• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Մենք ունենք այդ ռեսուրսը, որ կարողանալու ենք հանգիստ դուրս գալ այս վիճակից. Սեֆիլյան

Автор:admin

Дек 14, 2020

Եթե Հայաստանն առաջիկայում չփոխի արտաքին քաղաքական դիրքավորումը, այսինքն՝ եթե չլինի բազմաբևեռ դիրքավորում, մենք անընդհատ պարտվելու ենք։ Այս մասին Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի այսօրվա հավաքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

«Մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը նաև եղել է այն, որ մենք ոչ միայն չենք ունեցել ինքնիշխան պետություն, այլ մենք միակողմանի արտաքին քաղաքականություն ենք որդեգրել։ Մենք փորձել ենք գործընկերություն անել միայն մեկ աշխարհաքաղաքական ուժի հետ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ պատճառով էր նաև մեր պարտությունը։ Եթե մենք առաջիկա ժամանակներում չփոխենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դիրքավորումը, այսինքն՝ եթե չլինի բազմաբևեռ դիրքավորում, մենք անընդհատ պարտվելու ենք։ Ուրեմն բազմաբևեռ դիրքավորումն ուղղակի կապ ունի մեր պաշտպանության հետ, որի մասին ես պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանին գրավոր ներկայացրել եմ, թե ինչ պետք է արվեր։ Նույն այն ժամանակ, երբ պատերազմը տակավին նոր էր սկսվել, հնարավոր էր ճիշտ դիրքավորվել և այս աղետալի վիճակին չհասնել»,- ասաց Սեֆիլյանը։

Նա հավելեց, որ 1992 թվականին Շահումյանի անկումից հետո մինչև 1993-ի հունվար-փետրվար հայկակական կողմը մոտավորապես նույնքան տարածք էր վերահսկում ԼՂԻՄ-ում, ինչքան այսօր է։ «Այդ ժամանակ էլ շատերը կարծում էին, որ վերջացել է ամեն ինչ։ Բայց այդ ժամանակ էլ Արցախում նույնիսկ պատանիները նստած քարտեզի վրա գծում էին ապագա Արցախի սահմանները։ Այսինքն՝ այո, ողբերգություն է տեղի ունեցել, սակայն մենք ունենք այդ ռեսուրսը, որ կարողանալու ենք հանգիստ դուրս գալ այս վիճակից։ Սա վերջը չէ, սակայն այս սեղանը շուռ տալու և վերջապես անիվը դեպի դրական պտտացնելու նախապայման է այսօրվա ապիկար ու դավաճան իշխանությունների հեռացումը»,- հայտարարեց Սեֆիլյանը