• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ռուսաստանի ուղիղ ճակատը Կովկասում

Автор:admin

Окт 28, 2020

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Անվտանգության սպառնալիքը սակայն բոլորովին միակողմանի չէ: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ լարվածությունն ու դիմակայությունը բերել է ՌԴ համար լրջագույն սպառնալիքների, որոնցից մեկին էլ Մոսկվան այս օրերին բախվում է Կովկասում:

Թուրքիան, որն ի դեպ ՆԱՏՕ-ի անդամ է, հաստատվել է Ռուսաստանի համար անվտանգային ռազմա-քաղաքական կենսական գոտում՝ Կովկասում, ապակայունացնելով այն եւ Կովկաս ներկրելով նաեւ ահաբեկիչներ:

Ռուսաստանը Թուրքիայի հետ տարիների գործակցությամբ փորձում էր հարվածել ՆԱՏՕ-ին, բերել դրա կազմաքանդման: Դա չի ստացվել, համենայն դեպս մինչ այժմ, եւ փոխարենը ստացվել է այն, որ Թուրքիան Մոսկվային փորձում է պայման թելադրել արդեն մի ռեգիոնում, որտեղ Մոսկվան համարվում էր միակ պայման թելադրողը, կամ գերակա թելադրողը:Մինչ Մոսկվան փորձում էր տարիներ շարունակ արգելակել ՆԱՏՕ-ի հաստատումը Վրաստանում, ռուս-ադրբեջանական սահմանում ահաբեկիչներով եւ ֆորմալ ռազմական ներկայությամբ հաստատվում է Անկարան: Ընդ որում, այստեղ իրավիճակն անգամ երկդիմի է: Թուրքիան ոչ միայն «անկախ քաղաքականություն վարող» է, ինչպես Վալդայում հավաստիացնում էր ՌԴ նախագահը, այլ մյուս կողմից նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է:

Ռուսաստանն այժմ ավիահարվածներ է հասցնում Իդլիբի թուրքամետ գրոհայինների եւ ահաբեկիչների ճամբարներին, սակայն դա չի լուծում Կովկասի հարցը: Տարվելով Արեւմուտքի հետ դիմակայության բարդույթներով, չբարդույթավորվելով Թուրքիայի հետ սիրախաղով, Ռուսաստանը բաց է թողել Անկարայի կովկասյան ճեղքումը: Այն կասեցնելու հարցում Մոսկվան այժմ ունի երկու հնարավորություն՝ հայկական բանակը, եւ Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածությունը, եթե իհարկե չխանգարեն բարդույթները:

Մոսկվայի համար ուղիղ ճակատը Կովկասում այլեւս Ադրբեջանն է: Ու թեեւ Ռուսաստանը դեռեւս փորձում է գտնել այդ իրողությունից խուսանավելու ուղիներ, դեռեւս փորձում է պահել Ադրբեջանը, այդուհանդերձ այդ խնդիրը ռազմավարական հեռանկարում լուծելու համար թերեւս չի մնացել այժմ Ադրբեջանից հրաժարվելու այլընտրանք: