• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

«Որ ինձ բան լինի,գլուխդ բարձր կքայլես» Արման Օհանջանյան

Автор:admin

Ноя 28, 2020

«Որ ինձ բան լինի,գլուխդ բարձր կքայլես»

90ականների Արցախյան պատերազմից հետո Օհանջանյանների ընտանիքը Արցախից տեղափոխվեց Մասիս և ահա 1997 թվականի սեպտեմբերի 10-ին ընտանիքում ծնվեց միակ որդին Արմանը։
Ամառային արձակուրդներին ընտանիքը նորից Արցախ էր գնում ու հենց այդտեղից էլ ստեղծվել է Արմանի սերը հայրենիքի ու Արցախ աշխարհի նկատմամբ։Ինքն ու քույրիկը հենց այնտեղ էին հայրենասիրական դասեր ստանում,իսկ մայրիկը Մասիս-ում տարրական դասարանի դասվար է և իր կարևոր դասը՝հայրենասիրությունն է։
Քույրիկից մեծ էր 1 տարի 8ամսով,ով ուրիշ աշխարհ էր քրոջ համար։Խիստ ու ջղայն եղբայրը միևնույն ժամանակ անսահման բարի և հոգատար էր։
Երբ փոքր տարիքում,երեխայական վեճեր էին լինում,կանգնում էր քույրիկի առաջ ու ասում.«Մամ,իրա վրա չջղայնանաս,ես եմ մեղավոր»։
Մի տարի էլ քույրիկի ծնունդին անակնկալ ծաղիկներ էր ուղարկել։
Ու նա ինչքան էլ նեղվեր,գիտեր,որ եղբայրը իրեն լսելու է ու խորհուրդ տա։
Իր զգացմունքներն արտահայտել չէր սիրում,բայց երբ հանկարծ ընտանիքին մի բան լիներ,այդ ժամանակ երևում էր Արմանի զգացածը։
Հաճախ մայրիկին գրում էր.«Մամ կյանքս էլ կտամ,որ դու ուրախ լինես»։
Դեռ դռան շեմից էլ ներս չմտած,կանչում էր «մամ»,չիմանալով էլ մայրն այդ պահին տանն է թե ոչ։
9-րդ դասարանը ավարտելուց հետո,Ստեփանակերտի ռազմական վարժարանում էր սովորում։Ուզում էր ռազմական բժիշկ դառնալ։Հետո ընդունվեց հայ բուսակի բժշկական բաժինը։Հետո գնաց հաշվապահական սեմինարների,իրեն այդ ոլորտն էլ հետաքրքրեց։Ընդունվեց Մաշտոցի համալսարանի հաշվապահական բաժին։
Մարդասեր էր ու անսահման ընկերասեր։Եթե մեկին անգամ մեկ ժամով ճանաչած լիներ,պատրաստ էր օգնելու անգամ ամենաուշ ժամին։Իսկ իր հենարանը ընտանիքն էր համարում։
Ուրախ տղա էր և որտեղ հայտնվեր,ուրախություն էր բերում։
Պատերազմը սկսվելու առաջին օրից գնաց կամավորագրվելու ասելով.«Մամ,ես Արցախցի եմ»։Զինկոմիսարիատում ասել էին,որ իրեն չեն կարող տանել,ինքն էլ պատասխանել էր.«Ես չեմ եկել հարցնելու կտանեք թե չէ,ես ուզում եմ գնամ»։
Հաջորդ օրը,երբ մեքենայից իջել էր,վառելիքը լցնելու,լսել էր,որ կողքին կանգնած մարդիկ արցախցու բարբառով են խոսում,իր մեքենան թողել էր ճանապարհին ու ինքը հետները գնացել Ստեփանակերտ։Եղբայրները Մարտակերտում էին,բայց նա իրենց մոտ չգնաց,ինքնակամ ստորագրեց ու դեպի Ջաբրաիլ ճամփա ընկավ։
Այնտեղից ամենաթեժ պահին մայրիկին գրել էր.«Մեր դիրքերը ցրիվ են տալիս,գալիս են մեզ վրա։Կներեք ինձ,սիրում եմ ձեզ շատ։Որ ինձ բան լինի,գլուխդ բարձր կքայլես։Որ սաղ մնամ,կզանգեմ»։
Ու զանգեց Արմանը,ու ողջ էր Արմանը։Այդ ժամանակ ոտքից վիրավորվել էր,իրերն ու փաստաթղթերը թողել էր այդտեղ,իսկ ինքը օգնել էր վիրավոր ընկերոջը տեղափոխել։
Երբ այդ օրը,քույրիկին զանգ եկավ հայրիկի համարից ու նա վերցրեց,Արմանի ձայնը լսեց։Թվաց թե արդեն կարոտից բոլորի փոխարեն Արմանի ձայնն է լսում։Բայց իսկապես նա էր։Տուն էր եկել,ընդհամենը մի քանի ժամով։
Չնայած ոտքի ցավին և ուժեղ վնասվածքին նա կաղալով քայլում էր միայն այն ժամանակ,երբ կողքին մարդ չէր լինում,իսկ երբ մարդ էր տեսնում համեստորեն զգաստանում էր։
Հետո նորից գնաց,ճանապարհին հայրիկին գրել էր,«խաղալիքները ստացանք»,գնում ենք։
Ու Արմանը ամեն օր գրում էր։Առօրյայում շատ նկարվել չէր սիրում,բայց այնտեղից ամեն առավոտ նկար էր ուղարկում։Վիդեոհոլովակներ էր նկարում,ընկերներին ուրախացնում,սարերը ցույց տալիս և հուսադրում.«Լավա լինելու,հաստատ լավա լինելու»։
Երբ մի անգամ 3 ընկեր քայլելիս էին եղել Ջաբրաիլի կամրջի վրայով,Արմանն ասել էր.«Տղերք պատկերացնում ե՞ք,տարիներ հետո ֆիլմ նկարեն,էս նույն տեղով 3 դերասան անցնեն»։Ընտանիքը որոշել էր այդ տեղում ծառ տնկել,բայց ցավոք,այդ տարածքներն այլևս մերը չեն։
Հոկտեմբերի 17-ին Արմանը նորից տուն եկավ։Ու լսելով հրադադարի մասին ասաց.«Ես չեմ հավատում,դուք թուրքին չեք ճանաչում»։
Այս ընթացքում իր զինվորական հագուստով հասցրեց լինել համաքաղաքացու՝Արմանի հուղարկավորությանը։Իսկ վերջում դիրքից իր հետ բերած 2փամփուշտ թողեց իր մոտ։
Այդ անգամ հազում էր Արմանը և երեկոյան մայրը որդուն թեյ տանելիս լսել էր որդու և ընկերոջ խոսակցությունը։Արմանն ասել էր.«Տղերք,դուք էս պատերազմը չեք տեսել։Ես գնացի տեսա,ու չեմ ուզում ինձ հետ ձեզ տանել»։Հաջորդ առավոտ մայրը սեղան դրեց Արմանի ու ընկերների համար,այնպես ինչպես որդին էր սիրում։Արմանն էլ կերավ քրոջ թխած խաչապուրիներից,որ շատ էր սիրում ու արդեն գնալու ժամանակն էր։Չհասցրեց թղթերը դասավորել,միայն անձնագրի պատճենը վերականգնեց։
Հրաժեշտի պահին ասաց.«Մամ ստեղ դու չպիտի լացես։Դու,որ ստեղ լացում ես,իմ ձեռքերը ընդեղ դողում են։Իսկ եթե ձեռքս դողաց,դա հավասարազորա մավան»։Ասաց,համբուրեց մոր ճակատն ու գնաց…։
Արմանը ընկերոջն առաջարկել էր մահապարտների ջոկատ կազմել ու գնան թշնամուն ոչնչացնելու։Իսկ երբ ընկերը հարցրել էր,թե թիկունքը ով կպաշտպանի,մի պահ լռելուց հետո պատասխանել էր.«Դե կարևորը,մի կարևոր բան կանենք»։
Ու հասցրել էր թշնամու բազմաթիվ հեռախոսներ վերցնել,որ քարտի միջոցով կարելի էր շատ բաների տեղեկանալ։
Հոկտեմբերի 20-ի լուսաբացին,Արմանն իր հերթական վիդեոներից էր ուղարկել հարազատներին։
Իսկ ահա ժամեր անց զանգահարեց հայրիկին ու ասաց,որ միայնակ վիրավոր է կռվի դաշտում։Արմանն իր նման չէր խոսում,առաջին անգամն էր,որ ձայնում այդքան տխրություն կար։Ընկերոջն էր ասել,որ վիճակը շատ վատ է։Իսկ ընտանիքի հետ,չնայած ստացած բազում վիրավորումների խոսում էր այնպես,ասես վերքը թույլ էր ու քիչ։
Հետո իմացավ,որ իրեն օգնողներ են հասնում ու վերջում ավելացրեց.«Մամ ինչ էղան»։Ինքն իրեն առաջ էր հրել վիրավոր վիճակում,որպեսզի բուժօգնողներին ավելի շուտ հասներ։
Այդ օրը երեկոյան Արմանն անմահացավ։Իր ապրած տարիների ընթացքում նա թողեց մեծ հարգանք ու պատիվ։Եվ հասցրեց անգամ որդի ունենալ,ժառանգ թողնել իրենից։Որ տղան մեծանա ու ասի.«Հերոս Արմանի որդին եմ ես»։
Արման ջան,ինչպես դու ես հորդորել քո նամակում,ծնողներդ գլուխը բարձր ու հպարտ պիտի քայլեն։

Փառք քեզ Արման Օհանջանյան

Ճանաչենք մեր Հերոսներին

Անի Ավետիսյան