• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

Ով էլ ընտրվի, հայ ժողովրդի համար միեւնույն է՝ նրանք նույն խնձորի երկու կտորներն են

Автор:admin

Ноя 6, 2020

Այս պահի դրությամբ աշխարհը լարված սպասում է ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ավարտին: Հայտնի չէ, թե հատկապես ամերիկահայերն ինչ սկզբունքից ելնելով են քվեարկել, եւ պարզ չէ, թե ինչու է ողջ հայությունը սպասում այդ արդյունքներին։ Թվում է, թե ոչ մի շահագրգռվածություն չպետք է ունենան, քանի որ մրցակիցները բացարձակապես նույն տեսակն են՝ նույն խնձորի երկու մասերը:

Բավական է հիշել միայն վերջին իրադարձությունը՝ մոտ մեկ շաբաթ առաջ Թրամփի միջնորդությամբ իբր հակամարտող կողմերի միջեւ կնքվեց երրորդ հրադադարը, որն անգամ շատ կարճ ժամանակով չկայացավ՝ արժանանալով նախորդ երկուսի ճակատագրին։ Սա, իհարկե, շատ բնական ընդունվեց մտածող մասսայի կողմից: Այստեղ զարմանալին այլ տեղում էր. ճիշտ այն պահին, երբ պատերազմն ընթանում էր իր «բնականոն» հունով, եւ բոլոր լրատվական գործակալությունները հերթական անգամ զարմացած բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից իր ոճին խիստ համապատասխան՝ հերթական հրադադարի խախտման մասին, ԱՄՆ գործող նախագահը ռոբոտի նման կրկնում էր, որ հրադադարը մտել է ուժի մեջ, եւ ոչ մի կրակոց չկա: Ի՞նչ անուն կարելի է տալ այն բանին, երբ փաստացի աշխարհի աչքի առջեւ բացահայտ շարունակվում է պատերազմը, եւ այդ մասին շարունակաբար զեկուցում են նախագահ Թրամփին, իսկ նա բարձրաձայն զառանցում է, թե հրադադարը վերջապես կայացավ, ու կրակոցները լրիվ դադարել են: Մոտ մեկ շաբաթ շարունակվեց այս ներկայացումը: Եթե աշխարհում կա գոնե մեկ մարդ, ով կարող է բացատրել այս աբսուրդը կամ որեւէ անուն տալ այդ իրավիճակին, խնդրում եմ ասել: Ընդամենը կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի նման գերտերության նախագահին հարիր չէ նման պահվածքը, եւ անկախ նրանից՝ նա կընտրվի, թե ոչ, միեւնույն է՝ այն մնալու է պատմության մեջ…    

Սիրելի հայ ժողովուրդ, այս 38 օրը մեզ հստակ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն, ԵՄ-ն եւ որոշ այլ «բարեկամ» երկրներ լրիվ կորցրել են իրենց խիղճը, տեսողությունը եւ լսողությունը: Մնում է ցավակցել եւ ապաքինում մաղթել: Ցավոք, կարծում եմ՝ այդ ապաքինումը կլինի միայն այն ժամանակ, երբ Արցախում կռվող եւ ահաբեկիչների հսկայական բանակի վարձկաններն իրենց հերթական ներկայացումը ցույց տան վերը նշված երկրներում: Վստահեցնում եմ, որ այդ ժամանակ նրանց խիղճը, ինչպես նաեւ նրանց լսողությունն ու տեսողությունը կարթնանան, եւ առաջին հերթին ակնթարթորեն կվերհիշեն Արցախում իրենց պահվածքը, երկու ձեռքով կտան իրենց գլխներին, սակայն ուշ կլինի՝ իրենց հետ կտանեն իրենց երկրների ժողովուրդների անեծքը… Այս երկրների պահվածքը վերջին 100 տարում ամենամեծ անակնկալն է հայ ժողովրդի համար, այսուհետ մեր բոլոր քայլերը պետք է անենք՝ հիմնվելով այս իրողության վրա, որպեսզի հերթական հիասթափությունը չապրենք…
Փառք հայ ժողովրդին, փառք առյուծ հայ զինվորին, փառք Տիրոջը…Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
 Ավելին Hraparak.am Կայքում