• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Ֆրանսիան կճանաչի՞ Արցախի կարգավիճակը |Փարիզի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը

Автор:admin

Ноя 19, 2020

Մենք դեռ հստակ չգիտենք, թե ԼՂ հարցում ինչ համաձայնագիր են ստորագրել ռուսները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրից ի վեր ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակում են խոսել այդ մասին՝ ակնկալելով պարզաբանումներ ու բացատրություններ թե՛ համաձայնագրի, թե՛ դրանում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այդ ամենը թողնում է Ռուսաստանին ուղղված պարբերական ակնարկի տպավորություն, որ Մոսկվային կասկածում են Թուրքիայի հետ սեպարատ պայմանավորվածության և այդպիսով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը դե ֆակտո խաղից դուրս դնելու մեջ:

Մյուս կողմից՝ եթե կա Ռուսաստանի հանդեպ այդպիսի կասկած, ապա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան առնվազն իրավական առումով ունեն հնարավորություն վերադառնալու խաղ՝ օրակարգ բերելով արցախյան հարցի վերաբերյալ նոր իրողություններ: Ընդ որում, խոսքը հենց իրողությունների, ոչ թե մտքերի ու գաղափարների մասին է, որովհետև Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ի համաձայնագրով արձանագրվել են նոր իրողություններ, ոչ թե նոր ձևաչափ կամ նոր գաղափարներ: Իրողություններ, որ ձևավորվեցին Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով: Ըստ այդմ՝ եթե դրանք չեն բավարարում Նահանգներին ու Փարիզին, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է արվեն դրանք փոխելու ուղղությամբ կոնկրետ քայլեր: Ըստ այդմ՝ ամբողջ հարցը հենց դա է՝ կա՞ այդպիսի քայլերի ցանկություն և մտադրություն, թե՞ հայտարարությունները՝ սպասում են պարզաբանումների, ընդամենը երկիմաստ խաղ են ռուս-թուրքական տիրույթում՝ երկու կողմերի վրա առանձին ազդեցության հաշվարկով: Կամ մեկ կողմի՝ Ռուսաստանի հանդեպ ազդեցության՝ դիտարկելով այն, որ Թուրքիան առնվազն ֆորմալ իմաստով հենց Վաշինգտոնի և Փարիզի կողմում է՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ: Եվ եթե կա Թուրքիայի դերի, նաև նոյեմբերի 9-ի իրողությունների հանդեպ վերապահում, ապա կան այդ առնչությամբ իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ լծակներ, որոնք գործի չեն դրվել պատերազմի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ինչ էլ գործի դրվի, անկասկած պետք է լինի մի սկզբունք՝ չվնասել առավել ևս փխրուն խաղաղությունը: Այդ ամենով հանդերձ՝ իհարկե, ԱՄՆ պետքարտուղարության պարագայում կա մեկ այլ հանգամանք: Ընդհանրապես որքանով է հնարավոր լուրջ գործոն դիտարկել մի վարչակազմի վարքագիծ, որը առնվազն այս պահի դրությամբ ունի ընդամենը երկամսյա կյանք: Ու թեև խոսքը միակ գերտերությունը ներկայացնող վարչակազմի մասին է, այդուհանդերձ խիստ ժամանակավորությունը առաջացնում է հարցեր՝ կապված ներկայիս վարքագծի հեռանկարների լրջության հետ: Դրան զուգահեռ, այդպիսի հնարավորություն ունի Ֆրանսիան, որի սենատում է հայտնվել Արցախի ճանաչման օրինագիծ: Դա կլինի իսկապես նոր իրողություն, եթե ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը կամ առնվազն որևէ միջանկյալ կարգավիճակ, որը թույլ կտա Փարիզին սկսել որակապես այլ աշխատանք Արցախի հետ: Դրա համար, իհարկե, օբյեկտիվ իրողությունների բերումով շատ կարևոր է լինելու կուլիսային աշխատանքը ՌԴ-ի հետ:

Ի վերջո, եթե առկա է ձևաչափի դե ֆակտո փոփոխություն, ապա Փարիզի համար թերևս չկա միջնորդական չեզոքության պահպանման իմաստ: Դրա իմաստն այլևս չկա որևէ կողմի համար: Փոխարենը կարող է առաջանալ ճանաչման իմաստ այն համաձայնագրի շրջանակում, որ կնքել է Ռուսաստանը, քանի որ դրանում ռազմավարական ընդգրկումով Ֆրանսիայի համար թերևս առավել նախընտրելի է հայ-ռուսական, քան թուրք-ադրբեջանական ամուր դիրքը: