• Пт. Июн 25th, 2021

Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի. խաղաղության պայմանը

Авг 25, 2020

1in.amը գրում է:Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստել է աշխարհազորի կազմավորման և համակարգման օրենսդրական նախագիծ, որը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման նպատակով: Նախագիծը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աշխարհազորի ձևավորման և համակարգման աշխատանքում դրանց դերին, որը թույլ կտա էապես բարձրացնել կամավորական հավաքագրման կառավարելիությունն ու կազմակերպվածությունը:ՊՆ նախաձեռնությունը այլ կերպ հնարավոր է գնահատել ազգ-բանակ ռազմավարության կամ հայեցակարգի տրամաբանության շրջանակում: Հայեցակարգ, որը Երևանը բարձրաձայնեց դեռևս 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյայից հետո, ինչը, սակայն, դարձավ ներքաղաքական խաղարկումների առարկա՝ ասոցացվելով տվյալ ժամանակի իշխող իշխանության քաղաքական շահերին: Այդ ասոցիացիան բխում էր այդ իշխանությանն ընդդիմադիր դիրքավորված խմբերի և ուժերի մի զգալի մասի շահերից: Դրանց արանքում տուժեց կարևորագույն և անհրաժեշտ ազգ-բանակ հայեցակարգը: Անհրաժեշտ այն իմաստով, որ Հայաստանն իր զուտ անվտանգային ֆունկցիոնալ ինստիտուտների առումով անկարող է համարժեք արձագանքել եղած ռեգիոնալ մարտահրավերներին, և դրա համար անհրաժեշտ է համապետական վերակազմակերպման մեխանիզմների առկայություն: Այդ հանգամանքը նույնականացվեց համապետական կյանքը զորանոց վերածելու մեկնաբանության հետ, ինչը թյուր մեկնաբանություն է:

Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է տիրապետի համապետական կյանքը պաշտպանական ընթացիկ խնդիրների սպասարկման բերելու ճկունության, երբ լինի դրա անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի համապետական կյանքը առավելագույն օպերատիվությամբ լայնածավալ պատերազմի հնարավոր սպառնալիքի պարագայում համարժեք ռեժիմի բերելուն, ինչը պետք է ենթադրի նաև աշխարհազորների արագ և կազմակերպված ձևավորման մեխանիզմի առկայություն, որը չի առաջացնի տարերայնություն և դրանով իսկ անհրաժեշտ ռեսուրսը «չի վերածի» ակամա, անգամ լավագույն մղումներով, սակայն խանգարող ռեսուրսի:

Այդ իմաստով ՊՆ նախաձեռնությունը և օրենսդրական նախագիծը ըստ էության լայնածավալ պատերազմի պատրաստ լինելու մասին է, այլ կերպ ասած՝ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, որովհետև միայն դրան համալիր և համընդհանուր մեխանիզմներով ու ազգ-բանակ տրամաբանությամբ պատրաստ Հայաստանն է, որ կզսպի որևէ մեկի ագրեսիվ հավակնությունը և առավելագույնս կզսպի լայնածավալ պատերազմի վտանգը՝ դառնալով խաղաղության պարտադրման բանաձևի կանխարգելիչ կարողության էական գործոն: