• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Տարօրինակը հոգևոր առաջնորդների կողմից կոչ անելու համար ընտրված օրն է. Արման Բաբաջանյան

Автор:admin

Дек 8, 2020

«Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել։ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա նշեց, որ տարօրինակը հրաժարականի պահանջը չէ, որն ամբողջությամբ քաղաքական է։ Տարօրինակը հոգևոր առաջնորդների կողմից կոչ անելու համար ընտրված օրն է, այն օրը, երբ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը հրաժարականի վերջնագիր ներկայացրին վարչապետին։

«Կարելի էր այդ հրաժարականը պահանջել կիրակի օրը, նախօրեին, անցյալ շաբաթ օրը կամ վաղը։ Բայց մեր եկեղեցու երկու պետերը որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժարականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին՝ ավելի սրելու իրավիճակը՝ դույզն ինչ չմտածելով դրա հետևանքների մասին։ Իսկ ի՞նչ պետք է աներ եկեղեցին, ի՞նչ պետք է անեին հայրապետները։ Պետք է ոչ թե միանային հրաժարական պահանջողներին կամ դրա հակառակորդներին, այլ հաշտության և համերաշխության օրակարգ պետք է բերեին հրապարակ։ Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ՝ պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները։ Եվ պետք է անհապաղ սկսեր ներհասարակական հաշտեցման գործընթացը։ Եկեղեցին հոկտեմբերի 27-ից հետո, 2004-ից հետո, Մարտի մեկից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց։ Ոչ միայն հրաժարականը չպահանջեց, ավելին, եկեղեցին այդ ժամանակ կանգնեց մեր պետականության ողնաշարը ջախջախող պետական այրերի կողմին»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ այն, որ այս իշխանությունը պետք է հրաժարական տա, երկու կարծիք չի կարող լինել։ Այն, որ դա պետք է լինի օրենքի տառին համապատասխան, ևս անկասկած է։ Այն, որ բոլոր քաղաքական սուբյեկտներին անխտիր պետք է հնարավորություն տրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, դա էլ քննարկման հարց չէ։

«Բայց ընտրություններից առաջ չափազանց կարևոր են մի քանի հիմնարար բարեփոխումներ, որոնք նվազագույնի կհասցնեն որևէ կոռուպցիոն և ապօրինի ազդեցություն ժողովրդի կամարտահայտության վրա։ Այլ խոսքով՝ մինչև ժողովրդավարության անհրաժեշտ պաշտպանության ապահովումը, չի կարելի գնալ համապետական ընտրության։ Ես հասկանում եմ, որ այդ բարեփոխումները թույլ չեն տա հրապարակի ուժերի իրական թեկնածուին սահմանադրական օրինական ճանապարհով իշխանության գալ։ Նրա մեկ անգամ փորձված հույսը հեղաշրջումն է։ Այս խորհրդարանն ընտրած քաղաքացիները որևէ քաղաքական ուժի մանդատ չեն տվել Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար։ Այս խորհրդարանի առաջ նման պահանջ ներկայացնելը ևս հավասարազոր է հեղաշրջման»,- հայտարարեց Բաբաջանյանը։

lragil.am