• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Հենց այս դատական համակարգն էլ կկտրի այս իշխանության գլուխը. իշխանությունը փոփոխություն անելու ժամանակ ուներ՝ չարեց

Автор:admin

Ноя 17, 2020

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը զավեշտալի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը բավական բոցաշունչ հայտարարություն էր տարածել, որտեղ, մտահոգվելով երկրում ստեղծված իրավիճակով, դատավորներին կոչ էր արել իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել իրենց իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով, հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, ինչպես նաև հարկ էր համարել ընդգծել, որ որևէ մեկը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել իրենց իրավասությունների դաշտ: «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունե՞նք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե՞ ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- գրել էր ԲԴԽ նախագահը։

Գյոզալյանի համար զավեշտալի է այդ հայտարարությունը, քանի որ երկու տարի առաջ, երբ վարչապետը խոսեց «դռների տակ վնգստացող դատավորների մասին», նույն Վարդազարյանը փորձում էր մանևրել, ասում էր, որ դա ընդհանուր համակարգին չի վերաբերում, նման դատավորները գիտեն՝ դա ում մասին է և այլն։ «Իսկ երեկվա հայտարարության մեջ մի տեսակ ագրեսիա կար։ Իմ մոտ տպավորություն էր, որ նա վիրավորված էր ու երեկ դրսևորեց իր վիրավորվածությունը, որը, կրկնում եմ, զավեշտ է ինձ համար, քանի որ, եթե ասելիք կար, դա պետք է ասվեր ճիշտ ժամանակին, երբ որ արվել էր այդ արտահայտությունը։ Չգիտեմ, այս հայտարարությունը սաբոտաժ է, թե չէ, դա մի քիչ քաղաքական տերմին է, բայց եթե ԲԴԽ նախագահի այդ հայտարարությունը համադրում ենք նաև ձերբակալության իրավաչափության վերաբերյալ երեկվա դատավարությունների հետ, ապա առնվազն ողջամիտ կասկածի տեղիք է տալիս այս ամենը, որ սա սաբոտաժ է։ Այդ հայտարարությունը զուտ վիրավորված դատավորի հայտարարություն չէր, դա շատ ավելի խոր արմատներ ուներ։ Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը ողջամիտ կասկած է»,- ասաց Գյոզալյանը։

Մեր դիտարկմանը՝ ողբերգական չէ այն իրավիճակը, երբ դատական իշխանությունը ոգևորվում է քաղաքական փոփոխություններից, կամ բացահայտ ցանկանում է նախորդ կոռումպացված ռեժիմի վերադարձը, փաստաբանը պատասխանեց. «Դուք ինչ եք պահանջում մի դատական համակարգից, որտեղ վերջին ամսվա ընթացքում խայտառակ ընտրություններ տեղի ունեցան, և այդ ամբողջ համակարգից միայն 2-3 դատավոր գտնվեց, որ խոսեց դրա մասին։ Եթե նրանք դատական համակարգի նվիրյալներ էին, շատ լավ կլիներ՝ այդ ժամանակ խոսեին, արտահայտեին իրենց նվիրվածությունը։ Սա իմ մոտ միայն ժպիտ է առաջացնում»։ «Ես ցավում եմ այդ համակարգի համար։

Ցավոք, այդ համակարգում նվիրյալներ չկան ու իրենցից մեծ բաներ ակնկալել պետք չէ։ Այդ համակարգը պետք է հիմնահատակ փոխվեր»։ Գյոզալյանը նաև հավելեց. «Մի կողմից էլ շատ ուրախ եմ այս վիճակի համար, քանի որ սա այն հարվածն է, այն ապտակն է, որը տրվեց այս իշխող ուժին։ Ժամանակին, երբ որ մեր համայնքի կողմից բարձրաձայնվում էր, թե այդ ո՞ւմ եք ուղարկում ԲԴԽ, այդ ո՞ւմ եք ուղարկում Սահմանադրական դատարան, հարց էինք բարձրացնում, թե 2.5 տարվա մեջ ինչու ոչ մի բան չի փոխվում դատական համակարգում։ Մեր այս հարցերին մի պատասխան էր տրվում, թե հեսա օրենքը կփոխենք ու ամեն ինչ լավ կլինի։ Օրենքը փոխվեց, բայց ոչ մի բան էլ չփոխվեց»։ «Եվ ես կարծում եմ, որ հենց այս դատական համակարգն էլ կկտրի այս իշխանության գլուխը։ Իշխանությունը ժամանակ ուներ փոփոխություններ անելու, բայց չարեց, չօգտագործեց այդ ժամանակը։ Հիմա կքաղեն դրա պտուղները»,- եզրափակեց Գևորգ Գյոզալյանը։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ են ԲԴԽ նախագահի կարծիքը, և արդյո՞ք դա սաբոտաժի կոչ չէ դատական իշխանությանը։ Բեքմեզյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ է մնում այդ հայտարարությունը մեկնաբանելուց, քանի որ դա միայն Վարդազարյանի հայտարարությունն է։ «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ դատավորները պետք է լինեն անկախ, ենթարկվեն միայն օրենքին և որևէ սուբյեկտ ոչ մի պարագայում չպետք է խոչընդոտի դատավորի գործունեությանը։ ԲԴԽ-ի հիմնական գործառույթն է՝ ապահովել, որ դատավորները անվտանգ աշխատեն»,- ասաց ԲԴԽ-անդամը։

Մեր դիտարկմանը՝ դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը քաղաքական իրադրությունների փոփոխությամբ պե՞տք է կոչերով դիմի դատավորներին, Բեքմեզյանը պատասխանեց. «Քաղաքական անցուդարձը որևէ պարագայում չպետք է որևէ ազդեցություն ունենա դատական իշխանության վրա։ Դատական իշխանությունը ապաքաղաքական մարմին է, և դատական իշխանության ներկայացուցիչները պետք է շարունակեն պահպանել չեզոքությունը, որպեսզի օբյեկտիվ և անկախ իրականացնեն իրենց սահմանադրական գործառույթը»։

Գրիգոր Բեքմեզյանը նաև ասաց, որ Ռուբեն Վարդազարյանն իր այդ հայտարարությունը խորհրդի անդամների հետ չի քննարկել։