• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Կան դիակներ, որոնց մասով կասկածներ, որ գնդակահարվել են գերեվարվելուց հետո

Автор:admin

Ноя 23, 2020

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է հայկական կողմի կողմից ներկայացված դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այս պահի դրությամբ արդեն իսկ 29 ռազմագերու վերաբերյալ գործ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 9 հաստատված գործով կառավարությունն է դիմում ներկայացրել ՄԻԵԴ։ Այս պահին նախապատրաստվում են ևս 5 ռազմագերու վերաբերյալ գործեր, որոնք առաջիկայում կներկայացվեն Եվրոպական դատարան։

Գերիների գործերով զբաղվող փաստաբանական թիմը երեկ հիշեցրեց, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 27-ը։ Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Փաստաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին նախապատրաստվող և արդեն իսկ ներկայացված գործերը գրեթե անհերքելի գերեվարման դեպքեր են և բացառապես վերաբերում են ռազմագերիներին։ Գերիների մասով էլ 1 տասնյակի հասնող հաստատված դեպքեր են։ «Մենք մեր ձեռքի տակ ունենք երկու-երեք տասնյակ գործեր, որոնք կասկածելի են, ունենք հիմնավոր կասկած, որ դրանք գերեվարումներ են, պարզապես ապացույցները դեռևս բավարար չեն, և այդ պատճառով գործերը դեռ չեն ներկայացվել ՄԻԵԴ։

Նախնական տվյալներով՝ այդ թիվը գերազանցում է 100-ը։ Այս թիվը հեռախոսային խոսակցությունների, սոցցանցում շարժերի, տեսանյութերի, ականատեսների վկայությունների համադրման միջոցով է հաստատվել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ դրանցից 40-ով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնք եթե հաստատվեն, ապա այդ գործերը ևս կներկայացվեն ՄԻԵԴ։ «Կասկածելի դեպքերը չենք ներկայացնում այն պարզ պատճառով, որպեսզի միջազգային դատական ատյանում մեր դիրքերը չզիջենք։ Թույլ գործերը չենք ցանկանում ներկայացնել և վիճելիության տեղիք տալ։ Բայց այդ դեպքերի վերաբերյալ գերեվարված անձանց ընտանիքի անդամները տեղեկացնում են նաև Կարմիր խաչին, բայց մենք իրավական գործընթացներ չենք նախաձեռնում»,- ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո գերեվարման դեպքերին, փաստաբանն ասաց, որ այդ 10 գործով էլ գերեվարված անձինք նույնականացվել են, բայց այդ խնդրով ՄԻԵԴ-ում զբաղվում է կառավարությունը, բայց հայտնի է, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու համար, և այդ անձինք ևս գտնվում են Եվրոպական դատարանի հսկողության և պաշտպանության տակ։

Անդրադառնալով Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ռազմագերիների շահերից չի բխում նրանց վերաբերյալ Կարմիր խաչի փոխանցած տեղեկատվության հրապարակայնացումը, բայց այլ փաստերի միջոցով էլ է հնարավոր դառնում հիմնավորել խոշտանգումների և անմարդկային դրսևորումների դեպքեր, որոնք էլ ՄԻԵԴ ներկայացվելիք հիմնական գանգատում ներկայացվում են։ «Քանի որ նաև արդյունավետ գանգատ ներկայացնելու հնարավորություններն են սահմանափակ, ապացուցման բեռը փոփոխվելու է։ Մենք կանխավարկած ենք կառուցելու՝ հիմքում դնելով նախկինում ՄԻԵԴ-ի կողմից քննված դեպքերը, որոնցով ունենք նման խախտումներ հայերի առնչությամբ։ Դրանք համադրելու ենք մեր կանխավարկածի հետ, և ապացուցման բեռը փոխվելու է։ Կառավարությունը պետք է իր ձեռքի տակ եղած ապացույցներով հերքի հնարավոր խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։

Եթե Ադրբեջանի կառավարությունը չկարողացավ դատարանին փաստաթղթավորված ապացույց ներկայացնի, որ խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունքի չի եղել, ապա դատարանը մեր կանխավարկածը հաստատված է համարելու և պատասխանատվության է ենթարկելու նաև անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասով։ Ադրբեջանը առնվազն պետք է կարողանա ցույց տալ, որ պետությունից զրկելու առաջին պահերից անկախ մեխանիզմները կարողացել են նրանց տեսակցել, առողջական վիճակը կարողացել են փաստագրել, զննել են, հետքերի առկայությունը գրանցել են և այլն։ Եթե այդ բոլոր փաստաթղթերը ներկայացվեն բոլոր բժշկական փաստաթղերով, արձանագրություններով և խնդիրներ չառաջանան, դատարանը չի արձանագրի այդ փաստերը։ Բայց մենք կարծում ենք, որ համակարգված՝ առնվազն անմարդկային դրսևորումներ և առանձին դեպքերում խոշտանգումներ եղել են»,- ասաց փաստաբանը։

Սահակյանը նշեց նաև, որ իրենց դեպքեր են հայտնի, երբ գերեվարության մեջ արձանագրվել են մահվան դեպքեր և դրանք 1-2-ը չեն։ «Բացի 84-ամյա Միշա Մելքումյանի դեպքից, մենք այլ դեպքերի մասին ևս գիտենք՝ թե՛ քաղաքացիական անձանց շրջանակում և թե՛ զինվորականների։ Ավելին, կան դիակներ, որոնց մահվան հանգամանքները պարզվում են։ Նրանց մասով ևս կա կասկած, որ գնդակահարվել են գերեվարվելուց հետո։ Փորձագիտական եզրակացությունները ունենալուց, փաստերը համադրելուց հետո նաև կյանքի իրավունքի հարցերը կբարձրաձայնվեն։ Նման դեպքերի կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց խոսքը 1-2 դեպքի մասին չէ։ Շատ են նման դեպքերը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։