Ընթանալով դեպի Ստեփանակերտ տանող ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում՝ սովետական հին, ճռճռան մեքենաներով շրջանցում ոլորանները՝ չմտածելով, թե ով է իրենց կողմը գալիս: Տեղ-տեղ, նոսրացող անտառների արանքում տղամարդիկ գերանները բարձում են հին սովետական բեռնատարների մեջ: «Նրանք չեն ուզում թուրքերին ոչինչ թողնել»,- բացատրում է 23-ամյա ուսանող Անդրանիկը: Նրանց տները, որ հրդեհել էին հենց սեփականատերերը, դեռ ծխում են: Ճանապարհին կարող ես տեսնել պատերազմի հետքերը. ավերված կամուրջներ, այրված տներ, ջնջխված, առավել հաճախ՝ անօդաչու թռչող սարքերով, մեքենաներ:
«Մենք պատրաստ չէինք, և Հայաստանը չկարողացավ դիմակայել գերժամանակակից զենքով հագեցած երկու բանակներին»,- ափսոսանքով նշում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ մատնանշելով Երևանի պատասխանատվությունը: Շատերի համար եկել է հաշվետվության ժամը: «Հայաստանը վաճառել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասում է պատգամավորը: «Փաշինյանի կինը եկել էր առաջնագիծ՝ իբր զինվորներին աջակցելու: Նրա հետ եկան ևս 13 հոգի, և նրա խումբը կոչվեց «Էրատո»՝ իբր Տիգրան Մեծի դստեր անունով, որը սահմանները բացել էր հռոմեացիների առջև»: Դավիթ Գալստյանի համար սա շատ խորհրդանշական ու խոսուն է: Գորիսեցի զինծառայող Արմենն ավելի հաշտվող է. «Փաշինյանն ամեն ինչ արեց համապարփակ պատերազմի պայմաններում, որում մենք կարող էինք կորցնել ամեն ինչ, այդ թվում նաև Հայաստանը»:
Մեկ այլ պատգամավորի հետ Դավիթ Գալստյանը մեզ ցույց է տալիս Ստեփանակերտը: Գրեթե ամենուր էին մարտերի հետքերը՝ կոտրված ապակիներ, փամփուշտների հետքեր, ռմբակոծված դպրոցներ և հիվանդանոցներ, և որ ամենակարևորն է՝ սպանված խաղաղ բնակիչներ: Միայն Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով 200 մարդ է զոհվել: Մեր ժամանման պահին փախստականները հավաքվել էին փողոցում և փորձում էին իրենց ուղեբեռով բարձրանալ ավտոբուս. շատերի համար ադրբեջանական սպառնալիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղում մնալու մասին խոսք լինել չի կարող: Այսպիսով, նրանք միանում են 100 000 փախստականների հոսքին, որոնք ուղևորվում են Հայաստան՝ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ երկիր: Երբ հայ բնակիչները հեռանում են Արցախից, Ադրբեջանից նոր բնակիչներ են ժամանում:
«Սա ցեղասպանության շարունակությունն էր»
Նրանց թվում կան սիրիացի վարձկաններ: Շուշիի ճակատամարտին մասնակցած մի հին հայ հրետանավոր ասում է. «Նրանք հարյուրավորներով հարձակվեցին մեզ վրա, նույնիսկ չփորձելով թաքնվել՝ կրակում էին: Հավանաբար, կապտագոնով էին առաջ մղվում, ինչպես Սիրիայում»: Նման պատմությունները շատ են. Գորիսում ծառայող Սարգիսը նկարագրում է «սևազգեստ ահաբեկիչներին, որոնց միայն աչքերն էին երևում»: Մենք հանդիպում ենք հայազգի գեներալ, Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին: Նրա խոսքերով՝ «Էրդողանը դրանց ուղարկում է Արցախ, քանի որ չի ցանկանում, որ մնան Թուրքիայում: Նա դրանց օգտագործում է իր մեծ պանթյուրքական նախագծի համար, որի շրջանակներում հուսով է աստիճանաբար գրավել ամբողջ Արցախը, այնուհետև՝ Հայաստանը: Եվ հետո՝ մի կտոր Եվրոպայից: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարող է դառնալ ձեր ճակատագիրը մոտ ապագայում»:
Գեներալը մեզ ցույց է տալիս սիրիական անունների ցուցակները` հաշվեհամարներով: Այս փաստաթուղթը հայտնաբերվել է սպանված ադրբեջանցի սպայի մոտ, որը գումար է փոխանցել վարձկանների ընտանիքներին յուրաքանչյուր սպանված հայի համար: Իրենց խոսքերը հաստատելու և լրացուցիչ բոնուսներ վաստակելու համար վարձկանները «կտրում էին հայերի գլուխները կամ ականջները»:
Ադրբեջանի կողմից պատերազմի օրենքների լիակատար անտեսումը ցույց տվեց նաև քիմիական զենքի օգտագործումը: Նախկինում անհայտ վնասվածքներով մի քանի տղամարդ բերվել են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ դրանք վերքերով այրվածքներ են, «որոնք քիմիական նյութի հետ շփվելուց հետո շարունակում են այրվել»: Մեր սեփական աչքերով ենք տեսնում նիհարած ու խեղված մարմնի վրա՝ ծածկված կեղտոտ վիրակապերով, սարսափելի վերքերը, որ բժիշկը ցույց է տալիս մեզ: «Իմ ընկերը մահացավ վերքերից: Շատ ցավոտ է»,- սրտաճմլիկ հայացքով պատմում է մեզ ապաքինվող զինվորը: Հաշվի առնելով Ադրբեջանի թվային և տեխնոլոգիական գերազանցությունը՝ դժվար է բացատրել նման զենքի օգտագործման անհրաժեշտությունը, եթե դա չի արվել բացառապես հայերի մեջ սարսափ և տառապանք սերմանելու համար: «Սա դասական պատերազմ չէր, սա ցեղասպանության շարունակությունն էր»,- վստահեցնում են նրանցից շատերը: Նման խոսքերը կարող էին չափազանցված թվալ, եթե չլինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե նա հայերին հալածում է «շների պես». սա հնչում է որպես Ցեղասպանության պատմության տագնապալի արձագանք:
Մոսկվան շահագրգռված չէ թուրքական ազդեցության չափազանց ընդլայնմամբ
Այնուամենայնիվ, պատերազմը կշարունակվի: «Գարնանը կամ մի քանի տարի հետո՝ դա նշանակություն չունի: Այն դեռ կշարունակվի»,- ասում է Արամը` հասարակական կազմակերպություններից մեկի կամավորը, որը պատերազմի ընթացքում պարբերաբար վազվզում էր Արցախի և Հայաստանի միջև նյութատեխնիկական աջակցությունը տեղ հասցնելու համար: Նույն կարծիքին է Գորիսի (քաղաք, որն այժմ առաջնագծում կլինի նոր հակամարտության դեպքում) հայր Հրայրը՝ նշելով, որ Արցախում ռուսների զանգվածային ներկայությունը կարող է փոխել իրավիճակը: Իրոք, որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան շահագրգռված չէ Կովկասի այս տարածաշրջանում թուրքական ազդեցության չափազանց մեծ ընդլայնմամբ: Ապագայի վերաբերյալ լիակատար անորոշությունն այն զգացողությունն է, որը միավորում է ամբողջ երկիրը նման ծանր պարտությունից հետո