Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր խնդիրներից մեկն է, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են միշտ վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշները:
Այս հիվանդության զարգացման հավանականությունը կտրուկ բարձրանում է 50 տարեկանից հետո, ինչը կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության ու ճարպային հյուսվածքների ձևավորման հետ: Այս տարիքում բարձրանում է ինչպես ճարպակալման ու ավելորդ կիլոգրամների կուտակման, այնպես էլ մետաբոլիկ խանգարումների ու բորբոքումների զարգացման հավանականությունը, իսկ նման խնդիրները շատ վտանգավոր են սրտամկանի ու արյունատար անոթների համար:
Սակայն մասնագետները նշում են, որ կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնց գործածությունը թույլ կտա բնական ճանապարհով նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշներն ու կպաշտպանի զարկերակային գերճնշման զարգացումից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք կօգնեն կարգավորել զարկերակային բարձր ճնշումը:
Բնական յոգուրտ
Ոչ շատ յուղոտ կաթնամթերքը կալցիումի հիանալի աղբյուր է, իսկ այն զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարող հիմնական բաղադրիչներից մեկն է: 250-300 գրամ բնական յոգուրտն օրգանիզմին տալիս է կալցիումի օրական անհրաժեշտ քանակության մոտ 30%-ը, ուստի զարկերակային բարձր ճնշման դեպքում հարկավոր է սննդակարգում յոգուրտ ներառել:
Բանան

Այս միրգը հարուստ է կալիումով, որն ամենակարևոր միկրոտարրերից է: Միջին չափի բանանը պարունակում է մոտ 420 մգ կալիում, որն այս տարրի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 9%-ն է: Բացի այդ, բանանը պարունակում է մանրաթելեր, որոնք բարելավում են աղիների միկրոֆլորայի վիճակը, ինչն էլ, իր հերթին, ազդում է օրգանիզմի բոլոր գլխավոր համակարգերի վրա:
Ճակնդեղ
Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ ազոտի օքսիդ, որը բարենպաստ ազդեցություն է ունենում անոթների վրա և նվազեցնում է զարկերակային ճնշումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճակնդեղի հյութն օգնում է նվազեցնել սիստոլիկ ճնշումը 4-5 միավորով:
Սխտոր

Առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ սխտորի մեջ պարունակվող ալիցին միացությունը նվազեցնում է զարկերակային ճնշումը: Այս մթերքի արդյունավետությունը բարձրացնելու համար ցանկալի է այն համադրել հզոր միզամուղ ազդեցություն ունեցող ու հակաօքսիդանտային հատկություններով օժտված մթերքի հետ, ինչը թույլ կտա նվազեցնել արյան թանձրությունը և կբարելավի զարկերակների վիճակը:
Վարսակ
Ամբողջահատիկ վարսակի գործածությունն արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու արդյունավետ միջոց է, իսկ խոլեստերինի բարձր մակարդակը համարվում է աթերոսկլերոզի ու դրա հետևանքով նաև զարկերակային գերճնշման ու սրտանոթային այլ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հարցում վարսակը նույնքան արդյունավետ է, որքան դեղամիջոցները:
Մանրաթելեր
Մանրաթելերի պարունակությամբ լավագույն մթերքն ամբողջահատիկ մթերքն է, որն էլ համարվում են ամենից օգտակարն արյունատար անոթների համար: Օրական երեք բաժին ամբողջահատիկ մթերք օգտագործելը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 15%-ով:
Կիվի

Օսլոյի Համալսարանական կլինիկայի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ օրական երեք հատ կիվի ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը: Կիվին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք շատ օգտակար են: Օրինակ՝ ընդամենը մեկ կիվիի մեջ պարունակվում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 40%-ը: Բացի այդ, այս մթերքը պարունակում է լյուտեին կարոտինոիդային հակաօքսիդանտ, որն արդյունավետ կերպով պայքարում է զարկերակային գերճնշման դեմ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru