• Сб. Июн 19th, 2021

Ֆրանսիան միակն է, որ իրերը կոչեց իրենց անունով և մոբիլիզացրեց միջազգային հանրությանը՝ վերջ տալու պատերազմին

Окт 3, 2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դարձյալ կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: Համանախագահները խստորեն դատապարտել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և շփման գծից դուրս Հայաստանի և Ադրբեջանի տարածքների դեմ ռազմական գործողությունները։

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, նշեց, որ Մինսկի խմբի եռանախագահությունը համատեղ իրականացնում է այն մանդատը, որը ունի, ոչ ավելի։

«Համենայն դեպս, այն հայտարարությունները, որ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, պայմանավորված են ընդհանուր մոտեցումներով, որ ունեն այդ երկրները, բայց առանձին վերցած ամեն մեկը իր պատկերացումներն է առաջ տանում այնպես, ինչպես ստացվում է և որքանով գնահատվում են սպառնալիքները»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ սա պայմանավորված է իրենց պայմանավորվածություններով։ Նրա դիտարկմամբ՝ այս պահին Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ միակ պետությունն է, որ իրերը կոչեց իրենց անումով, և բացի այդ, մոբիլիզացրեց միջազգային հանրությանը՝ վերջ տալու պատերազմին։ Այժմ, քաղաքագետի խոսքով, գնում է գործընթաց, պատերազմը շարունակվում է ավելի ուժգնացած, շատ բաներ լուծվելու են մարտի դաշտում, իսկ դիվանագիտությամբ ամրագրվելու են։

«Այսօր մենք ապրում ենք օրեր, որոնք գրվելու են մեր պատմության մեջ և օրեր, որոնք կանխորոշելու են մեր հետագա տասնամյակների պատմությունը»,-ասաց Մեհրաբյանը։