• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Սմարթֆոնները կարող են արագացնել ծերացման գործընթացը. հետազոտություն

Автор:admin

Сен 2, 2020

Օրեգոնի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ սմարթֆոնների ու այլ գաջեթների էկրանների արձակած կապույտ լույսի երկարատև ազդեցությունը վնասում է աչքերի ցանցաթաղանթն ու գլխուղեղի բջիջները՝ դրանով իսկ ստիպելով օրգանիզմին ժամանակից շուտ ծերանալ: Հետազոտության արդյունքների մասին զեկույցը հրապարակվել է Science Daily պարբերականում:

Գիտնականները գիտափորձ են անցկացրել սևափոր պտղաճանճերի վրա՝ փորձելով պարզել, թե ինչպես է միջատների օրգանիզմի վրա անդրադառնում կապույտ լուսադիոդային լույսի օրական տասներկուժամյա ազդեցությունը: Գիտափորձի շրջանակներում մասնագետները միջատներին նախ բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինը ենթարկվել է կապույտ լույսի ազդեցությանը, իսկ երկրորդ խմբի միջատները պահվել են մթության մեջ, որից հետո գիտնականները համեմատել են երկու խմբից ստացված արդյունքները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում գաջեթների լույսի ազդեցությանը ենթարկված ճանճերն ավելի քիչ են ապրում: Բացի այդ, նրանց մոտ հայտնաբերվել են նաև աչքերի ցանցաթաղանթի ու գլխուղեղի նեյրոնների վնասվածքներ, ինչպես նաև շարժողական ակտիվության խանգարումներ:

Մասնագետների խոսքով՝ «կապույտ լույսն արագացնում է ծերացման գործընթաց՝ ներգործելով սթրեսի դեմ պաշտպանական ռեակցիայի զարգացման գործընթացին մասնակցող որոշ գեների ակտիվության վրա»: