• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Օրինակ՝ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- ասաց վարչապետը:

Автор:admin

Ноя 16, 2020

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով  անհետ կորած հայ զինծառայողների թիվը մի քանի հարյուր է: Այս մասին այսօրվա՝ նոյեմբերի 16-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ թիվ վարչապետը չնշեց:

Ըստ նրա՝  հույս կա, որ այս պահին անհետ կորած համարվող զինվորների մի մասը ողջ կգտնվեն: «Մենք հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ,  եթե ոչ՝ առողջ, ապա, գոնե, ողջ:  Օրինակ՝ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, դա տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո:  Վարչապետն անդրադարձավ սգո օր հայտարարելու վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ կողմ է այդ գաղափարին:

Նա նաև կարևոր է համարում այս պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու երաշխիքները:  «Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք  վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով: Իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ: Իհարկե, անպայման պետք է այդ շփումը կառավարության և զոհվածների ընտանիքների մեջ լինի, և լինի շարունակական»,- շեշտեց վարչապետը:

Հաշմանդամություն ստացած զինծառայողների հետագա կյանքի կազմակերպման հարցում, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, ինչպես, օրինակ, մասնագիտական վերապատրաստման հարցում. «Սա մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետւք է դառնա»: