• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Պատերազմի ակտիվ փուլը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել է, սակայն պատերազմը տարածաշրջանում դեռ չի ավարտվել:

Автор:admin

Дек 4, 2020

Ակնհայտ է, որ այդ հինգ երկրների ռազմական ուժերի համատեղ զորավարժությունը ազդակ է Թուրքիային, այսինքն` հնարավոր է ռազմական համագործակցություն, եթե որևէ սադրանք լինի: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` մեկնաբանելով Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում` համատեղ զորավարժությունները, միաժամանակ նշելով, որ զորավարժությունների անցկացման համար  հստակ եղանակային ժամանակացույց կա, եւ այս բնակլիմայական ժամանակաշրջանում որպես այդպիսին` զորավարժություններ չեն անցկացնում:

«Այս զորավարժությամբ հստակ նաև մատնանշվում են այդ պետությունների ռազմական համագործակցության շրջանակները և այն ստորաբաժանումների համագործակցությունը, որը կարող է, ենթադրենք, վաղը տեղի ունենալ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում»,- պարզաբանեց ռազմական փորձագետը։

Ըստ ռազմական փորձագետի` մենք դեռևս գտնվում ենք պատերազմական փուլում եւ չպետք է համագործակցություն ունենանք այդ երկրների հետ, սակայն ձեռքերը լվանալ և մի կողմ քաշվելն էլ ճիշտ չի համարում: «Ցավոք սրտի, մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ ինքնուրույն չենք կարողանում վարել որևէ արտաքին քաղաքականություն, առավել ևս ռազմական համագործակցության քաղաքականություն»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը: «Մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ: Պետք է նոր ռազմական համագործակցողներ գտնել և անհրաժեշտության դեպքում նաև այդ պետությունների հետ ունենալ պայմանավորվածություններ` ունենալով ռազմական աջակցություն»,- եզրակացրեց նա:

Արցախա-ադրբեջանական պատերազմը լարվածություն է առաջացրել նաև հարևան Իրանում: Կարեն Հովհաննիսյանը չի բացառում, որ այս տարածաշրջանում, աշխարհագրորեն այդ նույն հատվածում երկրորդ պատերազմը կարող է տեղի ունենալ, այս անգամ նաև հարավային հատվածում և Իրանի հետ սահմանին։


Հովհաննիսյանը նշում է, որ պատերազմի ակտիվ փուլը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել է, սակայն պատերազմը տարածաշրջանում դեռ չի ավարտվել: «Ալիևը հայտարարում է, որ տասներեք տարի է պետք, որպեսզի ականապատվեն այդ գրավյալ տարածքները և իր ժողովրդին ներկայացնում է, որ այս շրջաններ չեն կարող մուտք գործել ապրելու համար, իսկ մյուս կողմից էլ հայտարարում է, որ այդ տարածաշրջաններում մտադիր են բերել և վերաբնակեցնել թուրքոմաններին, ինչից սարսափում է Իրանը»,- այս ամենը հաշվի առնելով՝ փորձագետը կարծում է, որ Իրանը կարող է սկսել պատերազմ այս հատվածում Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ` պատճառաբանելով, որ ահաբեկիչների վտանգ է զգում:

«Այնուամենայնիվ, զորավարժությունները չեն կարող զսպել Թուրքիայի ագրեսիան: Այսօր բանակցությունները կամ ռազմական առևտուրը չեն կարող ազդել ռազմական գործողությունների վրա, որովհետև ռազմական գործողությունները ոչ միայն տարածքների պահանջ են ենթադրում, այլ նաև ուժի ցուցադրում այլ պետություններին»,- եզրափակելով զրույցն ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հայկ Մագոյան