• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Սյունիքից ոչ մի քմ հող չի զիջվել․ Սյունիքի մարզպետի տեղակալ | aravot.am

Автор:admin

Дек 7, 2020

Արդեն մի քանի օր է, ինչ անհանգիստ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի գյուղերում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանցիները սպիտակ դրոշներով մոտենում են սահմանամերձ դիրքերին եւ պահանջում զիջել դրանք՝ մի քանի մետր հետ գնալով։ Շաբաթ օրը Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դիրքերից ոչ մի մետր չեն զիջելու եւ լրատվամիջոցներին խնդրեց չանհանգստացնել իրենց, քանի որ բանակցությունների մեջ են եւ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։

Երկուշաբթի, լրատվամիջոցներով Արավուս գյուղապետ Արգամ Հովսեփյանը հայտարարեց, որ մեկշաբաթյա պայքարից հետո հայկական կողմը 800 մետր հետ է նահանջել, քանի որ «ադրբեջանական կողմը իրենց ագրեսոր է հայտարարել եւ վախեցրել, որ անօդաչու սարքերով կգան ու զինվորներին կվառեն»։

Նշենք, որ սահմանային այդ գոտում Պաշտպանության բանակի զորքի հետ հերթապահում են նաեւ տեղական ինքնապաշտպանական ջոկատի  կամավորները։

Aravot.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանից փորձեց պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում մարզում,  ի՞նչ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում եւ ի՞նչ տարածք է զիջվել հակառակորդին։

«Կիրակի՝ երեկ տեղի է ունեցել սահմանի ճշտում, որին մասնակցել է Արավուսի վարչական շրջանի ղեկավարը եւ N զորամասի հրամանատար գեներալ Պողոսյանը, ինչի արդյունքում եղել է դիրքային փոփոխություն եւ որոշակի տեղաշարժ։ Բայց ՀՀ պետական սահմանից եւ Սյունիքի վարչական տարածքից ոչ մի քառակուսի մետր հող չի զիջվել, դիրքային փոփոխությունը եղել է Լաչինի շրջանի հողերում»,–ասաց  Նարեկ Բաբայանը։

Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո, մինչեւ նոր մարզպետ նշանակվելը, մարզպետի գործառույթը, ըստ գործող կարգի, իրականացնում է ավելի շատ ստաժ ունեցող տեղակալը, որը Նարեկ Բաբայանն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ