• Ср. Июн 23rd, 2021

Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության իր լուծումը|Lragir

Ноя 4, 2020

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց և չկարողացավ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համայն հայությունը զարմանում էր, թե ինչու նա չի կամենում ավելի վճռականորեն միջամտել Արցախյան պատերազմին և կանգնեցնել արյունահեղությունը։Բազմաթիվ շահարկումներ եղան Արցախյան հակամարտությանը Պուտինի չմիջամտելու անսպասելի մոտեցման վերաբերյալ, այդ թվում ՝ դավադրության մի քանի տեսություններ, որոնց չարժե անդրադառնալ:Անցյալ շաբաթ արևմտյան մի լրագրողի տված հարցազրույցում Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության կարգավորման իր ծրագրերը:Ահա թե ինչ ասաց Պուտինը․ «Դուք ասում եք, որ Ռուսաստանը միշտ յուրահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Սակայն մենք միշտ յուրահատուկ հարաբերություններ ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և շուրջ 2 միլիոն ադրբեջանցի։ Դրանք միայն այն մարդիկ չեն, որոնք եկել են ժամանակավոր աշխատանքի, այլ նաև նրանք, ովքեր գրեթե մշտապես բնակվում են այստեղ։ Նրանք միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց ընտանիքներին՝ աշխատելով Ռուսաստանում։ Այդ բոլոր մարդիկ բավական կայուն և սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ մարդասիրական մակարդակում` միջանձնային, գործնական, ընտանեկան։ Այդ իսկ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Եվ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում: Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններ կառուցելու յուրաքանչյուր դեպքում կա մի բան, որը տարբերակում է մեր հարաբերությունները մյուս գործընկերոջ հետ:Դե, Հայաստանի հետ դա քրիստոնեությունն է: Բայց շատ սերտ կապեր ունենք նաև Ադրբեջանի հետ այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության գրեթե 15 տոկոսը մահմեդական է: Եվ նույնիսկ այս իմաստով, Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք հաստատ չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը։ Սա երկրորդ մասն է։ Երրորդ մասն այն է, որ այս հակամարտությունն սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել։ Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք համալիր կերպով։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է երկրի կողմից, չի կարող անվերջ շարունակվել։ Երկար տարիների ընթացքում մենք առաջարկում էինք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակները, որպեսզի կայունացնենք իրավիճակը երկարատև պատմական հեռանկարում։

Այժմ մանրամասների մեջ չեմ խորանա։ Բայց հավատացեք, որ դա եղել է լարված աշխատանք՝ ուղղված դիրքորոշումների մոտեցմանը։ Որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ, ու մենք կգտնենք լուծումը։ Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտությունն՝ իր ամենավատ դրսևորմամբ։ Եվ ողբերգություն է, որ մարդիկ են մահանում: Գիտեք, երկու կողմերում էլ շատ կորուստներ կան: Մեր տեղեկություններով, յուրաքանչյուր կողմից ավելի քան երկու հազար զոհ կա: Զոհերի ընդհանուր թիվն արդեն մոտենում է հինգ հազարին: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ: Իսկ Ղարաբաղում, այս կարճ ժամանակահատվածում արդեն մահացել է գրեթե հինգ հազար մարդ: Քանի՞ մարդ է վիրավորվել․․․ Քանի մարդ է տառապում, քանի երեխա․․․ Հետեւաբար, սա մեզ համար հատուկ իրավիճակ է: Այո, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը որպես համանախագահներ, մենք պատասխանատու ենք բանակցային այս գործընթացի կազմակերպման համար: Հասկանալի է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ այս գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են իրավիճակի հանգուցալուծմանը:

Սակայն, ոչ ոք այնպես հետաքրքրված չէ դրանում, ինչպես Ռուսաստանը։ Դա տեղի է ունենում լայն իմաստով մեր ժողովրդի հետ` մեր ընկերների, մեր հարազատների: Հետևաբար, մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը մեզ թույլ կտա վայելել երկու կողմերի վստահությունը և էական դեր խաղալ որպես միջնորդներ այս հակամարտության կարգավորման գործընթացում՝ իրենց դիրքորոշումները մոտեցնելու համար: Ես շատ կցանկանայի, որ այդ փոխզիջումը գտնվեր: Ինչպես գիտեք, ես շատ սերտ կապի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Օրը մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են: Տեղյակ եք, որ երկու երկրների արտգործնախարարները այցելել են մեզ: Նրանք հանդիպեցին Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին: Ես լիահույս եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ միասնաբար և կօգնեն կարգավորմանը: Ակնկալում ենք լավագույնը»:

Ես գրառեցի Պուտինի այս ծավալուն ելույթը՝ առանց որևէ բացթողման, որպեսզի ներկայացնեմ նրա հայտարարության ամբողջ ենթատեքստը:

Ակնհայտորեն, հայերը գոհ չեն, որ նախագահ Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունները հավասարեցնում է Ադրբեջանի հետ եղածին։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ փոխադարձ պաշտպանական պայմանագրով և իր տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանով: Մյուս կողմից, Ադրբեջանը Թուրքիայի խամաճիկն է և բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը խաթարելու համար, ինչպիսիք են ադրբեջանական գազն ու նավթամուղերը, որոնք նվազեցնում են Եվրոպայում ռուսական նավթի կարիքը:

Ավելին, Թուրքիայի զինված ուժերի ներգրավումը Ադրբեջանի տարածքում, որը հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության գոտու մի մասը, վնասում է Ռուսաստանի շահերին: Էլ ավելի տագնապալի է Թուրքիայի կողմից սիրիացի ահաբեկիչների հավաքագրումը և նրանց տեղափոխումը Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար: Սա ակնհայտ վտանգ է Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Պուտինը չնշեց այդ ահաբեկիչների նողկալի դերակատարության մասին:

Ռուսաստանի կառավարությունը հստակեցրեց, որ Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը գործում է միայն Հայաստանի Հանրապետության վրա օտարերկրյա հարձակման դեպքում, որը բացառում է Արցախի տարածքը, չնայած որ մի քանի հրթիռային հարձակում է եղել հենց Հայաստանի տարածքի վրա։

Մյուս կողմից, Ռուսաստանը այլ շահեր ունի Թուրքիայի հետ, որոնք նա հաշվի է առնում: Դրանք են․

– Վերջին տարիներին Ռուսաստանի փորձերը իր կողմ թեքել Թուրքիային և նրան հեռացնել ՆԱՏՕ-ից:

– Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմամիլիարդ դոլարների հասնող առևտուրը, ներառյալ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների գնումը և Թուրքիայում ռուսական ատոմակայանի կառուցումը:

– Ռուսաստանի դժկամությունը պատերազմ սկսել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ՝ Արցախը պաշտպանելու համար:

– Ռուսաստանը և Թուրքիան շահերի բախում ունեն Սիրիայում և Լիբիայում, որտեղ անհաշտ փոխըմբռնման են հասնել: Արցախյան հակամարտությունը լրացուցիչ ճնշում կգործադրի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, եթե Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Արցախյան պատերազմում:

Առավել կարևոր է, ինչպես Պուտինն ասաց իր վերոհիշյալ հայտարարությունում. «մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է երկրի կողմից, չի կարող անվերջ շարունակվել»։ Այլ կերպ ասած, Պուտինը ակնարկում է, որ ինքը պատրաստ է ընդունել, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերագրավում է Արցախը շրջապատող յոթ շրջանները, ապա բանակցում է Արցախի վերջնական կարգավիճակի կարգավորման շուրջ: Սա միանգամայն անընդունելի է Հայաստանի և Արցախի համար: Անհրաժեշտ է հակազդել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողություններին, որպեսզի նրանց թույլ չտրվի ստեղծել նոր իրողություններ, որոնք կթուլացնեն Հայաստանի բանակցային դիրքերը։ Ավելին, Արցախը շրջապատող տարածքների՝ բուֆերային գոտու կորուստն ավելի կսպառնա Արցախի գոյությանը:

Էլ ավելի տագնապալի է Պուտինի հայտարարությունը, որ «շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և մի շարք եվրոպական պետություններ», պետք է միասնաբար աշխատեն համաձայնություն գտնելու համար: Հայաստանն ու Արցախը պետք է կտրականապես մերժեն Թուրքիայի ներգրավվածությունը: Ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրող Թուրքիան չեզոք միջնորդ համարվել:

Հայերը որոշ չափով հանգստացան, երբ վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերահաստատեցին Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից ցանկացած հարձակումից:

Առջևում դժվար օրեր են սպասվում Հայաստանին և Արցախին՝ իրենց ճակատագրի դեմ ամբողջովին միայնակ մնացած։ Միայն վճռական պաշտպանությունն է Արցախի հայ բնակչության փրկությունը։