• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Քոչարյանը եթե լիներ, հիմա Հայաստանը չէր լինի. կոռուպցիան կերած կլիներ Հայաստանը | 1in.am

Автор:admin

Дек 5, 2020

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել էր ժողովրդին, որտեղ անդրադարձել էր պատերազմում ձախողման պատճառներին. «Գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր: Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, և այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում»,-ասել է վարչապետը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետը ճիշտ է գնահատել, այո՛, 25 տարի կոռումպացված պետություն է եղել, էլիտան անձնական հարստություն է կուտակել.«Բայց Փաշինյանը հետ բերե՞լ է այդ բոլորը, թե ոչ, ինքը ժողովրդին դա էր խոստացել, որ հետ է բերելու այդ գողունը։ Հիմա խնդիրը հետ բերելն է։ Ժողովուրդը գիտի, համոզված է, որ դա այդպես է, բայց ուզում է տեսնել հետ վերադարձրածը»,-ասաց քաղաքագետը։

Պատերազմի ձախողման պատճառը, նրա գնահատմամբ, Հայաստանում 30 տարում ստեղծված գողապետությունն է. «Բայց հարց՝ հիմա մի՞թե չկա կոռումպացված մարդ, ի՞նչ է փոխվել։ Ես շատ եմ ասել, որ պետք է դիտարկել կոռուպցիան որպես պետական դավաճանություն և երբևէ հաջողություն չի լինի, եթե կոռուպցիան մնա»,-ասաց Շիրինյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած մտքին, թե ինքը եթե լիներ ղեկավար, պատերազմ չէր լինի, Շիրինյանը նկատեց՝ այդ ժամանակ Հայաստանն էլ չէր լինի. «Հայաստան չէր լինի մինչև հիմա, ուզում են հարթակին կանգնել, սրբանալ, չի ստացվի։ Սրանք երկրորդական են։ Հաջորդ ամենակարևոր քայլը կողոպտածը վերադարձնելն է։ ԱԱԾ, դատարանների պարտադրանք, միջազգային համագործակցություն, եթե չեն կարողանում, թող դիմեն Միացյալ Նահանգներին օգնության համար»,-նշեց նա։

Քոչարյանը, Շիրինյանի գնահատմամբ՝ քաղաքականություն  հասկանում է ախպերական միջավայրով.«Թող իրեն չվերագրի ուրիշ բաներ, պատերազմը ռուս-թուրական համագործակցության արդյունքում է սանձազերծվել կորոնավիրուսի օրերին, երբ Միացյալ Նահանգներում խառն էին ընտրություններով։ Եթե նա մնար, ակնհայտ է, Հայաստան չէր մնա, որովհետև կոռուպցիան կերած կլիներ Հայաստանը։ Հին դերակատարները նոր կերպարով են ուզում հանդես գալ, իրենք չեն հաջողի, անցած են, խոսքը հիմա պետք է լինի բանակի և պետության վերաշինության շուրջ, կոռուպցիայի ոչնչացում և գողացածի վերադարձ»։