• Вт. Июн 22nd, 2021

մեծագույն անբարոյականություն է Սյունիքի դժբախտության վրա ձեռքեր տաքացնելն ու երբեմնի սելջուկ մարզպետի վերակենդանացման համար արահետ բացելը… 《Սյունյաց երկիր》

Дек 6, 2020

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո Սյունիքում, փաստորեն, նոր դարաշրջան է սկսվել:

Կապիտուլյացիայի ակտի 9-րդ կետով մեր լեռնաշխարհին նոր կարգավիճակ է փորձում պարտադրվել, այն էլ՝ անվտանգության համակարգի առումով:

Դրան հաջորդել է Սյունիքի սահմանների ճշգրտման ապօրինի գործընթացը, որը կատարվում է թուրքական կողմի նախաձեռնությամբ ու պարտադրանքով, իրենց ձեռնտու քարտեզների ցուցադրմամբ, իսկ հայաստանյան կողմն առայժմ ներկայացնում են հիմնականում սահմանամերձ բնակավայրերի տղերքը… Ու այդ գործընթացը շարունակվում է:

Պետական կառավարման համակարգի  ճգնաժամի  պայմաններում, Սյունիքի համար շրջադարձային այս պահին մարզպետ Հունան Պողոսյանը հեռացավ, թեեւ տարերքի խրախճանքը մարզում  սկսվել էր նրա  պաշտոնաթողությունից  դեռ շատ առաջ:

Եվ Սյունիքում՝ ճակատագրական այս օրերին, մեկնարկ է առել մարզպետի աթոռի համար  պայքար. իբր քիչ էին մարզի խնդիրներն ու սպառնացող վտանգները…

Ահա այսպիսի իրավիճակում է հայտնվել արեւելքից ու արեւմուտքից թուրքական  արդիական ուժերով հետեւողականորեն շրջափակվող Սյունիքի մարզը:

Ու, որքան էլ տարօրինակ է, հայտնվել են մարդիկ, ովքեր Սյունիքի մերօրյա դժբախտության վրա փորձում են ձեռքեր տաքացնել:

Հատկապես ակտիվացել է երբեմնի մարզպետներից մեկը, ում եւ թուրքի միջեւ սյունեցին վաղուց է հավասարության նշան դրել, ում պաշտոնավարման արդյունքում Հայաստանի ամենահարուստ Սյունիք աշխարհը հազարապատիկ անգամ թուլացավ եւ խոցելի դարձավ:

Այդ օսմանցին, ով Սյունիքին ավելի մեծ տառապանքներ ու վնասներ է պատճառել, քան որեւէ ասպատակ նախորդ մի քանի հարյուրամյակում, այսօր փորձում է Սյունիքի ցավից ու վշտից  նույնիսկ անձնական շահ կորզել:

Եվ մենք ստիպված ենք հրապարակավ հիշեցնել այդ տղային՝ է՜յ, օսմանցի, չենք թողնելու, որ դու Սյունիքի մարզպետարան վերադառնաս, եթե անգամ դա կամենան Հայաստանի այսօրվա կամ վաղվա ղեկավարները, եթե նույնիսկ մայրաքաղաքային հարթակներից օրումեջ քո չեղած անունից կիսագրագետ հարցազրույցներ շաղ տան, քո անիծյալ սֆաթն արտացոլող լուսանկարներ ցուցանեն, եթե նույնիսկ այս կողմերում քո անձի պահանջված լինելու մասին պատրանք հորինելու նպատակով վճարովի ստորագրահավաքներ կազմակերպեն:

Վերադարձնել քեզ Սյունիքի տարածքային իշխանության ղեկավարի պաշտոնը՝ նշանակում է այս սուրբ երկրամասը նվիրել Իլհամին կամ Էրդողանի շներից մեկին:

Հիմա՝ Սյունիքի տեղական ինքանակառավարման մարմինների դեկտեմբերի 5-ի հայտարարության մասին:

Իհարկե, Նիկոլը պետք է հեռանա:

Իհարկե տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ամեն  մի քաղաքացի կարող են դիրքորոշում արտահայտել այդ կապակցությամբ:

Ընդ որում՝ սյունեցու դիրքորոշման համար, հայ ժողովրդին մտահոգող հանրահայտ պատճառներից զատ, կան այլ հիմքեր եւս: Նիկոլը չկարողացավ կամ չկամեցավ կանգնեցնել Սյունիքի ընդերքի թալանը, ընդհակառակը՝ Սյունիքի ասպատակումն ավելի ակտիվացավ, գաղտնիության եւ առեղծվածների ավելի թանձր մշուշով պատվեցին մեր ընդերքը գողացողների անունները:

Սակայն Նիկոլի հրաժարականի պահանջը (Սյունիքի պարագայում) դառնում է կասկածելի, երբ ամբողջ երկրամասի անունից փորձում են  հանդես գալ մարզի տեղական ինքնակառավարման մարմինները:

Ինչո՞ւ… Հանուն ճշմարտության փաստենք՝ Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների օրվա ներկայացուցիչները ներկայումս (եւ վաղուց) չեն արտացոլում սյունեցիների մտածումներն ու հավաքական կամքը: Բացառություն կարող են լինել Կապանի համայնքապետը, միգուցե եւ Տեղի ու Տաթեւի համայնքապետերը, ինչպես եւ  համայնքների ավագանու որոշ  անդամներ…

Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո այնքա՜ն ջրեր են հոսել, այնքան դիմակներ են մաշվել Սյունիքում, որ համայնքային իշխանությունների ու սյունեցիների շահերը ոչ միայն նույնը չեն կարող լինել, այլեւ հակոտնյա են:

Եվ ուրեմն՝ դեկտեմբերի 5-ի հայտարարությունը հազարավոր սյունեցիներ ընդունում են ոչ թե որպես իրենց հավաքական դիրքորոշման արտահայտություն, այլ մի քանի հոգու անձնական դիրքորոշում՝ թելադրված հայտնի խմբակի կողմից:

Հաջորդ եւ գլխավոր հարցը՝ ո՞վ կարող է դժվարագույն այս փուլում գլխավորել Սյունիքի տարածքային իշխանությունը՝ մարզպետարանը:

Նախ՝ Ազգային ժողովի պատգամավորներից եւ ոչ մեկը, քանի դեռ նրանք հրապարակավ չեն հայտնել իրենց դիրքորոշումը  հատկապես ամոթալի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ:

Քաջարանի հանքարդյունաբերողների հետ ներկայումս կապ ունեցեղներից եւ ոչ մեկը:

Սյունիքի նոր մարզպետը պետք է լինի սյունեցի. ընդ որում՝ ոչ ոք մեզ չի կարող մեղադրել տեղայնամոլության մեջ, քանզի Սյունիքը դարեր շարունակ հակառակն է ապացուցել:

Սյունիքի մարզպետ նշանակելու գլխավոր (ու անսակարկելի) չափորոշիչը պետք է լինի տվյալ թեկնածուի ազնվությունն ու անկեղծությունը Սյունիքի հանդեպ, նրա նվիրվածությունը երկրամասին եւ, իհարկե, բարոյական նկարագիրը:

Սյունիքի նոր մարզպետը չի կարող լինել որեւէ թայֆայի, որեւէ հանցագործ խմբավորման, որեւէ հարեմի շահերն արտահայտող անձնավորություն, նա պետք է լինի բոլոր սյունեցիների մարզպետը:

Կեղծավոր են բոլոր նրանք, ովքեր Սյունիքի մարզի համար «ուժեղ ձեռքի» տեսլականն են առաջ քաշում ու թմբկահարում::

Սյունիքը ոչ թե «ուժեղ ձեռքի», այլ բարոյական նկարագրով, ինտելեկտով, անկեղծությամբ ու ազնվությամբ, այս հողում արմատներ ձգած, այս հողում սրբություններ ունեցող, երկրամասի բնակչությանը միասնականացնող, երկլրամասի ունեցվածքը հայոց պետականությանը ծառայեցնելուն  պատրաստակամ  ղեկավար-անձնավորության կարիք ունի:

Իսկ նման մարդիկ Սյունիքում շատ  կան: Ընթերցողը ինքն էլ կարող է վերոնշյալ նկարագրով օժտված թեկնածուների անուններ հնչեցնել, եւ մենք հաճույքով կհրապարակենք նրանց անուններն ու կարծիքներ կփոխանակենք՝ կազմակերպելով հանրային յուրօրինակ քննարկում:

Եվ որպեսզի մեր  առաջարկությունն ինքնանպատակ չլինի, արձագանք ու  շարունակություն ունենա, ապա կարող ենք այդ շարքը սկսել, ասենք, Գեւորգ Փարսյանով, Աշոտ Մինասյանով, Վահե Մաքսիմի Հակոբյանով, բանաստեղծ Տիգրան Գրիգորյանով, հայտնի ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանով, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ  Պետրոսյանով …

Իսկ եթե, այնուամենայնիվ,  պահպանվում է «ուժեղ ձեռք» չափորոշիչը, ապա նման թեզի կողմնակիցներին հիշեցնում ենք՝ «ուժեղ ձեռք»-ի մեր պատկերացումը բոլորովին այլ է: Այսպես՝ բազում սյունեցիների կարծիքով «ուժեղ ձեռք»  չի կարող համարվել այն ստահակ մարզպետը, ով իր «ուժեղությունը» ցուցադրել է մարդկանց գլխին քրեական գործեր սարքելով, իր ընդդիմախոսներին ու իրեն մերժողներին դատարաններ ուղարկելով, երկրամասի ունեցվածքը գողանալով, մարդկանց հանդեպ մահափորձ կազմակերպելով, մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսելով, սյունեցու աստվածատուր ոգեղենությունը ջարդելով, մտավորականներին հետապնդելով, իր համար ստրուկների գվարդիա ստեղծելով, իր ընդդիմախոսների մեքենան հրկիզելով, պատմության մեջ առաջին անգամ Սյունիքում «ֆեյքերի» ֆաբրիկա կազմակերպելով, խոսքի ազատության եւ բնապահպանների դեմ անվերջ պատերազմ մղելով…

Եվ ուրեմն՝ մեծագույն անբարոյականություն է Սյունիքի դժբախտության վրա ձեռքեր տաքացնելն ու երբեմնի սելջուկ մարզպետի վերակենդանացման համար արահետ բացելը…

Սամվել Ալեքսանյան