• Вт. Июн 22nd, 2021

Կապանում ոստիկանների բո՞ւնտ է (Syuniac Yerkir Newspaper)

Авг 1, 2020

Ըստ Սյունիքի մարզկենտրոնում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունների՝ հուլիսի 31-ի երեկոյան ոստիկանության Կապանի բաժնում մի խումբ ոստիկաններ հայտարարություն են արել՝ ծառայությունից հրաժարվելու եւ աշխատանքից ազատվելու մտադրության մասին:

Ոստիկաններն անհամաձայնություն են հայտնել վերջին շրջանում բաժնում կատարված կադրային որոշ նշանակումների, ինչպես եւ աշխատանքային ու ծառայողական առանձին  հարցերի հետ:

Ի դեպ, օրեր առաջ Կապանի բաժնում նշանակվել է նոր պետ, նոր ղեկավար է նշանակվել նաեւ պահակային ծառայությունում:

Որպես քարե կանոն, Սյունիքում ավանդաբար ղեկավարներ են նշանակվում բացառապես ոչ սյունեցիները (սյունեցիներին պատասխանատու պաշտոնների նշանակել չի կարելի), իսկ եղած սյունեցի պաշտոնյաններն էլ հնարավորինս դուրս են մղվում:

Կապանի ոստիկանության վերջին նշանակումներն էլ, ըստ երեւույթին, այդ տրամաբանությամբ են կատարվել:

Հուլիսի 31-ին Սյունիք էր այցելել հանրապետության փոխոստիկանապետի առաջին տեղակալ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Հենց նրա այցն էլ առիթ էր դարձել, որ Կապանի ոստիկանության քրեական ծառայության աշխատակիցներն  արտահայտեն իրենց մտահոգությունները:

Օրեր առաջ էլ դժգոհություն էին հայտնել Կապանի պահակային ծառայության աշխատակիցները:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պատասխանատուներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Սյունյաց երկրին» տեղեկացրեց, որ միջադեպը հաղթահարված է, ոստիկաններն անցել են իրենց բնականոն ծառայության:

Իսկ ՀՀ ոստիկանապետի  առաջին տեղակալն այսօր վերադարձել է մայրաքաղաք:

Հ.Գ.

Տեղի ունեցածի վերաբերյալ ակնկալում ենք ոստիկանության Կապանի բաժնի կամ ոստիկանության մարզային վարչության պաշտոնական եւ առավել ստույգ տեղեկատվությունը: