• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Մենք չենք պարտվել, Պուտինը վերցրեց մեր հաղթանակը և տվեց Ալիեւին

Автор:admin

Дек 8, 2020

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի հողերի վրա աչք չունեն, ուղղակի Թուրքիան բազմավեկտոր քաղաքականություն է վարում և բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններ է տեսնում: Նաև հավելել է, որ Հայաստանը Կովկասի կայունությունից և տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն, ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաև միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը:

Հավանաբար գիտեք, որ երբ Հայաստանն անկախացավ 1991-ին, առաջին օրից դիվանագիտկան հարաբերությունների հաստատման համար Թուրքիան նախապայման է ներկայացրել: Դա միջազգային նորմերի համապատասխան թշնամանք է, քանի որ երրորդ երկրի պատճառով է այդ նախապայմանները դրել: Սկզբից Թուրքիան չէր շրջափակել Հայաստանը, կարծում էին, որ Ադրբեջանը կհաղթի պատերազմում: Հենց զգացին, որ Ադրբեջանն այլևս չի կարող հաղթել, 1993-ին շրջափակեցին Հայաստանը: Այսինքն շրջափակել են Հայաստանը ու հիմա ելել տնտեսական զարգացումից են խոսում, միջազգային իրավունքից են խոսում: Էդ ի՞նչ պետք է նպաստեն: Թուրքիան մտադիր է ավարտին հասցնել 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը, այսինքն Հայաստանը ենթարկել ցեղասպանության: Այդքանից հետո Չավուշօղլուն անամոթաբար խոսում է, Պուտինն էլ որպես դաշնակից, Էրդողանին համարում է իր լավագույն ընկերը:

Թուրքիան իր պանթուրքիստան ծրագի՞ր է իրականացնում:

Պանթուրքիստական ծրագիրն իրականացնելու հնարավորություն Թուրքիան չունի, որովհետև իր տնտեսական հզորությունները այդ հնարավորությունն իրեն չեն տալիս, բայց Կովկասում իր դիրքերը ամրապնդել կարող է: Արդեն իսկ Ադրբեջանում զգալի ամրապնդել է իր դիրքերը: Բացի այդ, «շնորհիվ» Պուտինի Հայաստանն էլ թուլացել է, Արցախի Հանրապետություն էլ որպես այդպիսին գոյություն չունի:

Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Նախ, ահաբեկիչներ Արցախի հակամարտության գոտի տեղափոխելն ինքնին ռազմական հանցագործություն է: Թուրքիայի ներգրավվածությունն այդ պատերազմին նույնպես հանցագործություն է: Բայց այդ բոլորը Պուտինի համաձայնությամբ է արվել և ամբողջ պատերազմի ընթացքում համագործակցել են Պուտինն ու Էրդողանը:

Ի վերջո, ինչո՞ւ պարտվեց հայկական կողմը:

Մենք չենք պարտվել, Պուտինը վերցրեց մեր հաղթանակը և տվեց Ադրբեջանին, որովհետև եթե Ադրբեջանը ջախջախվելու լիներ, դրանով Թուրքիան էր ջախջախվելու, այսինքն Էրդողանը, և դա լինելու էր նաև Պուտինի պարտությունը: Եթե հիշում եք, հանկարծակի պարզվեց, որ մենք մեկ օրում պարտվել ենք: Պուտինը, Էրդողանն ու Ալիևը, երբ պատերազմը սկսվեց, ձգտում էին կայծակնային հաղթանակի: Տեսան չի ստացվում, սկսեցին նոր թափով հարձակվել: 44 օր դիմադրել ենք 84 միլիոնանոց Թուրքիային, նրա բերած ահաբեկիչներին, 10 միլիոնանոց Ադրբեջանին, այն էլ մի բուռ հայ զինվորներով: Պուտինը բռնեց ու գողացավ այդ տղաների հաղթանակը ռազմաճակատում ու տվեց Իլհամին: Տեսեք, 150-ից ավելի բնակավայր անցավ Ադրբեջանին, ո՞վ տվեց: Այդ բնակավայրերի ճնշող մեծամասնությունը այդ այսպես կոչված եռակողմ համաձայնագրի մեջ չկա, չի ներգրավված: Հայտնի էլ չէ՝ համաձայնագիր է, թե հայտարարություն: Առաջին անգամ երբ հայտարարվեց, նոյեմբերի 10-ին է ստորագրվել, հիմա դարձրել են ամսի 9-ը: Ռուսական մամուլը գրեց, որ Փաշինյանը մեկ օր ուշ է ստորագրել: Պուտինն ասում է, որ իրար հետ համաձայնության են եկել ու ստորագրել, բայց դա էլ է կատարյալ սուտ: Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, ուրեմն Փաշինյանը նստել Իլհամի հետ ինչ-որ բա՞ն է քննարկել: Պուտինն ուզում է ասել, իբր, ես կապ չունեմ: Ինքը բռնել Իլհամի հետ պայմանավորվել է, Թուրքիայի հետ պայմանավորվել է, Փաշինյանին էլ պարտադրել է: Պարտությունը դրա համար էր, որ Փաշինյանը ստորագրի, այլապես չէր ստորագրելու: Պուտինը իր լավագույն ընկերոջը՝ Իլհամ կոչեցյալ, հայատյաց անասնական բնազդով տառապող հոգեկան վիժվածքին, նաև իրեն փրկելու համար վերցրեց մեր զինվորների հաղթանակը տվեց Իլհամին, ու մինչև հիմա էլ շարունակում է համագործակցել Թուրքիայի հետ:

Վերջերս այս համաձայնագրի մասին  BBC-ի թուրքական ծառայությունում մի նյութ կար, որտեղ նշվում էր, որ իրանական կողմը հայտարարել է, որ Թուրքիան, Իսրայելն ու Ադրբեջանը որոշել էին Իրանին սահմանակից Հայաստանի տարածքները գրավել, բայց մենք դիմադրեցինք, որից հետո վերադարձան նախորդ տարբերակին՝ այսինքն միջանցքի տարբերակին: Ուրեմն միջանցքը վաղուց արդեն քննարկվելիս է եղել, բոլորն այդ մասին իմացել են, միայն Հայաստանը չի իմացել: Ու սա կոչվում է ռազմավարական դաշնակի՞ց: Մենք այնպիսի դաշնակից ունենք, որ թշնամուց ոչնչով չի տարբերվում: Առհասարակ ասում են՝ թշնամուս թշնամին իմ բարեկամն է: Նույն տրամաբանությամբ թշնամուս բարեկամը իմ թշնամին է: Էրդողանը ձեզ օրինակ, որին Պուտինը համարում է իր լավագույն բարեկամը: Հետևաբար, դաշնակից ունենք՝ աշխարհը չունի: Ռուսաստանի Պետական դումայում հայատյաց տականքների մի ոհմակ ամբողջ օրը հակահայաստանյան վայնասուն է բարձրացնում: Մամուլի վիճակն ավելի խայտառակ է, հայհոյում են բառացիորեն: Հատկապես անկախ էթնիկ ծագումից իրեն հայ համարող Մարգարիտա Սիմոնյան կոչեցյալը: Այն անգամ «տվար» էր անվանել Նիկոլ Փաշինյանին: Հարցը Փաշինյանը չի, այլ այն, որ երկրի վարչապետին նման բան դու ո՞նց ես ասում, այն էլ էկրանից: Դա խուժան ալի՞ք է, թե՞ հեռուստատեսություն: Բայց մեղավորն ինքը չի, այլ իրեն հովանավորողներն էլ են նույն խուժանի հոգեբանությամբ տառապում, որ թույլ են տալիս այդպիսի հայհոյանքներ հնչեն:

lragir.am