• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

«Հա՛մ հետևից էին գոռում՝ հայեր ենք, հա՛մ ներքևից էին գոռում՝ արի մեզ մոտ. անորոշ վիճակ էր» (տեսանյութ)

Автор:admin

Дек 13, 2020

20-ամյա Կարապետ Հարությունյանը պատերազմի թեժ օրերին Մարտունիում  է ծառայել, վիրավորում ստացել է արդեն նոյեմբերի 4-ին։

Ժամկետային զինծառայողը նախ ոտքի բեկորային վնասվածք է ստացել, ապա հակառակորդի դիպուկահարի 4 փամփուշտները կրկին ոտքերին են դիպել, ասում է՝ հրաշք էր, որ ողջ եմ: Պատերազմի թեժ օրերն ու ծանր պահերը Կարապետը մե՛կ ժպիտով է հիշում, մե՛կ տխրում, կորցրած ընկերներին է  հիշում

«Ընկերս երբ վիրավորվեց, հանեցի սաղավարտս, ժիլետս, զենքս անգամ թողեցի, որ իրեն վերցնեմ, տանեմ թաքստոց, մինչև օգնություն ցույց կտան, բայց իրեն ուսերիս վրա տանելուց սնարյադն ընկավ, ու բեկորային վնասվածք ստացա, ընկերս իր ուժերով մի կերպ դուրս եկավ, հետո շրջափակման մեջ ընկանք, չգիտեինք՝ որ կողմն են մերոնք, որ մասում ենք գտնվում, անընդհատ ծուխ, կրակոց, ինքնաթիռ, ու իմ վրա սկսեց աշխատել սնայպերը, կրակեց, ոտքերիս կպավ, ցավերի մեջ թեքվեցի` ասացի՝  գլխիս խփի, չեմ դիմանում, ցավում է»։

Կարապետը պատմում է՝ վիրավորվել է առավոտյան ժամը 11-ի մոտակայքում, արդեն խրամատ է հասել երեկոյան 7-ի կողմերը․

«Ամեն անգամ, երբ սնայպերը խփում էր ինձ, ես մահացած էի ձևանում, ինքը արդեն ուղղությունը փոխում էր ուրիշ մարդկանց վրա, մի 40 րոպե սպասում էի, սնայպերը հանդարտվում էր, դուրս էի գալիս, նորից էր կրակում, դրանից բացի՝ շատ անորոշ վիճակ էր, համ հետևից էին

գոռում՝ հայեր ենք, արի մեր մոտ, համ ներքևից էին գոռում՝ արի մեր մոտ, ուղղակի բլրի վրա էի, բարձունքը սողալով բարձրանալը դժվար էր, ասեցի՝ ինչ ուզում էի լինի, իջնելու եմ ներքև, իջա, ու բախտս բերեց՝ մեր տղաներն էին»։

Կարապետի հայրը, եղբայրը ևս պատերազմին են մասնակցել, ասում է՝ չգիտեր՝ հոր, եղբոր, թե ընկերների մասին մտածի․

«Ես Մարտունիում էի, ախպերս Քելբաջարում էր, հայրս էլ Ջաբրայիլում էր, այնքան ուրախ եմ, որ ինչ եղել է, ինձ է եղել։ Զանգում էի տուն, ասում էի՝ պապայից նորություն կա՞, ասում էին՝ հա, բայց ուրիշ տեղից իմանում էի, որ մի շաբաթ տուն չի զանգել»։

Կարապետը հիմա վերականգնողական բուժման փուլում  է, բժիշկները խոստացել են՝  որոշ ժամանակ անց արդեն ինքնուրույն առաջին քայլերը կանի։

https://youtu.be/JNusoUYVsBE