• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Մասնագետները ներկայացրել են քաղցկեղի այն ախտանշանները, որոնք մարդիկ հաճախ են անտեսում

Автор:admin

Янв 15, 2020

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից է, որի ախտանշանները չափազանց բազմազան կարող են լինել: Այդ ախտանշանների թվում լինում են այնպիսինները, որոնք բնավ վտանգավոր չեն թվում, ինչի հետևանքով մարդիկ դրանք հաճախ անուշադրության են մատնում:

Ինչպես գրում է գերմանական Focus.de պորտալը, քաղցկեղի որոշ ախտանշաններ մարդիկ հաճախ ասոցացնում են ոչ շատ վտանգավոր հիվանդությունների հետ, ինչն էլ դառնում է հիվանդության հետագա զարգացման պատճառ: Սակայն խնդիրն այն է, որ քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դրանից է կախված հիվանդության բուժման արդյունավետությունը:

Մասնագետները ներկայացրել են քաղցկեղի այն ախտանշանները, որոնք մարդիկ հաճախ են անտեսում:

Հազ

Հազն այն ախտանշաններից է, որը սովորաբար պայմանավորված է լինում մրսածությամբ, գրիպով կամ նմանատիպ այլ հիվանդությամբ: Նման դեպքերում հազը չպետք է դառնա լուրջ անհանգստության պատճառ, սակայն եթե այն պահպանվում է բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Մասնագետների խոսքով՝ մշտական հազը հարկավոր է անպայման պահել վերահսկողության տակ՝ թոքերի քաղցկեղի հավանականությունը բացառելու, իսկ խնդրի առկայության դեպքում էլ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար:

Ստամոքսի այրոց

Ստամոքսի այրոցը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնց շարքին են դասվում սթրեսը, յուղոտ մթերքը կամ սննդակարգում մեծ քանակությամբ քաղրավենիքի պարունակությունը: Եթե այս տհաճ խնդիրն ի հայտ է գալիս ժամանակ առ ժամանակ, ապա անհանգստանալու պատճառ չկա, սակայն մշտական այրոցը կարող է պայմանավորված լինել կոկորդի կամ ըմպանի քաղցկեղով:

Մաշկային քոր

Խալի հատվածում մշտական քորի կամ այրոցի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ այս ախտանշանով հաճախ դրսևորվում է մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը: Սակայն մելանոման քաղցկեղի միակ տեսակը չէ, որը դրսևորվում է քորով. այս ախտանշանը կարող է հուշել անգամ լյարդի քաղցկեղի, մարսողական տրակտի քաղցկեղի, ձվարանի քաղցկեղի կամ թոքերի քաղցկեղի մասին: Քաղցկեղով պայմանավորված քորը սովորաբար չի ուղեկցվում ցանով կամ բշտիկներով և կարող է ի հայտ գալ ջրի հետ մաշկի շփման դեպքում:

Կղանքի մեջ արյան հետքերի առկայություն

Կղանքի մեջ արյան հետքերի առկայությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնք ոչ միշտ են վտանգավոր լինում: Սակայն եթե այս ախտանշանը նկատվում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել քաղցկեղի հավանականությունը հերքելու համար:

Ավշային հանգույցների մեծացում

Եթե ավշային հանգույցները մեծանում են և խնդիրը պահպանվում է բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ: Սա կարող է պայմանավորված լինել լիմֆոմայով, ուստի հարկավոր է զգոն լինել ու չանտեսել խնդիրը: