնում է, ճնշում է ախորժակն ու նվազեցնում է ճարպերի վերածվող կալորիաների քանակը՝ դրանով իսկ օգնելով պայքարել ավելորդ քաշի կուտակման դեմ։ 

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru