• Чт. Июн 24th, 2021

Վտանգավոր է. Ադրբեջանցիները մտել են հայերի տարածք․ Վրաստանի իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի

Авг 26, 2020

Օգոստոսի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ադրբեջանցիների միջև։

Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բախումը հրահրել են ադրբեջանցիները։ Թորիա գյուղի բնակիչների խոտհունձի ժամանակ Գարդաբանիից եկած ադրբեջանցի հովիվները ոչխարի հոտ են բերել արածեցնելու՝ խախտելով առկա պայմանավորվածությունը։ Հենզել Մկոյանի խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ արտերը հնձելուց հետո միայն կարող են բերել իրենց հոտը:

«Ադրբեջանցիները մտել են մեր հայերի տարածքը, մեկինը տասը հեկտար է, մյուսինը՝ մեկ հեկտար։ Եվ մեր թորիացիները, որ խաղաղ և բարի մարդիկ են, 16 տարեկան տղային ուղարկել են՝ զգուշացնելու նրանց, որ դա մեր տարածքն է, մինչդեռ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել 16 տարեկան տղային։ Հետո մերոնք 4-5 մեքենայով գնացել են, տեղի է ունեցել ծեծկռտուք»,- ասաց պատգամավորը։

Այս պահին կան 11 բերման ենթարկվածներ, նրանց մեջ կան նաև տուժածներ։ 11-ից երեքը հայեր են։ Ծեծի ենթարկված 16-ամյա տղայի վիճակը բավարար է։

Պատգամավորը նկատեց, որ նախկինում երբևէ նման խնդիրներ չեն ծագել տեղի հայերի և ադրբեջանցիների միջև։ Այս տարի, սակայն, սա երկրորդ բախումն է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Ամբողջ գյուղը երեկ ակցիա արեց. հերիք չէ մեր սեփական տարածքում եկել արածեցնում են, համ էլ մեր տղաներին ծեծել են»,- հավելեց նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջավախեցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց, որ Վրաստանի իշխանությունները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն ջավախահայերի իրավունքների պաշտպանության համար

։«Նախ՝ նման նախադեպ եղավ մոտ 20 օր առաջ Ախալցխայում, երբ ադրբեջանցիները Վրաստանի Կախեթի շրջանում ամռանը գալիս են մեր սարերում արածեցնելու իրենց անասուններին։ Շատ են մոտեցել ախալցխացիների արոտավայրերին, մենք էլ այստեղից ձայն բարձրացրինք, որ հարցը լուծվի։ Սամցխեի նահանգապետը այդ հարցը լուծեց, և հայկական գյուղերի արոտներից հեռացրին իրենց հոտը։ Հիմա Նինոծմինդայի սարերում է տեղի ունեցել, ընդհուպ իրենց ոչխարները մտցրել են խոտհարքերը, արոտ են արել։ Փորձել են մտնել մեր գյուղերի արոտավայրերը, գյուղացիները զգուշացրել են, որ սա մեր տարածքն է, ադրբեջանցիները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, մետաղյա ձողերով հարձակվել են հայերի վրա, սկսվել է ծեծկռտուք»,-ասաց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորն այստեղ հստակ քաղաքական շահագրգռություն է տեսնում։ Նրա խոսքով՝ Ջավախքի վրա Թուրքիան վաղուց է աչք դրել: «Այստեղ ամբողջովին քաղաքականություն է, և նրանք տարաբնույթ ճանապարհներով փորձում են Ջավախքում ներկայություն ապահովել քաղաքական հաշվարկով, և սա իրավամբ վտանգավոր է»,- ասաց նա։

Երեկ ակցիա անող հայերը Վրաստանի իշխանություններից պահանջում էին վճռական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները պաշտպանելու համար։ Թորոսյանի դիտարկմամբ՝ Վրաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել հայերի իրավունքները։

«Սա ցինիկ, իր մեջ վտանգ պարունակող վարքագիծ է, թուրք-ազերիական տանդեմի՝ Ջավախքում իրենց ներկայությունն ապահովելու մի քայլ, ինչը շատ վտանգավոր է, և կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ջավախահայերի իրավունքները պաշտպանելու համար»,- հավելեց Թորոսյանը։