• Ср. Мар 3rd, 2021

ARM.C

news

«Ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ էր»։

Автор:admin

Дек 9, 2020

Անկախ իր կարծիքից՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց՝ ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն է, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը։

Նա ընդգծեց՝ պետք է ուժեղ, պաշտպանված պետություն լինել, որովհետև չի կարող թույլ, ստորաքարշ, «պպզած» երկրում լինել բարեկեցություն։ «Մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ, չի հզորանում,  չի ապահովում իր պաշտպանությունը, այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող»,-նշեց նա՝ հավելելով, թե իր կանխատեսմամբ՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։

Ըստ Մանուկյանի՝ հասարակության լայն շերտերը պետք է քննարկումներ սկսեն երկրի ապագայի վերաբերյալ։ Դիտարկմանը, թե թեև Մանուկյանն ասում է, որ պետք է սկսել ապագայի տեսլականի վերաբերյալ քննարկումները, բայց դրա համար նախ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Մանուկյանն արձագանքեց․

«Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում՝ ինքնակամ գնա, որի հավանականությունը քիչ եմ տեսնում, չնայած չեմ բացառում, երկրորդ՝ որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ, որ ինքը միգուցե չի գիտակցում, բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից, դա էլ է հնարավոր»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե բախումներն անխուսափելի են, Մանուկյանն ասաց՝ ինքը նոր չէ քաղաքականության մեջ և կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ այդպիսի բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։ «Ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ էր»։