• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

«Մենք ախպերներ ենք եղել…». զոհված Արտակ Ենոքյանի վերջին խոսքը՝ ընկերներին

Автор:admin

Ноя 19, 2020

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ընկավ նաև 20-ամյակը նոր բոլորած ժամկետային զինծառայող Արտակ Ենոքյանը՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Ընդամենը 2 ամսից զորացրվելու էր, բայց, ցավոք, իրադարձություններն այլ ընթացք ստացան… ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն ասում է՝ թեպետ ցավն անասելի է, սակայն հպարտության զգացումն է, որ ապրեցնում է իրենց. չէ՞ որ հերոս որդի ունեն: «Հրետանավոր էր, հաշվարկից չափազանց լավ էր, գոհ էին իրենից: Միշտ ասում էր՝ մամ ամեն անգամ ես եմ հաշվարկն անում, հրետանիի պետն ասում ա՝ դու ուրիշ ձև ես հաշվարկ անում: Օրվա ընթացքում զանգում ընդամենը մի քանի բառ էր ասում՝ ամեն ինչ տոչնի ա, հանգիստ եղեք մեզ չեն տանելու առաջնագիծ»,- ասում է տիկին Նաիրան: 

Հարազատները հոկտեմբերի 8-ին են իմացել ցավալի կորստի մասին, իսկ Արտակի հետ վերջին անգամ խոսել են ամսի 7-ին. «Բարձր տրամադրությամբ զանգել էր ամուսնուս ու ասել՝ պապ, գիտե՞ս 200 հատ մենակ ես եմ կրակել, մերոնք առանջ են գնացել, ամեն ինչ լավ ա: Հետո ինձ հետ խոսեց, ասացի բալես երկար պետք չի խոսել, ասաց՝ մամ հանգիստ եղեք, խոսե՛ք… դա վերջին զանգն էր, սպասում էի, բայց էլ չզանգեց: Այդ օրը սիրտս պայթում էր, երբ ամուսինս ասաց հեռախոսը չի վերցնում, հասկացա՝ սիրտս չի խաբում: Լուր ստացանք, որ ծանր վիրավոր է, հետո իմացանք, որ Արտակս արդեն չկա»,- պատմում է հերոսի մայրը:

Զինակից ընկերները պատմել են, որ կռվի թեժ պահին Արտակը գնացել է ուրալի մոտ ինչ-որ բան բերելու, հենց այդ պահին արկն ընկել է վրան, փորն է վնասվել. «Երբ ընկերները մոտեցել են, որ օգնեն ասել է՝ «մենք ախպերներ ենք եղել…»: Ինքը շատ ընկերասեր էր, նրանց համար էր ապրում: Ընկերներն օգնել, հասցրել են հիվանդանոց, բայց այդպես էլ չի հաջողվել փրկել կյանքը»

Մայրը հիշում է, թե ինչպես էր որդին ուզում բանակ գնալ: Փոքրուց «խելքը գնում էր» զենքերի համար, սիրում էր կրակել: «Անգամ զորակոչվելու օրը տաքություն ուներ, ջերմիջեցնող էր խմել, որ կարողանար գնալ: Զինկոմը գրկել էր Արտակիս ու շնորհակալություն հայտնել ամուսնուս նման որդի ունենալու համար: Ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի դժգոհել ու տրտնջացել: Մի անգամ էլ, զանգել էր ընկերոջն ու ասել, թե ծնունդս շնորհավորի, հենց նոր արկը ընկավ մոտս ու չպայթեց: Իր ծառայակից ընկերներից մեկը ոտքն է կորցրել, հիվանդանոցից դուրս գրվելիս մյուս տղայիս խնդրել էր տանել Եռաբլուր՝ Արտակիս մոտ: Ասել էր՝ Արտակս սրտակից էր, քաջ ու դուխով, հարգված բոլորի կողմից»,- հիշում է տիկին Նաիրան: 

Արտակի եղբայրն էլ՝ Հրաչը, պատմում է, թե ինչպես էին եղբոր հետ զրույցներում պլանավորում նրա վերադարձը. «Քննարկում էինք, թե ինչպես է լինելու, ինչ է հագնելու: Ապագայի հետ կապված շատ նպատակներ ուներ: Սիրած էակ ուներ, ուզում էր գար հասներ իրեն, բայց ափսոս էդպես չեղավ…»,- նշում է Արտակի եղբայրը:

Արտակը Երևանից էր, ապրում էր ծնողների և իրենից մեկ տարով մեծ եղբոր հետ: Քչախոս, զուսպ, մեղմ ժպիտով, «դուխով» ու անվախ, անչափ ընկերասեր ու նվիրված․ ահա այսպես են հարազատները բնորոշում հերոսաբար նահատակված Արտակ Ենոքյանին:

Սոնա Հարությունյան