• Вт. Июн 22nd, 2021

Նոր փոփոխություն աշխատավարձի հաշվարկման կարգում

Дек 12, 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել է նոր օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հոդվածներից մեկում:

Պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ . «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականցանող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է Վիճակագրական կոմիտեի կողմից պլանավորմանը նախորդող տարում պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբեր ամիսների անվանական միջին աշխատավարձի 100 տոկոսի եւ աշխատողների թվաքանակի արտադրյալի միջոցով: Բյուջետային հայտերը կազմելիս այս ֆոնդը վերանայվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված գնաճի ցուցանիշների արտադրյալի միջոցով:»:

Նշենք, որ այժմ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով»:

Կրկնապատիկ գործակցով պայմանավորված քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի ձեւավորման համար միջին աշխատավարձը կազմում է 66.140*2=132.280 ՀՀ դրամ: Գործակցի մեծությունը սահմանվել է Օրենքի գործադրմամբ, այն է 2013 թ. երբ միջին անվանական աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության կազմել է 146.524 ՀՀ դրամ: Ստացվում է, որ օրենսդիրը որոշում կայացնելիս այդ միջին աշխատավարձը սահմանել է մինջին ամսական անվանական աշխատավարձի 90 տոկոսի չափով:

Իսկ 2019 թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 182.673 ՀՀ դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 164.406 ՀՀ դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել: Եվ հիմք ընդունելով սա, պատգամավորը գտնում է, որ անհրաժեշտություն է նման փոփոխություն կատարել:

Առաջարկվում է, որ Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դնել ամսական անվանական աշխատավարձը: