• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Պարտքի ոդիսականը |168.am

Автор:admin

Ноя 22, 2020

Սպասվում է, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը կմոտենա համախառն ներքին արդյունքի 69 տոկոսին։ Կավելանա նաև կառավարության պարտքը։ 2021թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներով՝ այն կհասնի ՀՆԱ 65 տոկոսին, ինչը 5 տոկոսային կետով գերազանցում է օրենսդրորեն սահմանված «կարմիր գիծը»։

Հաջորդ տարվա համար ակնկալվում է, որ կառավարության պարտքը ՀՆԱ նկատմամբ մի փոքր կնվազի, բայց կշարունակի բարձր մնալ 60 տոկոսից։ Այն կտատանվի 63,2 տոկոսի սահմաններում։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 7 մլրդ 976 մլն դոլար է։ Եթե իրականանա կառավարության կանխատեսումը, ապա մինչև տարվա վերջ այն կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Այսինքն՝ պարտքը կհամալրվի ևս 874 մլն դոլարով։

Համեմատության համար ասենք, որ նախորդ տարվա վերջին պետական պարտքը 7 մլրդ 321 մլն դոլար էր։ Կանխատեսումների իրականացման դեպքում, այս տարի այն կավելանա 1 մլրդ 529 մլն դոլարով կամ ավելի քան 20 տոկոսով։Սա այլ կերպ, քան պարտքի կտրուկ ավելացում, դժվար է համարել։ Պարտքի նման թռիչքը պայմանավորված է համավարակից հետո տնտեսության մեջ ի հայտ եկած խնդիրների ու տնտեսական անկման հետևանքով պետական բյուջեի եկամուտներում առաջացած բավական մեծ ճեղքվածքով։ Այն փակելու և նախատեսված բյուջետային ծախսերը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ստիպված եղավ գնալ դեֆիցիտի ավելացման ճանապարհով։ Մի բան, ինչն էլ հանգեցրեց պետական պարտքի ակտիվ համալրման։ Թերևս, պատահական չէ, որ պարտքի սպասվող աճը լինելու է հիմնականում կառավարության պարտավորությունների գծով։

Կանխատեսվում է, որ մինչև տարվա վերջին կառավարության բաժին պարտքը, որը նստած է պետական բյուջեի վրա, կհասնի 8 մլրդ 325 մլն դոլարի։ Անցած տարվա վերջին այն 6 մլրդ 832 միլիոն էր։ Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում այն կավելանա շուրջ 1,5 մլրդ դոլարով։

Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով՝ կառավարության արտաքին ու ներքին պարտքը նոյեմբերի 1-ի դրությամբ շուրջ 7,5 մլրդ դոլար է։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այն պետք է ավելանա ևս 826 միլիոնով։

Պետական պարտքի համալրումը տեղի կունենա՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին միջոցների հաշվին։ Սպասվում է, որ այս տարվա վերջին արտաքին պարտքը կհասնի 6 մլրդ 734 մլն դոլարի, ինչը 949 միլիոնով կգերազանցի նախորդ տարվա վերջի մակարդակը։ Ներքին պարտքն այդ ընթացքում կավելանա 579 մլն դոլարով՝ կազմելով 2 մլրդ 116 միլիոն։

Թեև սպասվում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի համալրում, այնուհանդերձ, վերջինիս աճը շատ ավելի ակտիվ կլինի։ Կանխատեսումների իրականացման դեպքում՝ ներքին պարտքը կավելանա 37-38 տոկոսով։

Սա նշանակում է, որ ի հայտ եկած բյուջետային խնդիրները լուծելու գործում կառավարությունը նախապատվությունը տալիս է, առաջին հերթին, ներքին միջոցներին։ Թեև դա նաև հարկադրված քայլ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասցրել ենք գերազանցել պարտքի ներգրավման սահմանափակումները, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտաքին աղբյուրներից գումարների ներգրավման առումով։ Այս պայմաններում ներքին միջոցները կարող են փրկություն լինել, չնայած դրանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Ներքին շուկայում ազատ միջոցներ, անշուշտ, կան, բայց դրանք պետական բյուջե ուղղելը նվազեցնում է տնտեսության ֆինանսավորման հնարավորությունները։

Այդ միջոցները ձեռնտու են այնքանով, որ դրանց սպասարկումը չի պարունակում փոխարժեքի փոփոխության ռիսկ, և դրանք վերադառնում են ներքին տնտեսություն։ Բայց մյուս կողմից՝ պետական պարտատոմսերի թողարկման հաշվին ներգրավվող գումարները թանկ փողեր են պետական բյուջեի համար։ Ուստի դրանց սպասարկումը ծանր է նստում բյուջեի վրա։

Ամեն դեպքում այս պահին պարտքի ներգրավման հնարավորությունները շատ չեն, ու դա ինչ-որ առումով նաև հարկադրված քայլ է

Ներքին միջոցների ներգրավումը հաջորդ տարվա համար ևս շարունակելու է լինել նախընտրելի։ 2021թ. պետական բյուջեի նախագծի ուղերձով կառավարությունը կանխատեսել է, որ կավելանա բացառապես ներքին պարտքը։ Տարվա ընթացքում այն կհամալրվի ևս 430 մլն դոլարով՝ գերազանցելով 2,5 միլիարդը։ Փոխարենը՝ արտաքին պարտքը կնվազի՝ այս տարվա վերջի 6 մլրդ 734 միլիոնից դառնալով 6 մլրդ 669 մլն դոլար։

Սպասվում է, որ հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կշարունակի ավելանալ։ Բայց աճի տեմպը կդանդաղի։ Կառավարության կանխատեսումներով՝ 2021թ. վերջին պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի սահմանը։

Հաջորդ տարի այն կավելանա 365 մլն դոլարով՝ կազմելով 9 մլրդ 215 միլիոն։

Այդ ցուցանիշով պետական պարտքը համարժեք կլինի ՀՆԱ 66,8 տոկոսին՝ այս տարվա համեմատ նվազելով 2,2 տոկոսային կետով։ Թեև անվանական արտահայտությամբ պարտքը կշարունակի ավելանալ։

Այն, ինչ կանխատեսվում է պետական պարտքի ոլորտում, անշուշտ, մտահոգիչ է։ Սպասվում է պարտքի բավական կտրուկ աճ, ինչպես նաև պարտքի ցուցանիշների վատթարացում՝ պայմանավորված մի կողմից՝ լրացուցիչ բավական մեծ միջոցների ներգրավմամբ, մյուս կողմից՝ տնտեսական անկմամբ։

Այս տարի Հայաստանում սպասվում է 7 տոկոսին մոտ ՀՆԱ նվազում, ինչը, ուզած թե չուզած, բերելու է պարտք-ՀՆԱ հարաբերակցության վատացման։ Եթե նույնիսկ նոր պարտք չներգրավվեր, միևնույն է, միայն ՀՆԱ նվազումը բավական էր պարտքի ցուցանիշների շեղման համար։

Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը տնտեսական աճի միջոցով՝ պարտքի բարելավումն է։ Հայաստանը վերջին տասնամյակում միշտ էլ ունեցել է պարտքի ավելացմանը համարժեք տնտեսական աճի ապահովման դժվարություններ, ինչն էլ հանգեցրել է պարտքի բեռի ծանրացման։ Խնդիրը ոչ այնքան՝ պարտքի մեծության, որքան՝ ներգրավվող միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման, տնտեսության զարգացումներին ծառայեցնելու մեջ է։ Եթե այդ գումարներն ուղղվեն տնտեսական աճի համար խթանների ստեղծմանը և ՀՆԱ ավելացմանը, ապա պարտքի աճն այնքան էլ սարսափելի չի լինի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ