• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

Հայաստանը 30 տարի հավատարիմ ծառայեց Ռուսաստանին, դիմացը ստացանք այն, ինչ ստացանք

Автор:admin

Дек 1, 2020

Մեր զրուցակիցն է քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյան

Ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի վստահության քվե այլևս, բայց մյուս կողմից վարչապետն էլ հայտարարում է, որ ընդդիմության պահանջները բավարար աջակցություն չեն գտնում հանրության շրջանում: Ձեր կարծիքով, որքանով վստահության պաշար ունի Փաշինյանը:

Իմ կարծիքով, և Փաշինյանը, և ռևանշիստները, մասնավորապես ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, որոնք այսօր միավորվել են և փորձում են փողոցային պայքար իրականացնել, հանրային լայն աջակցություն չունեն: Առհասարակ, այս պահի դրությամբ լրջագույն ձևով տատանվել է ռուսամետ կուսակցությունների վարկանիշը, որովհետև մարդիկ հիասթափված են Ռուսաստանի վարքից՝ կապված ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ: Հայ ժողովրդի մեծամասնությունն իրեն այնպես է զգում, որ ՌԴ-ն դավաճանել է Հայաստանին: Բնականաբար, այն ուժերը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ մնալու, շարունակելու, համատեղ ապագա ունենալու կարգախոսներով, այդ ուժերը լայն աջակցություն չեն կարող ստանալ:

Ստեղծված իրավիճակում դուք տարբերակներ էիք առաջարկում, ըստ որի վարչապետը պետք է հրաժարական տար, սակայն ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում:

Ես տարբերակներ առաջարկում էի թե պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ, թե ինչ անել, որպեսզի այսպիսի ազգային աղետի չհասնենք: Հիմա այս պահին հասկանալի է, որ Փաշինյանի կառավարությունը ստորագրել է կապիտուլյացիա: Ռևանշիստական ուժերը ևս հռչակում են, որ պատրաստ են սպասարկել կապիտուլյացիան, սակայն Նիկոլ Փաշինյանից ավելի լավ: Քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ ձախողված կերպար է, իսկ իրենք իրենց համարում են արդեն ոչ այնքան ձախողված, որովհետև որոշակի ժամանակ է անցել իրենց տապալումից հետո, իրենք գտնում են, որ կարող են կապիտուլյացիան ավելի լավ սպասարկել: Թե մեկը, թե մյուսը վիճում են ոչ թե հայ ժողովրդի աչքում լիդեր լինելու համար, այլ ՌԴ աչքերում լիդեր լինելու համար՝ կապիտուլյացիան սպասարկելու հարցում: Իմ կարծիքով, այս իրավիճակից ելքն այդ տիրույթում չէ՝ լավ կամ վատ կսպասարկեն կապիտուլյացիան: Կապիտուլյացիան իրողություն է և դրանից դուրս գալու համար հարկավոր են լրջագույն փոփոխություններ՝ սկսած անվտանգության համակարգի փոփոխությունից, ավարտած Հայաստանում սահմանադրական կարգի և դրանից բխող բոլոր քաղաքական փոփոխություններով: Մարդիկ հասկանում են, որ դրա անհրաժեշտությունը կա, և նշված ուժերի մեջ այդ ամենը չեն տեսնում: Տրամաբանական է, որ ողջամիտ առաջարկությունները, որ անկեղծ արվում էին այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը, չէին կարող հետաքրքրել ոչ Փաշինյանին, ոչ էլ իր կառավարությանը, որովհետև այդ կառավարությունը այլ բաներով է զբաղված: Ոչ թե առաջնորդվում է ազգային շահերով, այլ մտածում է ինչպես իշխանությունը պահել, և դրա համար ինչպես ամեն օր սպասարկել Ռուսաստանի շահերը: Այդպես է այսօր դիտվում իշխանությունը պահելու մեթոդը: Դա ավանդական մեթոդ է եղել ՀՀ-ում: Մի կարճ ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր լեգիտիմության հաշվին կարող էր լինել ինքնուրույն և Հայաստանն էլ տանել այդ ճանապարհով, բայց պարզվեց, որ առհասարակ այդպիսի հնարավորություն ի սկզբանե չէր եղել, որ իշխնության փոխանցումը, որ տեղի էր ունեցել, այնպիսի սահմանափակումներ ուներ Նիկոլ Փաշինյանի համար, որ ինքն ընդամենը ուներ այս նեղ ճանապարհը, որով գնում էր, որ իր գլխին չջարդվեր այս պատերազմը և դրա բացասական հետևանքները: Այսօր իրենց բոլորի համար միակ հույսը Ռուսաստանն է: Դրա մասին իրենք բաց ասում են:

Ելքն այս իրավիճակում ո՞րն է:

Ելքն ասացի՝ Հայաստանը պետք է փոխի իր անվտանգության համակարգը: Այսօր մեր երկիրը կարիք ունի և ռազմական, և քաղաքական օժանդակության, մեր երկրի ռազմական դաշնակիցը պետք է լինի Ֆրանսիան, եթե մենք ուզում ենք լինել ապահով: Մեր հակաօդային պաշտպանությունը, որը գտնվում էր ՌԴ ներքո, տեսանք, թե ինչպես տապալվեց: Բնականաբար, հարկավոր է գտնել նոր լուծում, իսկ նոր լուծումը ո՞րն է՝ ունենալ ֆրանսիական հակաօդային պաշտպանություն, ունենալ ֆրանսիական զորքերի ներկայություն: Ֆրանսիան է այն երկիրը, որ այս ողջ ընթացքում ցույց տվեց, որ ինքը հայ ժողովրդի կողքին է: Նման իրավիճակում հայ ժողովրդի կողմից դրան չարձագանքելը կլինի մեծագույն սխալ: Շարունակել մնալ նույն անվտանգության համակարգում, որը բերեց մեր բանակի կոլապսին, դա մեծագույն անհեթեթությունը կլինի: Բնականաբար, և արտաքին քաղաքականությունը, և ներքին հարաբերություններն արմատական փոխելու համար լուրջ քաղաքական փոփոխություններ են հարկավոր, որը ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ռևանշիստական ուժերը, բնականաբար, հայ ժողովրդին առաջարկել չեն կարող:

30 տարի մեր ժողովրդին պահել են Ռուսաստանի հովանու ներքո, և այսօր մեր ժողովուրդը կանգնած է կոտրած տաշտակի առջև: Առհասարակ մարդկանց հետաքրքիր չէ՝ ով է դրա համար ավելի շատ պատասխանատու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը: Բոլորն էլ պատասխանատու են: Հիմա խնդիրն այն է՝ շարունակե՞լ մնալ այդ կոտրած տաշտակի առջև, թե փոխել ինչ-որ մի բան: Իսկ փոխել նշանակում է ազատվել այն կապանքներից, որը մենք ունեցել ենք այսքան տարիներ: Մենք հավատարիմ ծառայեցինք Ռուսաստանին, դիմացը ստացանք այն, ինչ ստացանք: Մենք Ռուսաստանին ոչինչ պարտք չենք, և մեր ժողովուրդը բարոյական, քաղաքական, իրավական իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավորությունները և նոր էջ բացել իր կյանքում: Պետք է 2 դար տևող այսպես կոչված դարավոր եղբայրությունն ամփոփել, խորին շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ամեն ինչի համար և ընտրել այլ ճանապարհ, որտեղ դմինանտը կլինի հայ ժողովրդի ազգային շահերը, ոչ թե ՌԴ կառավարության այսօրվա կոնյունկտուրային շահերը: