• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Հոկտեմբերի 27-ից` Մարտի 1. Քոչարյանի արյունոտ իշխանության հետագիծը| 1in.am

Автор:admin

Мар 1, 2021

Այսօր մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրերից մեկն է: Արդեն տասներեք տարի էմարտի 1-ը Հայաստանում ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, բնության զարթոնքի, այլ իշխանության արյունոտ հաշվեհարդարի, սեփական քաղաքացիների դեմ իրականացված ոճիրի հետ: Դժվար է անգամ պատկերացնել, որ որևէ նույնիսկ օկուպացիոն իշխանություն կարող է իր պաշտոնավարման տաս տարիների ընթացքում դառնալ երկու արյունոտ սպանդի, պետականության դեմ ուղղված աննախադեպ հանցագործությունների հեղինակ: Հոկտեմբերի 27-ն Հայաստանի պետական ավագանու, ինքնիշխանության գաղափարն ու արժեքն իր մեջ կրող էլիտայի դեմ ուղղված քայլ էր: Այդ օրը կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը: Միայն այդ ճանապարհով Հայաստանում հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումը. վերջինս «անգլիական թագուհուց» վերածվեց ավտորիտար ղեկավարի` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին:

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միայն Ռոբերտ Քոչարյանի փառասիրությունը, քինախնդրությունը, հարստանալու անհագ մոլուցքը չէին կարող Հոկտեմբերի 27-ի մոտիվ դառնալ, եթե Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունները չհամընկնեին Մոսկվայի` Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու, մեր երկիրն օկուպացնելու ձգտման հետ: Հոկտեմբերի 27-ը Մոսկվայի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության համատեղ ոճիրն է Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ:

Սակայն նույնիսկ նման աննախադեպ ոճիրից հետո Հայաստանի հասարակությունը պահպանում էր իր սուբյեկտությունը, խոչընդոտում էր Հայաստանի օկուպացիային: Քոչարյանի իշխանությունը, Մոսկվան հզոր հասարակական դիմադրության հանդիպեցին 2003-04թթ-ին, 2008-ի համաժողովրդական շարժման զարթոնքի օրերին: Մարտի 1-ը եկավ փոխլրացնելու Հոկտեմբերի 27-ին: Մարտի 1-ն արյունոտ հաշվեհարդար էր պետականության և ազատության հիմնական ամրոցի` հասարակության դեմ: Ռուսական կայսրությունը, նրան հպատակ, օտարածին ռեժիմը հասկացան, որ քանի դեռ ոչնչացված չէ Հայաստանի հասարակության դիմադրությունը, սուբյեկտությունը, անհնար է մեր երկրի վերջնական օկուպացիան, հնազանդեցումը:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի արյունոտ սպանդը, Հայաստանի քաղաքացիների գնդակահարությունը տեղի ունեցան Պուտին – Քոչարյան մոսկովյան հանդիպումից հետո: Այսօր հիշատակի օր է, երբ մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի տաս հպարտ քաղաքացիների շիրիմների, անմեռ հիշատակի առջև:

Միևնույն ժամանակայսօր պայքարի և վճռականության օր է այն վստահ ու հաստատ գիտակցումով, որ Հայաստանը չի վերագտնի իր ազատությունն ու արժանապատվությունը, քանի դեռ ամբողջովին բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Հետհեղափոխական Հայաստանում Մարտի 1-ի բացահայտումը դարձել է առաջնահերթություն, ճաղերի հետևում է այդ իրադարձությունների հիմնական պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյանը, ու այսօր հասարակությունը սպասում է դատավարության հանգուցալուծմանը՝ ստանալու համար իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք լույս կսփռեն ոչ միայն կոնկրետ հանցագործության հետ կապված շատ հանգամանքերի վրա, այլ նաև կամբողջացնեն արյունոտ տասնամյակի խորհրդանիշ ռեժիմի իրավա-քաղաքական գնահատականը։

1in.am