• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Պատրաստ եմ հայտարարել, որ մարդասպան եմ

Автор:admin

Ноя 2, 2020

Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախի պատերազմի մեկ ամիսը լրանալու և իր ապրումների մասին:

«Մեկ ամսում մեռավ իմ մեջ ապրող հումանիստը։ Գիտեմ` շատերն են այս օրերին իրենց բռնել սեփական սառնարյունության ու վրեժխնդրության վրա:

Մեկ ամիս առաջ ես ամբողջ սրտով հավատում էի, որ այս դարում ուղղակի տարօրինակ է բանակ ունենալը, որովհետև բանակ գնում են` մարդ սպանելու, իսկ մարդ սպանելն ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Այսօր ես պատրաստ եմ հայտարարել, որ մարդասպան եմ, քանի որ ուղեղումս արդեն տվել եմ այդ համաձայնությունն ինքս ինձ։

Դպրոցում ինձ համար «Հայոց պատմությունն» ու «Համաշխարհային պատմությունը» առաձնապես ոչ մի տարբերություն չունեին, երկուսն էլ առարկա էին, որ պետք էր սովորել, ձանձրանալ, գնահատական ստանալ, պրծնել էդ դարդից ու անցնել հավես բաներին։

Ֆիդայիներն ու հայդուկներն ինչ-որ պաթոսի տերմիններ էին թվում, երբ որ դպրոցական էի։ Ես մինչև վերջերս ոչնչով չէի տարբերվում մի ուրիշ երկրում ապրող իմ տարեկից աղջկանից, մեր դարդերը նույնն էին, մեր հետաքրքրությունները շատ նման էին, ու ես երբեք էլ չեմ գիտակցել, որ ես հայ եմ, ու դա, որքան էլ անընդունելի թվա, շատերիս իրականությունն էր, գոնե իմ սերնդակիցների, ովքեր պատերազմի մասին կամ գիտեին հոլիվուդյան ֆիլմերից, կամ լսել էին մերոնցից, ու թվում էր, 

թե էդ պատմություններն էլ էին հոլիվուդյան ֆիլմերից։

Մեզ մեկ ամիս էր պետք, կամ ավելի քիչ հասկանալու համար, որ մենք առանձին ճակատագրով մարդիկ ենք, առանձին ԴՆԹ-ով մարդիկ։ Մեզ մի ակնթարթ էր պետք` հասկանալու, որ մեր պատմությունը մեր արյան մեջ երբեք էլ չի մեռել, որ ինչքան էլ մեզ թվա, թե վրացուհի թինեյջերը մեզանից չի տարբերվում, մենք իր կողքին միշտ զգում ենք ինչ-որ մի դաջվածք, ինչ-որ մի անազատություն,  ինչ-որ մի քայլ ետ։ Ցեղասպանության հիշողությունը դեռ կա մեր ուղեղում և կա ֆիդայիների վրեժխնդրությունը մեր սկզբունքներում։ Մեր երեխաներն էլ են ծնվելուցեղասպանվածի բարդույթներով, ազգային ցածր ինքնագնահատականով, պուծինի հույսով, բայց ես հավատում եմ, որ այսօր հաղթելու ենք ու մաքրենք այդ դաջվածքը, ես հավատում եմ, որ հաղթելու համար պետք է մեկ վայրկյան ուղղակի ներս նայել ու ապրել ինքնաճանաչողության այդ կարևոր վայրկյանը։ Գիտակցել, որ աշխարհում ոչ մեկ, ուրիշ ոչ մի մարդ չի զգում այն, ինչ մենք հիմա, ոչ մի ուրիշ մարդ չի հավատալու մեր պատմությանն ու արդարացիությանը: Աշխարհում մյուս բոլոր մարդկանց համար մենք հերթական մի երկիրն ենք, որտեղ պատերազմ է ու ոչնչով չենք տարբերվում մեր թշնամիներից։ Հիմա պետք է հաղթել մեր ներսում ապրող այն փոքրին, ով պատմության դասագրքերում կարդացել է իր անցյալն ու չի ուզել հավատալ դրան, ժխտել է դա ու անցել առաջ։ Պետք է ընդունել, որ դա է մեր ինքնությունը, որն աշխարհի համար

առանձնապես մի մեծ բան էլ չէ։

Ես ինքս չեմ ուզում այլևս ապացուցել աշխարհին, որ ճիշտ եմ, չեմ ուզում ապացուցել, որ մեզ սպանել են հարյուր տարի առաջ ու հիմա, չեմ ուզում խնդրել աշխարհից ոչինչ։

Ես հիմա հավատում եմ միայն իմ հարազատներին, ովքեր հիմա այնտեղ են, ովքեր հիմա նոր պատմություն են գրում դասագրքերի համար, նոր փոքրերի համար, ովքեր կարդալու են ու մեծանան ավելի ինքնավստահ ու անվախ, այն օրերի համար, որոնք մենք ապրելու ենք ավելի գիտակցված` ավելի գնահատելով ամեն մի առավոտը, այն ուժերի համար, որոնք մենք դնելու ենք վերականգնելու համար այսօրվա քանդվածը։

Մենք ապրելու շատ կորուստներ ունենք ու շատ խաղաղ օրեր ունենք այդ կորուստների պարտքը տալու համար։ Այն, ինչ կլինի մեզ հետ, միայն մեր գործն է ու մեր որոշումը, ուրիշ բոլորը թքած ունեն։ Սա էի ուզում ասել։ Գոնե հիմա եկեք չատենք իրար, գոնե հիմա եկեք սիրենք մեկս մյուսիս, ուրիշ ոչ մեկ դա չի անելու մեր փոխարեն»,-գրել է նա: