• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Հորդորում ենք գոնե պատերազմի ժամանակ սպասարկել Հայաստանի շահը՝ ձեռնպահ մնալով երկրում երկիշխանության հրահրման և սողացող հեղաշրջման ցանկացած փորձից:

Автор:admin

Окт 18, 2020

Կարևորելով իշխանությունների և պետական-կուսակցական փորձառու գործիչների միջև գործուն հաղորդակցություն, քաղաքական բազմակարծություն և քաղաքական համակարգի կենսունակություն ապահովելը նույնիսկ պատերազմական շրջանում, ինչը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի երբեմնի համարումը մեր երկիր վերադարձնելու երաշխիք է, ողջունում ենք քաղաքական յուրաքանչյուր համախմբում:

Միևնույն ժամանակ խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու և նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտելու վերաբերյալ 14 կուսակցությունների պահանջը: Դրա հետևանքով տարածաշրջանային գերտերությունների շահերի փաստացի բախման պայմաններում հայտնված Հայաստանի քաղաքական համակարգը կզրկվի մանևրի հնարավորությունից: Այն կկրկնի 1999 թվականի հունիսի 15-ի հայտնի ժողովի փորձը, որից հետո քաղաքական ուժերը «համախմբվեցին» կառավարությունում, ինչի հետևանքով համակարգը զրկվեց մանևրի հնարավորությունից և հավասարակշռությունից. դրանից չորս ամիս անց ԱԺ մտան ահաբեկիչները։

Հորդորում ենք գոնե պատերազմի ժամանակ սպասարկել Հայաստանի շահը՝ ձեռնպահ մնալով երկրում երկիշխանության հրահրման և սողացող հեղաշրջման ցանկացած փորձից: Իսկ ՀՀ Զինված ուժերից պահանջում ենք գործել ռազմական դրության պայմաններին համարժեք: