• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Մոսկվան ու Թեհրանը լսեցին Արցախի կոչը

Автор:admin

Окт 16, 2020

Հայաստանի գլխավոր դատախազությունը Իրանին եւ Ռուսաստանին է փոխանցել ապացույցները, որ հայկական կողմը ձեռք է բերել ադրբեջանական կողմում ահաբեկիչների առկայության եւ Արցախի դեմ մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:

Եթե Երեւանը փոխանցել է ապացույցներ, ապա դա նշանակում է, որ դրանք ակնկալել են Մոսկվան ու Թեհրանը, այլապես հազիվ թե վերցրել են զուտ քաղաքավարությունից կամ պարտադրված: Հնարավո՞ր է եզրակացնել, որ Հայաստանի տրամադրած տեղեկությունը լինելու է որոշակի գործողությունների նախաբան, կամ առաջին քայլը, եւ ինչպիսի՞ գործողություններ են հնարավոր:

Մի քանի օր առաջ ՌԴ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ահաբեկիչների առկայությունը կարող է դառնալ հակաահաբեկչական գործողությունների հիմք: Նա իհարկե խուսափել է խոսել ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի հանդեպ հակաահաբեկչական գործողությունների մասին, բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ էլ ու՞մ, եթե խոսքը այնտեղ գտնող ահաբեկիչների մասին է:

Թե հատկապես ինչ բնույթ կամ ձեւաչափ կենթադրեն այդ գործողությունները, բաց հարց է: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կամ Իրանն անմիջական ռազմական հարվածներ հասցնեն Ադրբեջանի տարածքում տեղակայված ահաբեկիչներին: Միեւնույն ժամանակ, սակայն, եթե Բաքուն վերածվել է ռեգիոնը Սիրիայի վերածելու թուրքական պլանի բութ գործիքի, ապա Մոսկվային ու Թեհրանին չի մնում այլ բան, քան հարցը լուծել սուր միջոցներով:Ինչպես ասում են, եթե Ռուսաստանն ու Իրանը չզբաղվեն ահաբեկիչներով, ապա ահաբեկիչները կզբաղվեն նրանցով: Հայաստանը փաստորեն տվել է ահաբեկիչներով զբաղվելու փաստական հիմքերը, ինչպես թերեւս ակնկալել էին Ռուսաստանն ու Իրանը:Միեւնույն ժամանակ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը հայտնել է, որ այդ հարցում իրանցի եւ ռուսաստանցի գործընկերների հետ կա սերտ գործակցություն:

Խոշոր հաշվով, դե ֆակտո խոսք կարող է լինել հակաահաբեկչական այն կոալիցիայի մասին, որի կոչն արել էր Արցախի նախագահը եւ որի համար հատուկ Ռուսաստանին եւ Իրանին դիմել էր Արցախի ԱԺ-ն: Իրավապահ հարթությունում գործակցությունը համատեղ աշխատանք է, որ գործնականում կարող է լինել կոալիցիայի նախատիպ՝ զուտ մասնագիտական դաշտում աշխատանքի առումով, քաղաքական կամ ռազմա-քաղաքական հարթության վրա ձեւաչափերի առնչությամբ եղած նուրբ հանգամանքների պայմաններում:

Ի վերջո Արցախից հնչած կոչը ռեգիոնալ սպառնալիքի բնույթի ընկալման, այլ ոչ կոնկրետ քաղաքական ձեւաչափերի մասին էր։