• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Հիմա Վաչեն Եռաբլուրից հսկում է մեր Երևանյան խաղաղ գիշերները

Автор:admin

Ноя 28, 2020

1999թվականի օգոստոսի 11-ին,Երևանում Մուրադյանների ընտանիքում ծնվեց ընտանիքի ավագ որդին Վաչեն։Նա ծնվել է արևի խավարման օրը։Այդ օրվա ծնվածները խելացի ու բանիմաց են լինում։Իսկ Վաչեն հենց այդպիսինն էր՝մանկությունից մինչև պատանեկություն։
Խելացի էր Վաչեն,համեստ,մաքրասեր ու կոկիկ։Նա իր ամեն արած քայլի շուրջ երկար էր մտածում։Վաչեն ունի իրենից փոքր եղբայր ու նա հոգատար էր ընտանիքի անդամների հանդեպ։
Սովորել է Վահան Զատիկյանի անվան 90 դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել է 112 ավագ դպրոցում։
Սովորում էր Մաշտոցի անվան համալսարանում ,հաշվապահական հաշվառման ֆակուլտետում։
Չէր շտապում մասնագիտության ընտրության հարցում,որովհետև ուզում էր հանգիստ մտածել և նոր ընտրություն կատարել։Այդպիսին էր նա բոլոր հարցերում և միայն հայրենիքի պաշտպանությունն էր,որին ընդառաջ նա գնաց,առանց մեկ վայրկյան ավել մտածելու։
Նա սիրում էր ամեն ինչից տեղեկացված լինել։2-րդ կուրսի ուսանող էր,երբ եկավ բանակ զորակոչվելու ժամանակը։2018 թվականի հունվարին զորակոչվեց բանակ և ծառայեց Ջաբրաիլում։Սերժանտ էր և ծառայությունը պատվով էր կատարում։
Այդպես անցան 2 տարիները և Վաչեն անփորձանք զորացրվեց,երջանկությամբ մայրը գրկեց որդուն,մտածելով,որ որդին կյանքի այս փուլն էլ անվնաս հաղթահարեց։
Ուսումը գնացել էր շարունակելու և զորացրվելուց ընդհամենը ամիսներ անց սկսվեց պատերազմը։Վաչեն տեսնում էր ընկերներին վիրավորված,հիվանդանոցներում ու շատ էր սրտնեղում,տեղը չէր գտնում։Քունը կորցրած անգամ հաց չէր ուտում և նա հստակ,որոշել էր,որ պետք է գնա,ասելով.«Սա իմ կռիվն է,ես պիտի գնամ»։
Հոկտեմբերի 4ին նա արդեն ճանապարհ ընկավ,հասնելու իր ընկերներին ու հայրենիքին օգնության։Նա արդեն ծանոթ էր Արցախի ամեն քար ու թփին,գիտեր ծառերի տեղը ու ընկերների համար նուռ ու սերկեվիլ էր քաղում։Սիրտը հանգիստ էր,որ ինքն արդեն առաջնագծում էր։Հոկտեմբերի 7-ին նա վերջին անգամ խոսեց ընտանիքի հետ,երբեք չիմանալով,որ վերջինն է ու վերջին անգամ ասաց.«Ամեն ինչ նոռմալ է,հանգիստ եղեք»։
Հոկտեմբերի 8ին չար լուրը հասավ ընտանիքին,կամավոր որդին առաջնագծում հերոսացել էր։
Հիմա Վաչեն Եռաբլուրից հսկում է մեր Երևանյան խաղաղ գիշերները ու նա հավերժ մնացել է պատերազմում։Իր գործով,տեսքով ու արարքով անթերի Վաչեն։Խոնարհվում եմ քո առաջ,որ այդքան ուժ ես գտել քո մեջ կամավորագրվելու և հաղթելու։

Փառք քեզ Վաչե Մուրադյան

Ճանաչենք մեր Հերոսներին

Անի Ավետիսյան