• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

«Կարդաց և հուզվեց». անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի. armeniasputnik.am

Автор:admin

Ноя 24, 2020

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատների նամակը։
Անհետ կորած զինվորներից մեկի հարազատը` Եղիշե Զաքունցը հայտնեց, որ նամակը ստացել է Անդրեյ Շանինը` դեսպանի խորհրդականը։

«Նա կարդաց նամակը, որտեղ նշված էր, որ կան բազմաթիվ անհետ կորածներ։ Բացի այդ, կան նաև ծնողներ, որոնց ասել են, որ որդիները զոհվել են, սակայն դիերը չկան։ Շանինն ասաց, որ այս ամենի մասին մինչ այս միայն ԶԼՄ–ների միջոցով են իմացել, իսկ հիմա արդեն պետական մակարդակով կզբաղվեն այս հարցերով։ Նա հուզվել էր»,–ասաց Զաքունցը

Շանինը վստահեցրել է` նամակին ընթացք են տալու, այն փոխանցելու են դեսպանին, ինչպես նաև մի քանի ժամվա ընթացքում նամակը կլինի Մոսկվայում։ Զաքունցն ասաց, որ դեսպանատնից խոստացել են` կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն անհետ կորածների հարազատներին գտնել իրենց երեխաներին։

Ըստ Զաքունցի՝ անհետ կորածների մեծ մասը Հադրութ–Ջաբրայիլ ուղղությամբ են եղել, և պետք է քայլեր իրականցնեն, որպեսզի նշված տարածքներում որոնողական աշխատանքներ կատարվեն։

Նշենք, որ մինչ ՌԴ դեսպանատան առջև հավաքվելը, անհետ կորած զինծառայողների հարազատները պաշտպանության նախարարության առջև էին։ Նրանք վստահեցնում են` մինչև վերջ գնալու են, որպեսզի օր առաջ փորձեն գտնել իրենց երեխաներին։

Հավելենք, որ նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին ՊՆ շենքի դիմաց։ Արդեն երեկոյան նրանք իջան կառավարության շենքի մոտ, որտեղ հանդիպում ունեցան վարչապետ Փաշինյանի հետ։

Ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց հարցերով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի 1678 զոհվածների անուններ։

Գերիների և անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

armeniasputnik.am