• Чт. Июн 24th, 2021

«Արցախը, այո, Հայաստան է և հայերի երկիր, որովհետև բնակչության 80 և ավելի տոկոսը հայեր են եղել, այսօր էլ է այդպես»,- BBC World-ին տված հարցազրույցում 2019-ին Ստեփանակերտի ունեցած իր ելույթի միտքն է կրկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու բացատրել՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղում ապրեն հայեր ու ահաբեկիչների օգնությամբ հարձակվել է Արցախի վրա։

«Ու ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդն ասի՝ լավ, եթե դուք ահաբեկիչներ եք, մենք հրաժարվենք մեր արմատների՞ց։ Չի կարող ուղղակի լինել նման բան»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Լրագրողի պնդմանը, որ Հայաստանը ըստ միջազգային իրավունքի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանը պատասխանել է՝ չկա նման բան. «ՄԱԿ-ի որևէ փաստաթուղթ ու բանաձև չկա, որում նշվում է, որ Հայաստանը օկուպացրել է Արցախը։ Չկա նման բան։ Եթե Ադրբեջանի զինված ուժերը հաջողություն ունենան Արցախում, դա նշանակում է ցեղասպանություն Արցախում ապրող հայերի նկատմամբ»-ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցների ու այս իրավիճակում Ռուսաստանի դերի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանը շեշտել է՝ Ռուսաստանի ղեկավարությունը վստահեցրել է, որ Հայաստանի տարածքին անմիջական սպառնալիք լինելու դեպքում իրենց կմիջամտեն, դրա հիմքում կան համապատասխան անվտանգային պայմանագրեր։