• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում հնարավորինս պասիվ, ընկճված իշխանություն | lragir.am

Автор:admin

Дек 5, 2020

Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

ՌԴ նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանի քայլը խիզախ որակեց: Կարո՞ղ ենք արձանագրել, որ սրանով Պուտինն իր աջակցությունն է ցուցաբերում Փաշինյանին:

Այստեղ ոչ մի նորություն չկա, քանի որ Ռուսաստանն ավարտել է միայն տեխնիկական մասը իր առաքելության, բայց այդ առաքելությունն ունի նաև քաղաքական բաղադրիչ և դա իրականացնելու համար դեռ մի քանի ամիս պետք կլինի: Բնականաբար, այս փուլում, որպեսզի չհանդիպի որևէ խնդրի, Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում հնարավորինս պասիվ, և նույնիսկ կարող եմ օգտագործել՝ ընկճված իշխանություն, որը սեփական նախաձեռնողականություն հանդես չի բերելու: Անկախ նրանից այդ նախաձենողականությունը ի վնաս կլինի Հայաստանի, թե հօգուտ, ամեն դեպքում Մոսկվային պետք չէ, որ այստեղ որևէ շարժ լինի: Այդ պայմանները, այդ միջավայրը ապահովելու համար Ռուսաստանին ակնհայտորեն ձեռնտու է այն իշխանությունը, այն կառավարությունը, որն ունենք այսօր: Հարցը նույնիսկ այն չէ, թե ով ինչ է ստորագրել և ինչ խիզախություն է ցուցաբերել այն ստորագրելիս, այլ՝ թե ինչ է տեղի ունենում հետո: Իսկ հետոն կառավարության ունակությունն է՝ ինքնուրույն քայլեր ձեռնարկելու և լուծելու այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանը: Դա ենթադրում է արդյունավետ աշխատանք, նախաձեռնողականություն, վստահություն հասարակության կողմից, այդ հասարակությունը մոբիլիզացնելու ցանկություն: Քանի որ նախաձեռնությունը և Հայաստանում, և Արցախում լիովին իր ձեռքն է վերցրել Ռուսաստանը, այդպիսի լրացուցիչ սուբյեկտ, որը հանդես կբերի նախաձեռնողականություն, պետք չէ Մոսկվային: Ես այդտեղ եմ տեսնում այդ հայտարարությունների իմաստը:

Ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, վերջինս էլ ասում է, որ նրանք այդքան վստահության քվե չունեն, որ նման պահանջ դնեն:

Ես կարծում եմ, որ երկուսն էլ ճիշտ են: Եվ վարչապետն է ճիշտ, երբ ասում է, որ ընդդիմությունը չունի վստահություն, և ընդդիմությունն է ճիշտ, երբ ասում է, որ կտրուկ ընկել է վստահության պաշարը, որ ուներ իշխանությունը մինչև պատերազմը: Դա ենթադրում է, որ մեզ այսօր երևի անհրաժեշտ է, որ լուրջ փոփոխություններ լինեն մեր քաղաքական դաշտում և հնարավորինս շատ առողջ, չվարկաբեկված, վստահություն ձեռք բերելու հավակնող նոր քաղաքական ուժեր գան: Դա չի նշանակում, որ լիովին պետք է փոխվեն անձինք, որոնք առավել հայտնի են որպես քաղաքական գործիչներ, բայց ներքաղաքական դաշտի ընդհանուր ճարտարապետությունը պետք է փոխվի: Եթե կան անձինք, որոնք պատրաստ կլինեն գործող կուսակցություններից ձեռք բերել նոր մոտեցումներ, նաև վստահություն, դա միայն դրական կգնահատվի: Բայց դա հեռանկարի հետ կապված խնդիր է, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի առնվազն մի քանի ամիս: Իսկ ավելի օպերատիվ խնդիրն է ունենալ կառավարություն, որն ունի տեսլական, ունի եռանդ, որն այսօր արդեն թեկուզ պրոֆեսիոնալ տեսակետից, չկեղտոտված լինելու տեսակետից կարող է ունենալ վստահություն և իրականացնել պետության անհրաժեշտ գործառույթները: Մենք այդ գործառույթների իրականացման առումով ունենք շատ լուրջ խնդիր, և որքան էլ Պուտինը քաջալերում է եղած կառավարությանը և ուժեղացնում այսօրվա իշխանություններին, չեմ կարծում, որ դա այն աստիճանի է, որ նրանք կարող են լիովին վերականգնել երկրի ու պետության կառավարելիությունը:

Այսօր տեսնո՞ւմ եք մի ուժի, որը կարող է այդ հանձնառությունն իրականացնել: Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող ուժերը չեն նշում այն քայլերը, որոնք անելու են իշխանության գալուց հետո:

Դրա համար էլ ասում եմ, որ այդպիսի ուժերի ձևավորման համար դեռ ժամանակ է պետք լինելու, բայց մեր հասարակության մեջ կարող են լինել անհատներ, որոնք իրենց առաջնահերթությունները տեսնում են ոչ թե քաղաքական պայքարում, այլ կոնկրետ հարցեր լուծելու մեջ և զբաղվելու այն բազմաթիվ խնդիրներով, որոնք ունենք այսօր: Ակնհայտորեն այդպիսի անհատներ կան, և ես արդեն այսօր նույնիսկ ամաչում եմ կրկնել իմ պատկերացումը կառավարության մասին: Մեզ այսօր պետք է չեզոք կառավարություն, դա կարելի է կոչել տեխնիկական կառավարություն, ժամանակավոր կառավարություն, ոնց հարմար է: Բայց մեզ այսօր պետք է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ունենալ կառավարություն, որը զբաղված չի լինելու քաղաքական ինտրիգներով, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելով, այլ զբաղվելու է կոնկրետ գործով: Միայն սա է այն հեռանկարը, որը կարող է մեզ դուրս բերել ներկա իրավիճակից: Ես չեմ կարծում, որ այդպիսի կառավարությունն ինչ-որ ձևով սպառնալիք կներկայացնի նաև Ռուսաստանի ծրագրերին։ Ռուսաստանի գործողությունները Հայաստանում և Արցախում, նաև Հայաստանի սպեցիֆիկ առանձնահատուկ խնդիրների լուծումների հետ զուգակցել կարող է հենց իմ ասած քաղաքականապես չեզոք կառավարությունն անել: Այդ դեպքում իրականանալի կդառնան և Ռուսաստանի շահերն այստեղ, և Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Այնտեղ, որտեղ կլինի այդ շահերի միջև հակասություն, դա ուղղակի պետք է չեղարկվի: Մենք չպետք է թույլ տանք, որ այստեղ որևէ գործընթաց կարող է լինել, որը մեր ազգային շահերին հակոտնյա է:

Ինչպե՞ս եք գնահատում Արցախում նոր նշանակումները, երբ Մանե Թանդիլյանը նշանակվեց սոցապ նախարար, և իր նախկին պաշտոնին վերադարձավ Վիտալի Բալասանյանը, որը շատ խիստ քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին:

Այստեղ մի քանի բան կարելի է արձանագրել. Նախ, Արցախը վերջնականապես դուրս է եկել Հայաստանի պատասխանատվության գոտուց և հայտնվել է Ռուսաստանի պատասխանատվության գոտում, և այն հակասություններն առանձին անձանց հետ, որ ունեն Հայաստանի իշխանությունները, արդեն արդիական չեն, և այլևս այդ պետական գործիչները, քաղաքական գործիչները, որոնց հետ խնդիրներ կան, կարող են զբաղեցնել պաշտոններ Արցախում: Այստեղ Երևանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Երկրորդ, մենք այս վերջին ժամանակներում, երբ տեսանք Արայիկ Հարությունյանին որպես պետական գործիչ, համոզվեցինք, որ նա պատրաստ է ցանկացած գործողության: Դա ակնհայտ դարձավ և Արցախում նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ ինքն իր հիմնական հակառակորդներին առաջարկեց բարձր պետական պաշտոններ, և փոխզիջումների պատրաստակամություն դրսևորեց նաև այսօր, երբ իր մեկ քաղաքական հակառակորդին փոխարինեց մեկ այլ հակառակորդով՝ նույն պաշտոնում: Նկատի ունեմ, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանը փոխարինվեց Վիտալի Բալասանյանով:

Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանին Արցախում նախարար նշանակելուն, ապա սա այլ պատմություն է: Մանե Թանդիլյանն իրեն դրսեւորել է որպես սոցիալական ոլորտի բավականին հմուտ մասնագետ և այդ հարցերով հետևողականորեն զբաղվող անձ: Հենց հաշվի առնելով այն, որ սոցիալական խնդիրներն առաջնայիններից են Արցախում, իր նշանակումը հենց այդպես եմ մեկնաբանում: Մի մարդ, որ կարող է արդյունավետորեն լուծել խնդիրները, դրանից կախված է նաև իշխանության կայունությունը, որովհետև իշխանության նկատմամբ վստահությունը պայմանավորված է լինելու նրանով, թե որքանով արդյունավետ են լուծվում սոցիալական խնդիրները: Ես հույս ունեմ, որ Մանե Թանդիլյանը կկարողանա այդ խնդիրը լուծել: Այսինքն Մանե Թանդիլյանի նշանակումը լրիվ այլ տրամաբանության մեջ է և տարբերվում է Վիտալի Բալասանյանի նշանակման տրամաբանությունից: