• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

19-ամյա Մարգարը տնեցիների հետ խոսել էր հենց իր մահվան օրը

Автор:admin

Ноя 20, 2020

Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Կրասար համայնքի բնակիչ, 19-ամյա Մարգար Հովհաննիսյանը։

Մարգարը երկու եղբայրներ ունի, նա միջնեկ էր, փոքր եղբայրը վեց ամիս հետո զորակոչվելու է բանակ։ Հերոսը ընդունվել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը, զորակոչվել բանակ․ ծառայել էր մեկ տարի վեց ամիս․ շուտով զորացրվելու էր։ Նրա հորեղբոր դուստրը՝ Լարիսա Հովհաննիսյանն ասաց, որ Մարգարը կենսախինդ, ժպտերես, շփվող երիտասարդ էր։

«Երբեք չէր ընկճվում, միշտ ժպտում էր, ու այդ ժպիտը բոլորի աչքի առաջ է, շփվող էր, մեծ շրջապատ ուներ։ 10 տարեկանից մեքենա էր վարում, հայրը մեխանիզատոր-վարորդ է, բայց չէր սովորեցնում՝ պատճառաբանելով, որ փոքր է, ինչ մեքենա վարել։ Մարգարն ու մեծ եղբայրը, որն այդ ժամանակ 12 տարեկան էր, մեքենա վարել սովորեցին իրենց հորեղբոր՝ իմ հայրիկի շնորհիվ։

Մարգարը ծառայում էր Ստեփանակերտում, կռվի օրերին եղել է Մատաղիսում, նա թեժ մարտերի մասնակից էր։ Թշնամին խոցել էր իր տանկը։

Փոքրուց նկատելի էր նրա հայրենասիրությունը, շատ ընդունակ էր, ժիր, եթե անգամ դասագիրք չբացեր, միևնույնն է՝ գիտելիք ստանում էր․ ուսուցիչների մատուցածով մտապահում էր թեման, շատ էր սիրում իր դասղեկին՝ Սրբուհի Հարությունյանին ու ՆԶՊ-ի ուսուցչին՝ Հենրիկ Խոջոյանին, հենց նրանցից էլ քաղեց հայրենասիրական դասերը։

Վերջին անգամ տնեցիների հետ խոսել է հենց իր մահվան օրը՝ առավոտյան ժամը 11-12-ի մոտ, երեկոյան 17․00-18․00-ի սահմաններում դեպքն արդեն եղել է։ Ինքը երբեք չէր ընկճվում, ինչ էլ լիներ, կասեր՝ ես լավ եմ, ասում էր՝ դուք գիտեք ես ինչ կարգի վարորդ եմ, գիտեք ինչ կարգի ճարպիկ եմ, ինձ հաստատ ոչ մի բան չի լինի․․․», -պատմեց Լարիսա Հովհաննիսյանը։

Լարիսա Հովհաննիսյանը նաև ասաց, որ Մարգարը հավանած աղջիկ ուներ, ասում էր՝ բանակից գամ, տեսնեմ ինչ կլինի։

«Մեր հորաքրոջ տղան, որն ԱԱԾ-ի զորքերում էր ծառայում, ևս նահատակվել էր, մենք իր համար էինք սգում, երբ Մարգարի զոհվելու լուրը ստացանք,  չգիտեինք, որ Մարգարը նրանից առաջ է նահատակվել։

Նրանք  կերտեցին մեր պատմությունը, հերոսի քույր լինելը մեծ պատիվ է, ճիշտ  է՝ կուզենայինք, որ կենդանի հերոսներ լինեին, բայց եթե չկան, անմահացել են, պետք է հպարտանանք, որ հերոսների քույր ենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ (aravot.am)