• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Մենք ծանրագույն պատերազմի մեջ ենք միաժամանակ երեք ճակատներով՝ առաջնագիծ, կորոնավարակի դեմ պայքար եւ դիվանագիտական պայքար

Автор:admin

Окт 25, 2020

Պատերազմի թերեւս ամենածանր օրերն են, ընդ որում՝ բոլոր ճակատներում։ Խոսքը միայն ռազմաճակատի տարբեր ուղղությունների մասին չէ։ Բանն այն է, որ այսօր մենք ծանրագույն պատերազմի մեջ ենք միաժամանակ երեք ճակատներով՝ առաջնագիծ, կորոնավարակի դեմ պայքար եւ դիվանագիտական պայքար։ Ընդ որում՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք համարժեք չեն, եւ բուն պատերազմի համեմատ մնացած ամեն ինչը երկրորդական է: Կարճաժամկետ կտրվածքով իսկապես այդպես էլ կա։ Բայց քանի որ այս պատերազմը կարող է շատ տեւական լինել ու նույնիսկ աշխարհագրորեն ընդլայնվել, «ռազմաճակատի» մյուս ուղղությունները, հավատացեք, նույնքան կարեւոր են։

Եվ այսպես, ի՞նչ ունենք զուգահեռաբար ընթացող երեք պատերազմներում։ Ռազմական գործողությունների առումով՝ մեր բանակը փայլուն է գործում եւ համենայն դեպս կարողացել է ոչ միայն տապալել թշնամու նախնական պլանները, այլեւ էապես թուլացնել նրա հարվածային ուժը եւ ստիպել անցնել դիրքային մարտերի։ Կորոնավարակի դեմ պայքարի առումով իրավիճակը, մեղմ ասած, խայտառակ է. ռազմաճակատի այդ հատվածում պարտվում ենք։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ պատերազմում կարող էինք հաղթել առանց հերոսության ու մեծ զոհողությունների։ Պետք էր ընդամենը պահպանել հակահամաճարակային կանոնները։ Բայց՝ չէ։ Ինչքան ուզում ես մարդկանց բացատրիր, որ դիմակ չկրող 50 քաղաքացիները մոտավորապես համարժեք են թշնամու մեկ ԱԹՍ-ի, որովհետեւ նրանք վարակելու են առնվազն մի քանի հարյուր հոգու, նրանցով ուզած-չուզած զբաղվելու են տասնյակից ավելի բժիշկներ, իսկ այդ ընթացքում մեր վիրավոր զինվորները, հնարավոր է, բժիշկների պակասի պատճառով մահանան… Մի խոսքով՝ այս առումով մենք ձախողում ենք բանակի թիկունքն ամուր պահելու մեր բաժին խնդիրը։ Մինչդեռ այստեղ նույնպես ռազմական կարգապահություն է պետք՝ ինչպես բանակում։ Իսկ բանակում հրամանները չեն քննարկում։ Կատարում են՝ եթե անգամ ներքուստ համաձայն չեն դրա հետ։

Հիմա՝ դիվանագիտական պատերազմի մասին։ Այստեղ նույնպես մեր հասարակության հիմնական խնդիրը պետությանն ու բանակին օգնելն է, իսկ եթե չի ստացվում՝ գոնե չխանգարելը։ Բայց պարզվում է՝ այս ասպարեզում նույնպես տնաբույծ «մասնագետների։ պակաս չկա։ Նույն ոգեւորությամբ, որով «բիլգեյցի չիպավորման» կամ «Իսկանդերներով թուրքերի հերն անիծելու» մասին են խոսում, հիմա էլ հրադադարի հաստատման կամ ռուսաստանցի խաղաղապահների ներկայության դեմ են բոցաշունչ ելույթներ ունենում (բնականաբար՝ սոցկայքերում, հաղթողական կեցվածքով կապուչինոյի բաժակը շոյելով)։ Սրանք, որպես կանոն, խիստ ոգեւորվում են, որ մեզ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող 300 սպարտացիներ են անվանում, ու երբ դրսից որեւէ մեկը հրադադար հաստատելու մասին է խոսում, սրանք իսկույն տեղներից վեր են ցատկում, թե «իսկ դրա գինը ո՞րն է» (կարծես թե գինն իրենք են վճարելու)։ Սրանք երեւի կամ դեռ չեն հասկացել, կամ ձեւացնում են, որ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ ում դեմ է պատերազմում հայկական բանակը։ Եթե մեր առջեւ միայն Ադրբեջանը լիներ՝ իսկապես խնդիր չկար, ու հայկական բանակը հիմա մի տասը անգամ մտած կլիներ Բաքու, բայց մենք պատերազմում ենք նաեւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկչության դեմ։ Հաղթելը՝ հաղթելու ենք, դրանում կասկած չկա, բայց եկեք հասկանանք՝ ավելի լավ է ապագա Անկախ Արցախի սահմանների երկայնքով ռուս խաղաղապահնե՞րը լինեն, թե՞ թուրք սպաներն ու նրանց բանակի համազգեստը հագած իսլամիստ վարձկանները։

Մի խոսքով՝ պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է 3 գործոն. հզոր բանակ, ամուր թիկունք եւ դաշնակիցներ, որոնց պոտենցիալը պետք է կարողանալ օգտագործել ճիշտ պահին։