• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Մեկ ամսից ավելի ձգվող պատերազմում հայկական կողմն արդեն հայտնել է 1065 զոհի մասին։ Ադրբեջանը շարունակում է զինվորականների շրջանում իր կորուստները չհրապարակել՝ պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Автор:admin

Окт 28, 2020

Արցախի Պաշտպանության բանակն այսօր հրապարակեց ռազմական գործողությունների հետևանքով զոհված ևս 59 զինվորների անուններ։ Մեկ ամսից ավելի ձգվող պատերազմում հայկական կողմն արդեն հայտնել է 1065 զոհի մասին։ Ադրբեջանը շարունակում է զինվորականների շրջանում իր կորուստները չհրապարակել՝ պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։ Պաշտոնական Բաքուն միայն հայտնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ադրբեջանական զինուժն անցած օրերի ընթացքում մեծ կորուստներ է ունեցել․ – «Այս երկու օրը հակառակորդը սարսափելի կորուստներ է ունեցել և՛ մարդկային ռեսուրսներով, և՛ զինտեխնիկայով։ Որոշ լանջերի դոշերին հարյուրավոր դիակներ են փռված։ Անկախ ամեն ինչից, իհարկե, դա սփոփանք չէ մեզ համար։ Մեզ համար մեր մեկ երեխայի, մեկ երիտասարդի կորուստը արդեն իսկ ողբերգություն է»։

Դավիթ Բաբայանը կրկին ընդգծեց, որ մեկ ամիս առաջ վերսկսված պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը շարունաբար թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։ Այսօր հաղորդվեց, որ ադրբեջանական հրթիռակոծությունից վնասվել է Ստեփանակերտի ծննդատունը, թիրախավորվել էր նաև Շուշին․ – «Որևէ ռազմական օբյեկտ այնտեղ, որտեղ նրանք ռմբակոծում են, չկա»։

Ադրբեջանական կողմը, իր հերթին, պնդել է, թե հայկական ուժերը Հայաստանի տարածքից հրազենային կրակ են արձակել ադրբեջանական հինգ շրջանների ուղղությամբ։ Ըստ Ադրբեջանի, հայկական կողմը հրթիռակոծել և հրետակոծել է Բարդա քաղաքի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով զոհվել է 21, վիրավորվել 70 քաղաքացի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն հայտնելով կատարվածի համար՝ Թվիթերում գրել է, թե վրեժ կլուծեն Բարդայի բնակիչների համար։

«Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչ»-ով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է», – ի պատասխան Բաքվի պնդումների՝ «Ֆեյսբուքում» գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Առավոտյան Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները», – ասված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց ռազմական գործողությունների քարտեզը։ Ըստ դրա, ադրբեջանական զորքերին հյուսիսում հաջողվել էր գրավել Թալիշը, իսկ հարավում՝ Միջնավանից Կովսականով դեպի Հադրութ ձգվող հատվածը։ Երկու օր առաջ էլ հաղորդվեց Կուբաթլուի կորստի մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ուշ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնում էր ռազմական գործողությունների քարտեզը․ – «Երեկ հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը այս պահին ունի հետևյալ տեսքը․ ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»։

Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ երեք անգամ հումանիտար հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երեքն էլ կյանքի չեն կոչվել։