• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Պուտինը փորձում է «հավաքել» ՀԱՊԿ-ը

Автор:admin

Ноя 30, 2020

Lragir.am,

«Մեզ համար ընդհանուր մարտահրավերների աճի պայմաններում, ինչպիսին են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և ապօրինի միգրացիան, մեծ նշանակություն ենք տալիս Խորհրդարանական վեհաժողովին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ընդունված փաստաթղթերը ժամանակին վավերացնելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու հարցում»,  ասվում է Պուտինի ուղերձում, որ հղվել է ՀԱՊԿ ԽՎ նստաշրջանի մեկնարկի առիթով:

Միջազգային ահաբեկության մարտահրավերը Ռուսաստանի համար ստացել է նոր բնույթ եւ առավել մոտեցել ՌԴ հարավային սահմանին: Դա տեղի է ունեցել Արցախի դեմ պատերազմի հետեւանքով, որի համար Անկարան Կովկաս է ներկրել հազարավոր զինյալներ մերձավորարեւելյան ահաբեկչական կազմակերպություններից:

Ռուսաստանն Արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի մակարդակով հայտարարել է, որ այդ կապակցությամբ իրենց տվյալները ստույգ են: Բայց կան տեղեկություններ, որ շարունակվում է զինյալների ներկրումը, արդեն նաեւ ընտանիքներով: Նրանք, ըստ տեղեկությունների, կբնակեցվեն Իրանին սահմանակից արցախյան տարածքներում:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ այդ հարցերը գտնվում են Ռուսաստանի զինվորական մասնագետների աչալուրջ դիտարկման ներքո, բայց ամեն ինչ չէ, որ հնարավոր է հանրայնացնել: Թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը, հնարավոր է ենթադրել՝ Ռուսաստանի պլանավորած օպերացիաներից մինչեւ Թուրքիայի հետ որեւէ պայմանավորվածություն:

Զինյալներով լցված գոտին սահմանակից է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն՝ Հայաստանին: Անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հանգամանքը ստանում է առանձնահատուկ իմաստ, եթե հիշենք օրինակ տարիներ առաջ՝ 2014 թվականին Սերժ Սարգսյանի նախատինքը ՀԱՊԿ ղեկավարներին՝ «հեռախոսն անգամ չեք վերցնում զանգահարելու Երեւան, եւ հետաքրքրվելու, թե ինչպիսին է վիճակը»:

ՀԱՊԿ երկրներին բնականաբար չէր հետաքրքրում, թե ինչ մարտահրավեր կա ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին: ՀԱՊԿ անդամները դա թերեւս համարում են Ռուսաստանի գործը: Պուտինը հիմա ասում է, որ խնդիրը բոլորի՞նն է: Մյուս կողմից, պատերազմի օրերին թե ՌԴ-ն, թե ՀԱՊԿ-ը պարբերաբար շեշտում էին, որ պատասխանատու են միայն Հայաստանի սահմանին սպառնալիքի համար, իսկ դրանից այն կողմ միջամտել իրավասու չեն:

Արդյոք Արցախում ՌԴ ռազմական ներկայությունից հետո Մոսկվան փորձում է ընդլայնել ՀԱՊԿ «սահմանները» հակաահաբեկչական գործողությունների հարցում, որի համար անհրաժեշտ է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը: